Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՅՔԱՐԵՑ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հունիս 18,1998 23:28

Եվ միշտ կողմ էր փաթեթային տարբերակին

Թմրամոլությանը եւ թմրադեղերի ապօրինի շրջանառությանը նվիրված ՄԱԿ-ի 20-րդ հատուկ նստաշրջանին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը ԱՄՆ կատարած այցից հետո երեկ հանդիպեց լրագրողների հետ։

Հատուկ նիստում ելույթ ունենալով, պրն Օսկանյանը ներկայացրել է վիճակը Հայաստանում՝ նշելով, որ վերջին տարիներին ավելացել է թմրանյութերի մուտքը, եւ օգտագործումը կարող է վտանգել մեր ներքին կայունությունն ու անվտանգությունը։ Նյու Յորքում պրն Օսկանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ եւ ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Սակայն այս ներկայացումը կարելի է ավելորդ համարել, քանի որ պրն Անանը իր հատուկ բանագնացի միջոցով արդեն տեղյակ է եղել այդ դիրքորոշմանը։ Հանդիպել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լին Պասկոյի հետ եւ ստացել այնպիսի տպավորություն, որ ԱՄՆ-ում սկսել են լրջորեն վերաբերել հայկական կողմի դիրքորոշմանը, եւ միայն Ադրբեջանի կարծր դիրքորոշումն է խոչընդոտում բանակցային գործընթացի վերսկսմանը։ Այդ դիրքորոշումը կարող է ավելի կարծրանալ՝ Սենատի կողմից 907 սահմանափակիչ ակտի վերացումից հետո։ Կոնգրեսում քննարկվում է 907-ը ընդհանրապես վերացնելու տարբերակը կամ Մետաքսի ճանապարհի ակտի ընդունման միջոցով այն չեզոքացնելը։
Մետաքսի ճանապարհի ակտի ընդունումը նախատեսում է Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների համագործակցության ընդլայնում, եւ այդ ակտը գերակայելու է 907-ին։ Սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը մեկուսացնելու է Հայաստանը այս համագործակցությունից եւս։

Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է ԱԳՆ աշխատակից Միքայել Մալոյանի կողմից գումարներ հավաքելու եւ Իսրայել մեկնելու խնդրին, պրն Օսկանյանն ասաց. «Դժբախտաբար նման դեպք տեղի է ունեցել, սակայն նրա գտնվելու վայրը մեզ հայտնի չէ։ Իսկ համապատասխան մարմինները զբաղվում են այդ խնդրով»։ Պրն Մալոյանին նախարարն արդեն ազատել էր քարտուղարության պետի պաշտոնից նախքան ԱՄՆ մեկնելը, իսկ նրա հեռանալու մասին տեղեկացել էր արդեն ԱՄՆ-ում։ Այս դեպքը ԱԳՆ-ի համար ազդանշան է՝ հետագայում ավելի ուշադիր վերաբերելու աշխատակիցների ընտրությանն ու գործունեությանը։

Մեր այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ 98 թ. հունվարի 4-5-ը Անվտանգության խորհրդի նիստում պրն Օսկանյանը կողմ է եղել ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը, արտգործնախարարը նշեց, որ նիստում ինքը հստակորեն չի արտահայտվել Ղարաբաղյան խնդրի փուլային կամ փաթեթային լուծման տարբերակներից որեւէ մեկի օգտին։ Սակայն միշտ հակված է եղել փաթեթային լուծմանը, իսկ այսօր, ակնհայտ է, որ Հայաստանի դիրքորոշման հիմքում դրված է հարցի փաթեթային լուծումն առանց նախապայմանների։ Ղարաբաղի հարցում Հայաստանը պատրաստ է զիջումների, եւ այսօր չի պնդում ո՛չ Ղարաբաղի անկախության եւ ո՛չ էլ Հայաստանի հետ միավորման տարբերակների օգտին, ակնկալելով, որ Ադրբեջանն էլ կհրաժարվի Ղարաբաղը իր կազմում տեսնելու մտադրությունից։ Իսկ եթե Ադրբեջանը չգնա զիջումների եւ փորձի ժամանակ շահելով եւ իր նավթային ներուժը օգտագործելով հասնել հարցի ուժային լուծմանը, ապա Հայաստանը դա կարող է կանխել միայն Ղարաբաղի հետ միավորվելով, եւ ադրբեջանական ագրեսիային ընդհանուր ուժերով դիմագրավելով։ Իսկ զիջումներ, հավանաբար, կլինեն նախագահական ընտրություններից հետո, քանի որ ընտրարշավը թույլ չի տալիս Ադրբեջանի ղեկավարությանը նահանջելու վաղօրոք ամրագրված դիրքերից։

Թղթակիցներից մեկի հարցին, թե ԱՄՆ-ում քննարկվե՞լ է Մորգան Լիդիկի հարցը, պրն Օսկանյանը լայն ծիծաղեց, պատասխանելով՝ ո՛չ։ Չնայած այստեղ ծիծաղելու ոչինչ չկա, եւ իր արժանապատվությունը քիչ թե շատ հարգող երկրի արտգործնախարարությունը պարտավոր է բողոքել արտասահմանյան դիվանագետի՝ իր քաղաքացիների նկատմամբ դրսեւորած սադիզմի դեմ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930