Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՐԱՄԿԱԶՄԻ ՀՈՒՍԱՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ

Հուլիս 10,1999 00:00
partatomser

Հայոց ֆինանսական տունը ակնհայտ կռիվ է ընկել։ Այսօր դժվար է պարզել՝ կռիվը բյուջեում անակնկալ հայտնված 20 մլրդ դրամանոց դեֆիցիտի՞ արդյունք է։ Թե՞ դեֆիցիտն ինքն է կռվի արդյունք։ Կարեւորն ամենեւին էլ սա չէ։ Կարեւորը պետական ֆինանսների ոլորտի հրամկազմի իրարամերժ հայտարարություններն են։

Կռիվ-կռիվ խաղի մեջ կամաց-կամաց ներքաշվում է լրատվության ոլորտը։ Նախ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Երիցյանը «Բիզնես սնարքին» տրված հարցազրույցում ռիսկային համարեց պետական կարճաժամկետ պարտատոմսերը։ Հետո՝ տարածված լուրերի համաձայն, հերքեց, որ նման բան է ասել։

Պետական կարճաժամկետ պարտատոմսերի (ՊԿՊ) նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ՝ հատկապես ռուսաստանյան ճգնաժամից հետո։ Երկար ժամանակ մեր ֆինանսական գործիչները զգուշորեն էին օգտագործում այդ արժեթղթերը։ ՊԿՊ-ները չէին դիտվում որպես բյուջեի դեֆիցիտը ծածկելու միջոց։ Դրանք միայն օպերատիվ փողեր էին ապահովում կառավարության համար։ Աննախադեպ ֆինանսական խնդիրները ստիպեցին փոխել ՊԿՊ-ների շուկայում տարվող քաղաքականությունը։ Հավանաբար դրանք հիմա դիտարկվելու են որպես դեֆիցիտը մեղմելու աղբյուր։ Դա դժվար չէ նկատել ԿԲ-ի Տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ. «Նախորդ երկշաբաթյա ժամանակահատվածում բյուջեն լրացուցիչ հոսքեր տնտեսություն բաց չի թողել, այսինքն՝ ծախսերն իրականացվել են եկամուտների շրջանակներում, իսկ հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածում նախատեսվում է ՊԿՊ-ների զուտ դրական տեղաբաշխում, որը կհանգեցնի իրացվելիության կրճատման։ Սակայն վերջինս նախորդ ժամանակաշրջանում կանխիկի զգալի կրճատումից հետո կարող է խնդիրներ ստեղծել ՊԿՊ-ների տեղաբաշխման եւ իրացվելիության կառավարման առումով»։ Սույն երկար ու մի փոքր անհարթ մեջբերումի վերընթերցումից հետո կարելի է ենթադրել, որ ԿԲ-ն հակված չէ հանգիստ ընդունել ՊԿՊ-ների ծավալի (ներքին պարտքի) ընդլայնումը։ Իսկ ֆինանսների նախարարությունը՝ հակառակը։

ՊԿՊ-ների տեղաբաշխման ցուցանիշներով՝ շահութաբերությունն աճում է։ Այսինքն՝ կառավարությունը ստիպված է ավելի թանկ գնով դրամական միջոցներ ներգրավել։ Պատճառներ կարելի է շատ թվարկել։ Վերջում կարծում ենք, որ պարտադիր է նշել երկրի ֆինանսական հրամկազմի իրարամերժ հայտարարությունների դերը։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ԿԲ-ի «բացասական» դիրքորոշման շրջանում փոխվել է ֆինանսների նախարարը, ուրեմն այդ դիրքորոշումը սկզբունքային է եւ կապված չէ անձերի հետ։

ԿԲ-ն ծրագրել է դրամական բազայի կրճատում եւ կանխատեսում է դժվարություններ «տեղաբաշխման եւ իրացվելիության կառավարման հարցում»։ Պարզ է, որ կանխիկ գումար չլինի՝ հաց գնելու փող չի լինի, ուր մնաց՝ արժեթուղթ։ Մյուս կողմից ֆիննախարարությունը վստահ է։ Գանձապետ Արամ Ղարիբյանը նշեց, որ դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն դրամական բազան եռամսյակ-եռամսյակ աճելու է, անկախ ԿԲ-ի վարած քաղաքականությունից։ Այն չի կարող պակաս լինել ծրագրային ցուցանիշներից։

Եվ այսպես, հայոց ֆինանսական տունը կռիվ է ընկել։ Սպասենք արդյունքներին։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031