Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հունիս 23,1998 00:00
xarnashpot

Աշխարհքաղաքականության, բոյսկաուտական պետականաշինարարության եւ այլի առնչությամբ

Այսպես չեն ապրում,

Այսպես մեռնում են մի դանդաղությամբ…

ՆԵՐԻՐ ՊԱՐՈՒՅՐ

Ինքնաոչնչացման արվեստում հավասարը չունենք: Հին ենք, չափազանց հին՝ հնագույն, մաշված: Զարմանալին ֆրանսիացու հերթական սեւսեւեթանքը չէ՝ տեսել ենք բազմիցս: «Չքնաղ երկիր իմ Կիլիկիո»-ն նրանց խղճի վրա է՝ հինգհարյուրամյա հետեւողականությամբ՝ եւ իհարկե մեր տգիտությամբ: Զարմանալին՝ հրճվանքն է: Երբեմն ստիպված ես. չէ՛ պարտավոր՝ հպարտանալ համազգային անհեթեթությամբ: Երբ քեզ ավարտուն կործանում են բերում, իսկ դու շնորհակալ ես, ուրախ, նույնիսկ երջանիկ: Հազար անգամ կվերադառնամ հանճարին՝ «հիմարությունը վտանգավոր է նրանով, որ հավակնում է արդարացված լինել՝ ես չգիտեի, չէի հասկանում»:

Չե՛ս հասկանում, մի՛ առաջնորդիր:

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում: Այլ կերպ կարելի է հավերժ Մովսես ձեւանալ եւ առաջնորդել՝ մինչեւ վերջին հայը: Եթե օտարն այդքան համոզված է, որ մենք անկարող ենք պահպանել անգամ այս ստորացուցիչ վերջինը, ուրեմն կովը երդիկից է տարվում: Մեկ միլիոն երեք հարյուր հազար քառակուսի կիլոմետր էթնոքաղաքակրթական տարածքին տիրապետած ժողովուրդը խցկվել է այս անկյունիկում (եւ իհարկե գետոներում) օտարի կողմից փաթաթված հայրենապաշտության նման կերպի պատճառով: Եթե Վրացյան ու Տասնապետյան եք տպագրում եւ չեք կարդում՝ դա դեռ արդարացում չէ, առավել եւս արդարացում չէ, եթե կարդում եք ու չեք հասկանում: Ոգեկոչեք ձեր բոլոր կուռքերին՝ միեւնույն է չեք կարող ժխտել, որ Օսմանյան կայսրության վեց հարյուրամյակում այդքան հայ չի զոհվել, որքան նովոչերկեսյան բանտախցերից, ռուսական Օխրանկայի թելադրած գիտակցությամբ (ՀՅԴ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ) ժողովուրդ առաջնորդած Դաշնակցության օրոք: Եւ եթե Թորային այդչափ գրագետ տիրապետող Տեր-Պետրոսյանը փակում-փրկում է թալմուդական ՀՅԴ-ն՝ չի նշանակում, որ ազատվել եք պատասխանատվությունից:

Ուշքի արե՛ք:

Կասեցնել չեք կարող, բայց եւ մի նպաստեք Ցեղասպանության «ճանաչման» շուրջ ծավալված այս ձեռնածությանը: Մեզ Հայրենիք է պետք, այլ ոչ թե նոր ցեղասպանությանը տանող հեքիաթներ: Որքան էլ հարգենք ժողովրդական ասացվածքները, այնուամենայնիվ, ստիպված ենք փաստել՝ կրկնությունը միշտ չէ, որ մայրն է գիտության: Հակառակ դեպքում ստիպված էինք լինելու համալրել գիտությունների ակադեմիաները նաեւ կրկնողության արվեստին անթերի տիրապետող ավստրալիական թութակներով, իսկ գրագողությունը ճանաչել իբրեւ մարդկային մտքի բարձրագույն թռիչք: Թեեւ ժամանակակից աշխարհում, հիմնականում, հենց այդպես էլ արվում է, ինքնապաշտպանության բնազդի ծխացող ածուխներից եւս մեկ կայծ պոկելով՝ գոչենք, խնդրենք, աղերսենք՝ դադարեցրե՛ք, պետականաշինարարության մանկապատանեկան զորավաժությունները եւ ուշադիր հայացք գցեք ձեւավորվող աշխարհքաղաքական իրավիճակի վրա: Հարկատուներից գանձվող դրամի եւ շատ այլ միջոցներով պահվող ԱԱՊՎ-ի համապատասխան ստորաբաժանումներին առաջադրանք տվեք վերհանել, ընթերցել, վերլուծել եւ գնահատական տալ 1991-1993թթ. (հետագան ձեզ ղուրբան) հետազոտական աշխատանքներին, ուր, մանրամասներով անգամ, ներկայացված է աշխարհքաղաքական զարգացումների տրամաբանությունը, ուր կա ե՛ւ Էրիթրեան, ե՛ւ Կոսովոյի անջատումը Սերբիայից, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության փլուզման անխուսափելիության հիմնավորումը, ե՛ւ Տաջիկստանում իսլամականների իշխանության գալը, ե՛ւ վերջապես այս թշվառ երկրի դատապարտվածության պատճառահետեւանքային հենքը: Դա ձե՛ր աշխատանքն է մեծարգո պարոնայք եւ ոչ մեկ պարտավոր չէ այն կատարել ձեր փոխարեն: Սարոյան Հայկը կասեր պետություն եք կոչվում՝ դրոշ ու զինանշան ունեք. ի՞նչ եք արել:

Երեկ մետաղ էիք ծախում, այսօր էլ Կոնյակի գործարանը. մեզ ի՛նչ:

Ռմբապաստարաններ կառուցե՛ք, որ վաղը, ոչ բարով ձեր հպատակները, իրենց երեխաներին թաքցնելու տեղ ունենան: Միեւնույն է համազգային միասնության այս կազմի պարագայում վատթարագույնից չենք խուսափելու: Երբ աշխարհով մեկ հարվածում են միեւնույն պարամետրերին համապատասխանող էթնոտարածքային միավորներին՝ կույր, խուլ կամ ազգասեր պետք է լինել չհասկանալու համար, որ համաձայն քո պարամետրերի՝ դու եւս թիրախ ես: Կրկին եւ կրկին հորդորում ենք քաղաքագիտական լիկբեզ (սՌՍՉՌՊՈՓՌ255 ոպջչՐՈՎՏՑվՏրՑՌ) կազմակերպել ազգային անվտանգության համար պատասխանատու բոլոր կառույցների վերին եւ միջին օղակների, հայրենասիրական թեքումով քաղաքական կազմակերպությունների առաջնորդների, հայրենանվեր սփյուռքյան հեղինակությունների եւ ընդհանրապես բոլոր նրանց համար, ովքեր վաղը արդարանալու են. չէինք հասկանում, ի՞նչ անենք:

Ճակատագրի հեգնանքն է սա, թե՛ պոետների արյան վճարը, որ խաղասեղանի վրա նետված մանրադրամ՝ Երկիր Նաիրին, ոչ մի իշխանավոր ավելի չսիրեց, քան ինքն իրեն կսիրեր: Օրեցօր ավելի ես համոզվում, որ պետականության մեր կերպը՝ գետոն է. վերեւները անվերապահորեն հնազանդ են դրսի հզորներին, որոնց օգնությամբ նաեւ՝ ներքեւներին անհաղթահարելի վախի մեջ են պահում արտաքին աշխարհի նկատմամբ, ինչը բացառում է սեփական կամքի ու ինքնուրույնության ցանկացած դրսեւորում: Իսկ դարերով մշակված գետոյի կոդեքսն իսկապես ընդունելի է համարում այն բնակեցնողների պարբերական զոհաբերությունը՝ հանուն իշխող կաստայի բարձրագույն շահերի, եւ կամ ընդհանրապես, ողջ գետոյի տեղահանությունը, բնականաբար, ի շահս նույն բարձրագույն շահերի:

Գետոն եւ պետականությունը անհամատեղելի են, քանզի առաջինը պահպանվում է, իր բնակիչներին մշտական փորձությունների ենթարկելու շնորհիվ, նրանց հնազանդության ապահովման հաշվին, իսկ պետականությունը ծառայում է իր քաղաքացիների անվտանգության ապահովմանը եւ նրանց փորձություններից առանվելագույնս հեռու պահելու գործին: Ուստիեւ զարմանալի ոչինչ չկա, որ գետոյի ղեկավարությունը, անկախ կոնկրետ դեմքերից, ազգային անվտանգության հարցերով չի զբաղվել, չի զբաղվում եւ չի զբաղվելու, այլ ազգայնական հիստերիան տժտժացնելով ամրագրելու է ինքնահոս վիճակը, մինչեւ այն ժամանակ, երբ կրկին կարելի կլինի կորսված հայրենիքի ու հազարների արյան վրա հանգիստ արդարանալ՝ չէինք հասկանում, ի՞նչ անենք:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

08.06.1998

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930