Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒ ՇԱՀԵՆ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԸ «ՃՆՇՈՒՄ» ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 21,1999 00:00
levon mkrtchyan

Հարկ էր լինում Լեւոն Մկրտչյանին նույն հարցը երկու-երեք անգամ տարբեր ձեւերով տալ, մինչեւ փոքրիշատե որոշակի պատասխան էր հնչում։ Նա չէր ցանկանում արդեն մեկամսյա վաղեմության այս պատմության մասին հիշեցումով նորից բորբոքել փոքր-ինչ մարած հրդեհը կաթողիկոսական ընտրություններին պետության միջամտության առիթով։

«Ներկայումս, երբ ընտրություններն արդեն թեւակոխում են իրենց նախապատրաստման վճռական փուլ, պատգամավորներն ընտրված են եւ հոկտեմբերի 21-ին կայանալիք ժողովը վերջնականապես կճշտի ընտրության օրը՝ թերեւս կարելի է ձեռնպահ մնալ այս թեման արծարծելուց»,- այսպես նա պատճառաբանեց առանձնապես չծավալվելու իր ձգտումը։

Սակայն այդ հանդիպումը 6 եպիսկոպոսների հայտարարության եւ ամենատարբեր շահարկումների տեղիք տվեց, ուստի պարզաբանումներն անհրաժեշտ էին, թե ինչպես էր ընթացել այդ զրույցը, ինչ ձեւով էր մատուցվել Գարեգին արքեպիսկոպոսը՝ որպես պետության համար նախընտրելի թեկնածու տեսակետը։ «Ի պաշտոնե զրույցներ բազմիցս եղել են հոգեւոր առաջնորդների հետ եւ նրանց փոխանցվել եւ ստացվել են տարբեր տեսակետներ։ Խնդրո առարկա այդ այցելության ժամանակ զրույցը նույնպես ընթացել է ոչ պաշտոնական մթնոլորտում, սեղանի շուրջ եւ կրել է փոխադարձ խորհրդակցության բնույթ, որտեղ երկուստեք արտահայտվել են որոշակի տեսակետներ»,- Լեւոն Մկրտչյանի այս զգուշավոր ձեւակերպումները խիստ հիշեցնում էին պաշտոնական հաղորդագրությունների նախասիրած կաղապարը՝ «քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Շարունակությունն էլ մխիթարական չէր. «Տեսակետներ են արտահայտվել ոչ միայն կաթողիկոսական ընտրությունների կամ կաթողիկոսի թեկնածուների, այլեւ մեկ ժամ զրույցն ընթացել է հայ եկեղեցու եւ պետության հարաբերությունների մոդելավորման խնդիրների շուրջ, քննարկվել են տարբեր կրոնական գաղափարախոսությունների Հայաստանում տարածման հարցերը, պետական կառույցի գործունեության դաշտի հետ առնչվող խնդիրներ, սբ. Էջմիածնին աջակցելու, պետական աջակցությունը ցուցանելի դարձնելու հասարակության համար՝ այսպիսի հարցեր։ Իսկ զրույցի մի որոշակի հատված արդեն վերաբերվել է խնդրո առարկա խնդիրներին։ Արտահայտվել են մեր տեսակետները եւ փոխարենը սրբազան պատրիարքն ու Ներսես սրբազանն իրենց տեսակետն են արտահայտել, նույնպես անուններ տվել՝ ովքեր են իրենց համար նախընտրելի»։

Սա արդեն հետաքրքիր է, քանզի տպավորություն ունեինք, թե ե՛ւ կաթողիկոսական տեղապահը, ե՛ւ Պոլսո պատրիարքը մերժելով պետության թեկնածուին՝ իրենք իրենց էին առավել հարմար դիտում Վեհափառի գահի համար։ Ուրեմն, ի՞նչ այլ թեկնածուների անուններ են նրանք տվել՝ մեր այս հարցին Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Հնչել են տարբեր անուններ, այդ թվում նաեւ իրենցը՝ իբրեւ թեկնածուներ, բնականաբար»։

Հաջորդ հարցն այն էր, թե արդյոք այդ զրույցի ընթացքում Գարեգին արքեպիսկոպոսին նախապատվություն տալու վերաբերյալ տեսակետը ներկայացվե՞լ էր որպես Անվտանգության խորհրդի որոշում։ Պատասխանն էլի դիվանագիտական էր. «Կենդանի զրույց է եղել, թե հայ եկեղեցու հետ առնչվող խնդիրները, ինչպես եւ մյուս գլոբալ խնդիրները պարբերաբար կարող են քննարկվել նաեւ Անվտանգության խորհրդում»։

Լեւոն Մկրտչյանն ընդհանրապես չանդրադարձավ այն պնդումներին, թե իբր իրենք մնացյալ արքեպիսկոպոսներից աջակցություն են պահանջել, հայտարարելով, թե հակառակ դեպքում կհրապարակվեն անհնազանդների վերաբերյալ վարկաբեկիչ «դոսյեները»։ Սակայն այլ աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, խոսքը վերաբերել է միայն ԱԽ-ում բոլոր թեկնածու եպիսկոպոսների կենսագրականներն ուսումնասիրելուն։ Ինչեւէ։

Հեռուստալրագրողների քառյակի հետ վերջին զրույցում Ռոբերտ Քոչարյանն այլեւս միայն հավաստիացումներ չարեց, թե չի միջամտելու կաթողիկոսական ընտրություններին, այլ բացահայտեց, թե խոստացածի պես՝ ինքն իր կարծիքն է հայտնել։ Պրն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ զրույցը նախաձեռնել էին հենց հանրապետության նախագահի տեսակետը փոխանցելո՞ւ համար։ «Այդ զրույցի ընթացքում նախատեսված չէր նախագահի պաշտոնական տեսակետի փոխանցումը՝ այդպիսի խնդիր չէր դրվել եւ դրա ձեւը դա չէր։ Իր տեսակետը նախագահը փոխանցեց անմիջապես հոգեւոր առաջնորդների հետ զրույցի ընթացքում»։

Ի դեպ, պրն Մկրտչյանը վկայեց, թե նախագահի հետ հանդիպման ավարտին հոգեւոր առաջնորդները բավարարվածություն էին հայտնել, թե ստացան այն հավաստիացումները, որոնք ակնկալում էին. «Թե դրանից հետո ինչպես մեկնաբանվեց, կարծում եմ, նախընտրական շրջանի արտահայտությունն էր»։ Իսկ միգուցե ենթադրական պատճառն այն էր, թե պետական եւ ուժային լծակներով ընտրությունների վրա չներազդելու մասին խոստումները չիրականացվեցի՞ն։

Ի վերջո, գուցե, ասենք, մարզպետների շահագրգիռ միջամտության պատճառները նաեւ այն ասեկոսենե՞րը պիտի դիտել, թե Լուիզ Սիմոն-Մանուկյանը որոշ գումար է խոստացել պետությանը՝ ընտրություններում Գարեգին արքեպիսկոպոսի հաղթանակի պարագայում. «Առաջարկում եմ նման բամբասանքներով չվիրավորենք պետությանը եւ ազգային բարերարներին, որոնք այնքան արժանապատվություն ունեն, որ այս խնդիրներն այդպիսի հարցերով չպայմանավորեն։ Ես վստահ եմ, որ նման վտանգավոր մոտեցումները նաեւ պիտի հրապարակայնորեն դատապարտվեն»։

Լեւոն Մկրտչյանն իր այս ժլատ մեկնաբանությունների դիմաց խոստացավ. «Ընտրություններից հետո արդեն ավելի հանգիստ, ոչ նախընտրական մթնոլորտում պարզաբանումներ կտրվեն եւ ամեն ինչ կդրվի իր տեղը»։

Իսկ առկա լարված իրավիճակը նկատի առնելով՝ կաթողիկոսական ընտրությունները հետաձգելու առաջարկների առնչությամբ էլ, որոնց առաջատարը ՀՅԴ-ն է, ասաց. «Դա միմիայն Հոգեւոր գերագույն ժողովի խնդիրների իրավասության շրջանակում է։ Առայսօր կարծեմ մի ընդհանուր մթնոլորտ կա, թե հետաձգելու ոչ մի պատճառ չկա։ Հատկապես, որ պետք է շատ լուրջ եւ հավասարակշռված հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու այսօր իբրեւ ազգ ու ժողովուրդ չենք կարող ընտրել մեր 132-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Մանավանդ, որ 2000 թվական ենք մտնում՝ Քրիստոսի ծննդյան տարին է ու պիտի նաեւ աշխարհին կարողանանք բացատրել, թե ինչով է պայմանավորված մեր որոշումը»։

Եվ մեր հոգեւոր առաջնորդներն ու ժողովում աշխարհիկ 3 ներկայացուցիչներն այսօր այս հարցի վերաբերյալ իրենց վճռական պատասխանը կասեն՝ հուսով ենք, որ այն անձնական հավակնություններից եւ նման շահախնդրություններից վեր կլինի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ․ Այնուամենայնիվ, հետաքրքիր վիճակ է այսօր ՀՅԴ-ում՝ պետական պաշտոնյա կուսակցականը «միջամտում» է ընտրություններին, իսկ կուսակցությունն այդ միջամտության հետեւանքով ստեղծված անառողջ մթնոլորտը նկատի առնելով՝ կոչ է անում ընտրությունները հետաձգել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031