Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍՈՎ ՍՊԱՍԵՆՔ ՋՐԻՆ

Հոկտեմբեր 25,2000 00:00
jur

Օրերս Երեւանում էին մայրաքաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի «Կառավարման պայմանագիրը» ՀԲ-ի մրցույթով շահած իտալական «ԱՇԵԱ» ընկերության ղեկավարները։

«ԱՇԵԱ»-յի արտասահմանում զարգացման ծրագրերի տնօրեն Անդրեա Բոսորոյի հետ «Առավոտի» հանդիպման նպատակը ջրամատակարարման հետ առնչվող խնդիրների մասին «от первых уст» լսելու ցանկությունն էր։

– Այսօր որեւէ բան փոխվե՞լ է ջրմուղ-կոյուղում։

– Այսօր մենք ավելի օբյեկտիվ հիմքերի վրա ենք։ Հիմա տեսնում ենք, որ հնարավոր է քայլ առ քայլ լավացնել վիճակը։

– Ջրմուղի՞, թե՞ ջրամատակարարման։

– Ե՛վ մեկի, ե՛ւ մյուսի։ Ճանապարհներ ենք փնտրում։ Այս այցելության ընթացքում հանդիպեցինք Երեւանի քաղաքապետի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, ՀԲ-ի ղեկավարության հետ։ Փորձում ենք համագործակցել, լուծման ուղիներ ենք փնտրում։

– Այն գումարը, որ տրվել է ՀԲ-ի կողմից, բավարա՞ր է անհրաժեշտ աշխատանքները կատարելու համար։

– Նախ՝ մի փոքր պարզաբանում։ Մեր ընկերությունը չի գնել ձեր «Ջրմուղ-կոյուղին»։ Մենք չենք հանդիսանում ոչ դրա սեփականատերը, ոչ էլ գումարներ ներդնողը։ Մենք ստացել ենք այդ ՊՓԲԸ-ի կառավարումը։ Մենք տարիների փորձառություն եւ աշխատանքային ստաժ ունեցող ընկերություն ենք, որ որոշակի գումարի դիմաց պարտավորվել ենք ձեր ջրամատակարարման չափից դուրս վատ վիճակը ինչ-որ կերպ բարելավել։ Դրա համար մենք պետք է ՀԲ-ի տրամադրած գումարներով ղեկավարենք այդ ընկերությունը եւ որոշ աշխատանքներ իրականացնենք։ Ընդ որում, ՀԲ-ն ներդրել է 29,5 մլն դոլար։ Եվս 5,5 մլն դոլարի ներդրում պետք է անի ՀՀ կառավարությունը։ Այդ 29,5 մլն դոլար վարկից 3 մլն-ը մեր չորս տարվա աշխատանքի վարձավճարն է։ 8 մլն դոլարի իրավունք ունենք ընթացիկ, վերանորոգման աշխատանքների համար ծախսել մեր կամքով, ինքնուրույն տնօրինել։ 10 մլն դոլարը նախատեսված է կապիտալ խոշոր ծրագրեր իրականացնելու համար։ Այդ ծրագրերի թույլտվությունը պետք է տա ՀԲ-ն։ Մյուս 10 մլն դոլարն արդեն իսկ ՀԲ-ի վարկի շրջանակներում տրամադրվել է Դավիթաշենի եւ ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի ջրամատակարարման աշխատանքները բարելավելու եւ Արզաքանի ջրամբարը վերանորոգելու համար։ Ի դեպ, պայմանագիրն արգելում է վարկի գումարներից «ԵՋԿԸ» աշխատակիցներին աշխատավարձ տալը։

– Ո՞րն է ամենալուրջ պրոբլեմը, որին հանդիպեցիք աշխատանքների ընթացքում։

– Ամենամեծ խնդիրն այն է, որ բնակչության մեջ արմատացած չէ այն գաղափարը, որ ջրամատակարարումը ծառայություն է, որի համար պետք է վճարել։ Ջուրն, իհարկե, Աստծո տված բարիք է։ Սակայն այդ ջուրը մարդկանց հասցնելու համար գործում է մի մեծ համակարգ։

– Իսկ եթե այդ ծառայությունը լավորակ չէ՞։

– Պարզ է։ Ընդունում եմ, որ քաղաքի տարբեր վայրերում ջրամատակարարումը տարբեր կերպ է իրականացվում։ Որոշ տեղերում մարդիկ շուրջօրյա ջուր ունեն, մի այլ տեղ՝ օրվա մեջ մի քանի ժամ, մեկ ուրիշ տեղ՝ 1-2 օրը մեկ անգամ։ Շատ վատ վիճակում է համակարգը։ Եվ մեր աբոնենտները հարցնում են՝ ինչո՞ւ վճարենք վատ ծառայության համար։ Սակայն մինչեւ վճարումների տոկոսը չբարձրանա, ծառայության որակն էլ չի բարձրանա։ Ստացվում է փակ շրջան. մարդիկ չեն վճարում, ջրմուղը չի կարողանում ոտքի կանգնել։

– Իհարկե, քաղաքում բնակչության 7%-ը չէ միայն, որ նորմալ ջուր է ստանում, չնայած ջրի համար վճարում է միայն 7%-ը։ Սակայն չէ՞ որ չկան պարզ եւ գործուն մեխանիզմներ, որոնք մարդկանց կստիպեն վճարել իրենց օգտագործած ջրի դիմաց։ Եվ հակառակը՝ եթե բնակիչը ջուր չունի, ինչո՞ւ պետք է վճարի։

– Մենք նպատակ չունենք ստիպելու, որ վճարեն։ Բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ ջրի դիմաց վճարելով օգնում են ջրամատակարարման եւ կոյուղու աշխատանքների մակարդակի բարձրացմանը։ Մեր ընկերությունը հանդիսանում է երաշխավորը, որ բնակիչների մուծած գումարները մինչեւ վերջ ծախսվելու են միմիայն ջրամատակարարումը բարելավելու համար։ Ինչ վերաբերում է չմուծելուն, նկատել ենք, որ հաճախ ֆինանսապես ավելի կարիքավոր մարդիկ ավելի պարտաճանաչ են վճարումների հարցում, քան ունեւորները։ Ես Երեւանում եղածս ժամանակ տարբեր տեղեր եմ ապրել եւ նկատել եմ ջրամատակարարման տարբերությունները թաղամասերում։ Բայց նկատել եմ նաեւ, որ շատ տներում հիմա ջրի տարողություններ (բաքեր) են դրված։ Մարդիկ, այն 1-2 ժամում, որ ջուր են ստանում, հասցնում են հավաքել 200-500 լիտր ջուր։ Բայց չէ՞ որ դա էլ է ջրաքանակ, որի համար պետք է վճարել։ Իսկ ովքեր ջուրը լավ չեն ստանում կամ բոլորովին չեն ստանում, պետք է գիտակցեն, որ չվճարումների դեպքում ջրամատակարարումն ավելի կվատանա։

– Այսինքն՝ ի՞նչ։ Առաջարկում եք, որ երեւանցիները ավանսով վճարեն ջրի դիմաց եւ, երբ հետո լավանա ջրմուղի վիճակը՝ ջուր կունենա՞ն։

– Գիտեք, ես կարծում եմ, որ եթե չվճարեն բոլորովին ջուր չունեցողները, մեզ մոտ վճարումները կկազմեն 80-90%։ Սակայն չեն վճարում համատարած բոլորը։ Չգիտեմ, ի՞նչ պատկերացումներից ելնելով, բայց երբեմն՝ ոչ ֆինանսական, ոչ էլ սկզբունքային խնդիրներ կան։ Ուղղակի չեն վճարում եւ վերջ։

– Ջրաչափերի տեղադրումը որոշիչ գործոն չէ՞։

– Ջրաչափերը կարող են տեղադրվել միայն մեծ շենքերի վրա։ Առանձին բնակարաններում դնել հնարավոր չէ։ Իսկ շենքի ներսում բնակիչներն իրենք պետք է լուծեն այդ խնդիրը (՞)։ Հիմա աշխատում ենք Երեւանի հարակից քաղաքների «գողացած» ջուրը ետ բերելու վրա։ Երեւանի շրջապատում կան քաղաքներ, գյուղեր, որոնք Երեւան մտնող ջրի հաշվին 24-ժամյա ջրամատակարարում ունեն եւ ոչ մի լումա չեն մուծում։ Այդ խնդիրը պետք է կարգավորենք։ նաեւ այս ընթացքում անջատել ենք մոտ 80 ապօրինի ջուրօգտագործողների ջուրը։

Զրուցեց

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031