Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 6.

Նոյեմբեր 14,1998 00:00
Shekoyan

Նախկինների գործունեության գնահատականի պահանջատիրությունը

Վերջերս ՔԽ-ի, ՀՅԴ-ի, մինչեւ իսկ ՀՌԱԿ-ի ու էլի շատերի կողմից ավելի հաճախ է բարձրացվում նախկին իշխանությունների գործունեությանը գնահատական տալու պահանջը։ Հետաքրքրականն այն է, որ վերոհիշյալ կազմակերպություններն ու այլ մանր-մունրները դույզն-ինչ չեն էլ կասկածում, որ նախկինների գործունեությանը տրվելիք ՀՀ նախագահի գնահատականը կարող է միանշանակորեն դրական լինել։ Այդ դեպքում ինչպիսի՞ պահվածք պիտի որդեգրեն սույն կազմակերպությունները. մտածե՞լ են արդյոք այդ մասին։ Պիտի «ապելյացիոն» հանձնաժողով կազմեն եւ վերանայե՞ն նախկիններին տրված գնահատականը։ Թե՞ վերստին պիտի ընդդիմություն դառնան։ Միգուցե դրա՞ համար են նրանք իրենց մի ոտը դրել նախագահի պալատում, իսկ մյուսը համառորեն չեն կտրում Ազատության հրապարակից։ Չե՞ն վախենում, որ այդ դիրքով մի քիչ երկար մնալու դեպքում կարող են պարզապես ճողվել։ Ամեն դեպքում՝ ՀՅԴ քարոզչական հարյուրամյա հզոր մեքենան, ուզի թե չուզի, պիտի կարեւոր ու ժամանակակից փորձության ենթարկվի։

Համաձայնվեք, որ հեշտ չէ Հայաստանի ողջ չափահաս ազգաբնակչությանը (ինչպես նաեւ՝ ի Սփյուռս աշխարհին) համոզիչ բացատրելով հասկացնել, որ բոլոր ժամանակների բոլոր մարզպետներից միայն մեր հայրենակից Հրայր Կարապետյանն է մաքուր ու նիհար մնացել, եւ միայն վերջինիս վստահված մարզն է ընդամենը մի քանի ամսում կատարյալ դրախտի վերածվել։ Դժվար խնդիր է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ հիմնավորապես խաբված մեր ժողովրդին արդեն ի վիճակի են համոզել համոզելու արվեստի ամենամանրամասն նրբերանգներին տիրապետողները միայն։

Արդյո՞ք ՀՅԴ-ն ի վիճակի է ինքն իրեն այսաստիճան նրբացնել ու մոդեռնիզացնել։ Իրականում ոչ թե դաշնակցականներն են քանակությամբ ահռելի, այլ՝ պաշտոններն են անհուսալիորեն քիչ։ Եվ եթե այսուհետ եւս Դաշնակցությունն ընդամենը իր մի քանի անդամներին պաշտոնով ու փողով ապահովի՝ մնացածներին շնորհելով միայն «մահ իմացյալ» կոչվող սերտիֆիկատները, ապա շատ շուտով մեր այս ավանդական կուսակցությունն էլ լուրջ ու խորը ճաքեր կտա։ Եվ թող մեր այսօրվա կուսակցություններից որեւէ մեկը չպարծենա, որ Կոմկուսի պես, տեւականորեն իշխանության ղեկին մնալով ու իր շարքային մեծամասնությանը պաշտոններ ու մեծ փողեր չտալով հանդերձ, կարող է 70 տարի շարունակ ոչ միայն գոյատեւել, այլեւ՝ իշխել։ Այդպիսի բան բնության մեջ գրեթե հնարավոր չէ, եւ հավանաբար այդ պատճառով էր Կոմկուսը տարիներ շարունակ բնության ու բնականության դեմ պայքարում։

Ասվածն, իհարկե, բնավ չի նշանակում, թե մեր կուսակցություններն ու մենք այս վերջին տասը տարիների ընթացքում բնության դեմ չենք գնացել. ընդհակառակ, լավ էլ գնացել ենք, բայց գնացել ենք տարերայնորեն ու անկանխամտածված։ Նախկինների գործունեության գնահատականը պահանջող կուսակցական ու անկուսակցական մարդիկ, չնայած պահանջի միասնականությանը, խիստ տարբեր են իրարից. նրանց մեջ կան նախկին ու ներկայիս կոմունիստներ, նախկին հհշականներ, ՀՀՇ-ի օրոք զրոյից մինիստր դարձածներ, ՀՀՇ-ի շարժմանն ակտիվորեն մասնակցած, բայց պաշտոն չստացածներ, հարուստներ ու աղքատներ, շահածներ ու տուժածներ, հեղափոխությամբ ծնվածներ ու հեղափոխությամբ մեռածներ, սովետահայ ՊԱԿ-ի հաստիքների կրճատման հետեւանքով փողոցում մնացածներ, ովքեր մեծ ուշացումով ու մեծ եռանդով սկսել են ինտեգրվել մանր ու մեծ կուսակցությունների աշխատանքներին։ Եվ՝ էլի շատ ուրիշներ։

Նախկինների գործունեության գնահատականն իսկապես անհրաժեշտություն է, ավելի ճիշտ՝ անհրաժեշտություն էր, եւ դա պիտի արվեր առնվազն Կոնյակի գործարանի, «Արմենիայի» ու մյուս ամենահամեղ պատառների օտարումից շատ առաջ, որպեսզի կանխվեին այս եւ սպասվելիք այլ դարակազմիկ գործարքները։ Ինչպե՞ս պիտի այսօրվա իշխանությունները նախկինների տնտեսական գործունեությանը գնահատական տան, եթե այս ութ ամիսների ընթացքում, բացառությամբ պրոգրեսիվ վիճակագրական թվերի, տնտեսության մեջ որեւէ ձեռքբերում չեն արձանագրել։ Ինչպե՞ս պիտի նորերը գնահատական տան հների քաղաքական գծին, եթե նորերի քաղաքական գիծն առնվազն չի նշմարվում։ Եթե մենք պայմանավորվում ենք բոցաշունչ ելույթները համարել արտաքին քաղաքականության ձեռքբերում, ապա ինչո՞ւ նույն Օսկանյանը շուտ չէր սկսում։ Թե՞ Ալիկ Արզումանյանն էր արգելում։ Եթե արգելում էր, ի՞նքն ինչու էր բոցաշունչ ելույթներ ունենում Կոպենհագենում։ Զանգն ո՞վ պիտի կախի վերջապես։ Եվ ո՞վ պիտի բռնի կատվի քամակից։ Եվ ո՞վ պիտի վերջնականապես ճշտի, թե կատուն ո՞ր մեկն է. Ամերիկա՞ն է, թե՞ Իսրայելն է, թե՞ Թուրքիան ու Ադրբեջանն են, թե՞ վերջերս նաեւ Վրաստանն է։ Թե՞ կատուն ողջ աշխարհն է՝ Իրաքն ու Իրանը չհաշված։ Արգենտինան էլ չհաշված։ Սիրիան, Հունաստանն ու Բուլղարիան էլ։ Ռուսաստանի մասին էլ չենք խոսում։ Էսքանս, ուրեմն, ախպեր ենք։

Այսինքն՝ արտաքին քաղաքականության եւ ազգամիջյան անվտանգության գծով մենք խնդիրներ գրեթե չունենք։ Մեր միակ խնդիրը, փաստորեն, նախկին իշխանությունների գործունեությանը սպառիչ գնահատական տալն է։ Սկզբնական շրջանում, ուրեմն, ընդհանուր գնահատական պիտի տրվի, իսկ այնուհետեւ՝ մանրակրկիտ, գործ առ գործ։ Առավել մաքսիմալիստները պնդում են, որ պիտի պատժվեն անխտիր բոլոր օրինախախտները։ Առավել խղճովները համաձայնվում են, որ չի կարելի բոլորին անխտիր պատժել, որովհետեւ, վերջիվերջո, այս վերջին տասնամյակում մեր չափահաս բնակչության մեծ մասը ստիպված է եղել օրինախախտության գնալ։ Այսինքն, էս գլխից իրենք իրենց հանում են սեւ ցուցակից։ Այսինքն, իրենց հանելով ցուցակից եւ դրանով չբավարարվելով, ոմանք հույս ունեն նաեւ ցուցակները կազմողի իրավունքներ ձեռք բերել։ Այս աղմուկն, իհարկե, քամի է ընդամենը, եւ բնակչության սպառողական զամբյուղներն այս քամիներով դժվար կլինի տեւականորեն լեցուն պահել։ Այնպես որ, նոր իշխանավորները թող այսօրվանից սկսեն մաքուր աշխատել (եթե, իհարկե, այդքան շատ են ուզում), եւ այդ դեպքում ժողովուրդն ինքը, նշմարելով հների ու նորերի տարբերությունը, ոչ թե կպահանջի, այլ կստիպի (ում որ հարկն է) գնահատական տալ նախկիններին։

Իսկ եղած-չեղած ողջ ճշմարտությունն առայժմ հետեւյալն է. Ռ. Քոչարյանը, չնայած փետրվարյան դեպքերի որոշ սրությանը, Լ. Տեր-Պետրոսյանի բնական ու հարազատ ժառանգորդն է, եւ նրանք, ուզեն թե չուզեն, միանգամայն հավասարակշռում են իրար՝ իրենց լավով ու մանավանդ վատով։ Եվ այս պարզ ու հասարակ ճշմարտությունը չընկալող մեր գործիչները մշտապես ծիծաղելի վիճակում են հայտնվելու եւ ժամանակ առ ժամանակ ծիծաղելիորեն փորձելու են վերադառնալ Թատերական հրապարակ՝ վերստին ապականելու այնտեղի օդը, չհասկանալով, որ այնտեղ վաղուց արդեն մարդիկ իրենց շներին մաքուր օդի են հանում։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30