Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

2016-ին՝ 2008-ի համեմատ, Հայաստանում աղքատ մարդկանց թիվն ավելացել է

Դեկտեմբեր 06,2017 12:20
axqat

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016 թվականներին» զեկույցը:

Ընդհանուր ցուցանիշները վերլուծվել են՝ համեմատելով 2008-2016 թվականները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները:
Ըստ զեկույցի՝ 2016 թվականին՝ 2008-ի համեմատ, մեր երկրում աղքատների թիվն ավելացել է:

Աղքատություն

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեր երկրում 10 քաղաքացիներից 3-ը աղքատ է:

ԱՎԾ տվյալներով՝ 2015-ի համեմատ անցյալ տարի աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով եւ կազմել 29.4%, արդյունքում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել: 2016-ին, ըստ ԱՎԾ-ի, ինչպես նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 2008-ի աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով, 2008 թվականին ՀՀ բնակչության 27.6%-ն է աղքատ եղել, 2016-ին, կրկնենք՝ 29.4%-ը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ծայրահեղ աղքատությունը Հայաստանում կազմել է 1.8%: Սա չափվում է պարենային աղքատության շեմով, այսինքն՝ այս մարդիկ գոյատեւում են ամսական 23.313 դրամով: Շատ աղքատ է գնահատվել բնակչության 8%-ը: Շատ աղքատների ամսական եկամուտը կազմել է 33.418 դրամ: Իսկ 19.6%-ն էլ գնահատվել է աղքատ, եւ ինչպես ԱՎԾ-ն է արձանագրել, Հայաստանում 10 բնակչից 3-ը աղքատ է, նրանցից յուրաքանչյուրը գոյատեւում է ամսական ընդամենը 40.867 դրամով:
ԱՎԾ-ն, համեմատելով 2008-2016 թվականները, արձանագրել է՝ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.8%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց: 2016թ.-ին ընդհանուր աղքատության մակարդակը դեռեւս ավելի բարձր է 2008 թվականի մակարդակից 1.8 տոկոսային կետով (կամ 6.5%-ով), մինչդեռ ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել էր ընդամենը 0.2 տոկոսային կետով: 2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 հազար մարդ, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը մոտ 54 հազար մարդ է:

2016-ին քաղաքային եւ գյուղական բնակավայրերի աղքատության մակարդակի տարբերությունը փոքր է, քաղաքային աղքատությունը 28.8% է, գյուղական բնակավայրերինը՝ 30.4%, սակայն աղքատության մակարդակի տարբերությունը Երեւանում (24.9%) եւ երկրի այլ քաղաքներում (33.2%) մեծ է:

Աղքատությունը
մարզերում

Ամենաաղքատ մարզը տարիներ շարունակ մնում է Շիրակը, այստեղ բնակչության 45.5%-ը աղքատ է, ծայրահեղ աղքատ է բնակչության 3.7%-ը: Շիրակից հետո ամենաաղքատ մարզը Լոռին է, այստեղ բնակչության 35,8%-ն է աղքատ, իսկ ծայրահեղ աղքատ՝ 2.7%-ը: Տավուշի մարզի բնակչության 33.8%-ն է աղքատ, ծայրահեղ աղքատ՝ 1.9%-ը: Հաջորդ ամենաաղքատ մարզը Արմավիրն է, այստեղ բնակչության 30%-ը աղքատ է, իսկ ծայրահեղ աղքատ՝ 1.5%-ը: ԱՎԾ-ի ցուցանիշներով՝ 2008 թվականի համեմատ նշված մարզերում աղքատների թիվն ավելացել է: Օրինակ՝ Շիրակում 2008-ին բնակչության 42.4%-ն էր աղքատ, Լոռիում՝ 34.2%-ը, Տավուշում՝ 23.2%-ը, իսկ Արմավիրում՝ 24.5%-ը: Ինչպես ցուցանիշներն են փաստում, Արմավիրը առաջատար է աղքատ բնակչության ավելացմամբ:

Մանկական
աղքատություն

Պաշտոնական վիճակագրությունը թվերով փաստում է՝ Հայաստանում երեխաների ավելի քան 1/3-ն աղքատ է: Ըստ «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016 թվականներին» զեկույցի՝ 2016թ.-ին մինչեւ 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ը` աղքատության մեջ:
Ընդ որում, ԱՎԾ-ի հրապարակած փաստերի համաձայն, 2008 թվականի համեմատ՝ մեր երկրում աղքատ անչափահասները, ցավոք, շատացել են: 2008-ին մանկական աղքատության մակարդակը կազմել է 29.8%, մանկական ծայրահեղ աղքատությունը՝ 1.6%: Ապա այս ցուցանիշը՝ մանկական աղքատությունը, «սրվել է» 2011 թվականին՝ կազմելով 41.9%, իսկ մանկական ծայրահեղ աղքատությունը՝ 4.7%: Թեեւ մանկական աղքատությունը 2016-ին, 2011-ի համեմատ, նվազել է, սակայն 2008-ի համեմատ աճել է:
Մանկական աղքատության ցուցանիշով կրկին Շիրակի մարզն է առաջատարը. այս մարզում անչափահասների 50.9%-ը աղքատ է, ծայրահեղ աղքատ՝ 3.7%-ը: Մանկական աղքատության ցուցանիշով հաջորդ վատ ցուցանիշները գրանցվել են Կոտայքի մարզում, այստեղ մանկական աղքատությունը 42.6% է, մանկական ծայրահեղ աղքատությունը՝ 1.3%: Տավուշում եւ Գեղարքունիքում մանկական աղքատությունը 40% է: Տավուշում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.1%-ը, Գեղարքունիքում՝ 1.1%-ը: Լոռիում եւս բարձր է մանկական աղքատության ցուցանիշը՝ 39.3%, այստեղ երեխաների 3.4%-ը ծայրահեղ աղքատ է՝ համապատասխանաբար 33.1%՝ 36.0%-ի համեմատ:

Աղքատ անչափահասների բարձր մակարդակով հաջորդը Արարատի մարզն է, այստեղ երեխաների աղքատության մակարդակը 35.6% է, 1.7%-ը՝ ծայրահեղ աղքատ: Արմավիրի մարզում երեխաների 34.4%-ն է աղքատ, ծայրահեղ աղքատ՝ 1.7%-ը: Սյունիքի մարզում 24.4% է մանկական աղքատությունը, երեխաների 1.5%-ը աղքատ է ապրում: Մայրաքաղաք Երեւանում եւս մանկական աղքատությունը բարձր է՝ 27.4%, ծայրահեղ աղքատ է ապրում մայրաքաղաքի երեխաների 1.8%-ը: Վայոց ձորում աղքատ է ապրում երեխաների 24.4%-ը, 1.8%-ը՝ ծայրահեղ աղքատ, իսկ Արագածոտնի մարզի 11.7%-ն է երեխաների աղքատ, այստեղ ծայրահեղ աղքատ ապրող երեխա չկա:

Որքան կարժենա աղքատության հաղթահարումը

Զեկույցում նշված է՝ «Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության եւ ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031