Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾՎԱԾ ՍՏԱԽՈՍԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Դեկտեմբեր 18,1999 00:00
alik harutyunyan

Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, ՀՀԿ խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք առկա ապացույցները բավարա՞ր են նրա պաշտպանյալի խափանման միջոցը կալանքն ընտրելու համար։

Պրն Սահակյանը պատասխանեց, որ իր տրամադրության տակ են մասնավորապես Ալեքսան Հարությունյանի ցուցմունքները, նրա եւ Նաիրի Հունանյանի առերեսման արձանագրությունը. «Դրանց համակցությունն ու նաեւ իմ փորձն ինձ հնարավորություն են տալիս միանշանակ պնդելու, որ Ալեքսան Հարությունյանը որեւէ առնչություն չի ունեցել կատարված ոճրագործության հետ։ Տվյալ պարագայում մեղադրանք առաջադրելը համարում եմ անհիմն։ Եվ եթե անգամ այն առաջադրվի էլ, գտնում եմ, որ որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն ներկայացնելը նույնպես անհիմն կլինի։ Անգամ եթե ընդունենք, որ Ալեքսան Հարությունյանը հանցանք կատարել է, ո՞վ ասաց, թե ազատության մեջ հայտնվելով նա կփախչի։ Եթե Աշոտ Բլեյանի եւ մյուսների մասին ադքան թմբկահարվում է, որ չեն փախչի՝ Ալեքսան Հարությունյանն առավել եւս չի փախչի»։

Ի դեպ, «Հայոց աշխարհը» հրապարակել էր, թե Նաիրի Հունանյանը առերեսման ժամանակ ցուցմունք էր տվել Հայկ Բաբուխանյանի դեմ, թե այսինչ օրն ու այսինչ վայրում իրենից համապատասխան հրահանգներ է ստացել։ Սակայն Հայկ Բաբուխանյանը քննիչներին էր ներկայացրել իր արտասահմանյան անձնագիրը. «Համաձայն որի, Ն. Հունանյանի հետ «հանդիպման օրը», դրանից մի քանի օր առաջ եւ հետո ԱԺ պատվիրակության կազմում ինքը գտնվել է Ավստրիայում»։

Ենթադրելի է, որ Ալեքսան Հարությունյանի դեմ էլ էր նույնաբովանդակ ցուցմունք տրվել, քանզի փաստաբանը զուգահեռ անցկացրեց այս երկու իրողությունների միջեւ. «Եթե հանկարծ չպարզվեր, որ Բաբուխանյանը գտնվել է արտասահմանում՝ նա անպայման կձերբակալվեր, նրան մեղադրանք կառաջադրեին։ Բայց ուրեմն սո՛ւտ է ասում Նաիրի Հունանյանը, այդ մարդն ունակ է ստելու, գործում է նրա պաշտպանական բնազդը։ Եվ համենայն դեպս, իմ պաշտպանյալն իր ցուցմունքներում մի քանի պատճառներ է բերել, թե ինչու է Հունանյանը զրպարտում իրեն»։

Ռուբեն Սահակյանը ԱԱՆ մեկուսարանում հանդիպել էր Ալեքսան Հարությունյանին եւ նրա վիճակը բնորոշեց որպես հանիրավի մեղադրվածի հոգեվիճակ։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Նաիրի Հունանյանը բռնարարքների ազդեցությամբ է ակնկալվող անունները տալիս, Ռուբեն Սահակյանը կոչ արեց դատախազությանը, որ նման կասկածները փարատելու համար մեկուսարան մի այց կազմակերպվի՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների, մի լրատվամիջոցի եւ փաստաբաններից մեկի մասնակցությամբ. «Կամ թող հեռուստախցիկի առաջ այդ ահաբեկիչները հայտարարեն՝ իրենց ծեծե՞լ են, թե՞ ոչ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031