Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեք ու հանգիստ քնեք

Ապրիլ 06,1999 00:00
Davit Vardanyan

Այս հոդվածը գրել եմ՝ հետապնդելով մեկ նպատակ։ Ընտրություններից առաջ մենք բոլորս պետք է իմանանք, թե ով ով է, մասնավորապես ընդդիմության որ մասն է իրական ազնիվ ընդդիմություն, եւ որն ընդամենը գովազդում է, որ ինքը ընդդիմություն է։

Խոսքը գնալու է ԱԺՄ կուսակցության վարչության անդամ պարոն Դ. Վարդանյանի մասին, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։

Ամիսներ առաջ ազգային հեռուստատեսությամբ պրն Դավիթ Վարդանյանը համարյա բողոքում էր, թե իրեն չեն դիմում բողոքներով՝ Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության մարմինների կողմից խախտումներ կատարելու դեպքում։

Նշյալ հեռուստածրագրում Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության մարմինների դեմ բողոքների բացակայության հանգամանքը պարոն Դ. Վարդանյանը բացատրեց քաղաքացիների վախով՝ իրավապահ մարմիններից։ Ուզում եմ հանգստացնել բողոքավոր քաղաքացիներին՝ մի՛ վախեցեք, գրեք բողոքներ, միեւնույն է պրն Դ. Վարդանյանը դիմումներին պատասխան չի տալիս։ Չէ՞ք հավատում։ Այս հոդվածի հեղինակը, հավատալով Դ. Վարդանյանի «հեռուստատեսային հետեւողականությանը» եւ ունենալով բողոք Ներքին գործերի ԱԱ նախարարության վերաբերյալ, ուղարկում է համապատասխան դիմում՝ հասցեագրված ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար պրն Դ. Վարդանյանին։ Դիմումը ուղարկվել է 1999 թ. փետրվարի 12-ին։ Մինչեւ այսօր չկա ոչ մի գրավոր պատասխան պրն Վարդանյանից։ Այնպես որ, գրեք, հարգելի համաքաղաքացիներ, գրեք եւ գիշերները հանգիստ քնեք, միեւնույն է պրն Դ. Վարդանյանը պատասխան չի տալու։ Հնարավոր է պրն Վարդանյանը հենց ինքն է վախենում որեւէ մեկից, ասենք՝ նույն իրավապահ մարմիններից։ Այստեղ, հարգելի ընթերցող, ես պետք է դիմեմ արդեն հենց իրեն՝ պրն Վարդանյանին։

Պրն Վարդանյան, մյուս անգամ հեռուստաեթերում պետք չէ գովազդել ձեր հետեւողականությունը եւ խիզախությունը, պետք չէ մեղադրել ձեր համաքաղաքացիներին վախկոտության մեջ, նրանք (նրանց մեջ նաեւ ես) 1996 թ. ընտրություններին ձայները տվեցին ձեր կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանին եւ հետո դուրս եկան փողոց եւ պահանջեցին իշխանություններից ճշմարտություն։ Ի դեպ՝ ընդունեք մի բարի խորհուրդ. հրաժարվեք այդ պաշտոնից, մի սեւացրեք ձեր կուսակիցներին ձեր թերի աշխատանքով։ Համոզված եմ, հնարավոր չէ մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել՝ լինել ընդդիմության անդամ եւ լինել իշխանության մեջ։ Չեմ կասկածում, որ ձեր կուսակցական զինակիցներից շատերը գոհունակությամբ կընդունեն ձեր հրաժարականը։ Հակառակ դեպքում, մնալով այդ պաշտոնում, դուք կհաստատեք եւ հաստատում եք ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի այն միտքը, որ ԱԺՄ-ն «նշանակովի ընդդիմություն» է։

P. S. Մարտի 29-ին ես զանգահարեցի պրն Վարդանյանին եւ արտահայտեցի իմ դժգոհությունը։ Հետեւեց հեգնանքով պատասխան. «Սպասեք եւս 46 օր»։

Ե. ԷՐԶՐՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության անկուսակցական քաղաքացի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930