Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կտա գլոբալիզացիան մերի նման երկրներին

Փետրվար 01,2001 00:00

Կեր ու սուս Ինչ կտա գլոբալիզացիան մերի նման երկրներին Դավոսի տնտեսական վեհաժողովը նոր առիթ դարձավ, որպեսզի գլոբալիզացիայի ընդդիմախոսները մեկ անգամ եւս իրենց կարծիքը հայտնեն։ Բրիտանական BBC հեռուստաընկերության հաղորդմամբ, Դավոսի այս տարվա վեհաժողովի խորհրդանիշը կարելի է համարել երեք ցուցարարների լուսանկարը։ Նրանցից մեկի աչքերն են կապված, իսկ ձեռքի ցուցանակն ազդարարում է. «Աչքերը պրոբլեմներ չեն տեսնում», մյուսի ականջներն են կապված՝ «Ականջները բողոք չեն լսում», երրորդի կապված բերանն ազդարարում է՝ «Բերանը ճշմարտությունը չի ասում»։ Այս մարդիկ մեկ էլ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավաքներին են ակտիվանում։ Որպես կանոն, նրանք զարգացող երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք կոկորդ են պատռում, թե իրենց երկրին ոչ մի գլոբալիզացիա էլ պետք չէ։ Լրատվամիջոցները լուսաբանում են այս իրադարձությունները՝ առանց պարզաբանելու, թե ինչու են այս մարդիկ դեմ գլոբալիզացիային։ Նյու Յորքում գտնվող հայ լրագրողների խնդրանքով Ֆորդհամի համալսարանի տնտեսագիտության մի քանի պրոֆեսորներ բացատրեցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ գլոբալիզացիան փոքր (մերի նման), զարգացող (հույս ունենանք) երկրների համար։ Դասախոսությունները սկսվում էին. «ԱՀԿ-ն եւ գլոբալիզացիան աղքատ երկրների համար չեն», մեկը նույնիսկ գլոբալիզացիան անվանեց՝ «վազք դեպի ներքեւ»։ Սեփական արտադրություն չունեցող (կամ քիչ ունեցող) երկրները այդպիսին էլ կմնան։ Գլոբալիզացիան կխրախուսի շրջակա միջավայրի վրա գումարներ չծախսել այն պետություններին, որոնք առանց այդ էլ թքած ունեն շրջակա միջավայրի վրա։ Բացի նրանից, որ այդ երկրներում արտադրվող ապրանքների գնի մեջ չեն ներառվում շրջակա միջավայրի պահպանության ծախսերը (որոնք, սովորաբար, բավական մեծ են լինում), այդ երկրներում, որպես կանոն, աշխատուժն էժան է, միջին աշխատավարձը՝ ցածր։ Այսինքն, գլոբալիզացիայի դեպքում այդ երկրները պարտադրված կլինեն արտադրել էժան եւ հաճախ էկոլոգիապես ոչ մաքուր ապրանքներ, որոնց իրացման համար, ի դեպ, կարող են չանհանգստանալ։ ԱՀԿ-ն իր կազմի մեջ ունի երկրներ, որոնք պարտավորվում են իրացնել դրանք։ Այլապես կարող են տույժի ու տուգանքի ենթարկվել։ Ինչպես պատմեցին Ֆորդհամի համալսարանում, եվրոպական մի երկիր հրաժարվել է ներկրել նման մի երկրում աճեցրած բանանը, որի օգտագործման վնասակար հետեւանքների մասին լուրջ ապացույցներ է ունեցել։ Սակայն ԱՀԿ-ի ճնշմամբ հիմա այդ երկիրը շարունակում է ուտել «կեղտոտ» բանանները եւ լռել։ Փոխարենը ԱՀԿ-ի անդամ չհանդիսացող մեկ այլ պետության արտադրած բանանները փտում են սեփական պահեստներում։ Իհարկե, լավ է, որ երկիրն արտադրանքի իրացման խնդիրներ չի ունենա. շուկան պատրաստ իրեն է սպասում։ Բայց՝ ի՞նչ արտադրանքի, այն, որը էժան է, որովհետեւ իր «հողն ու ջուրը» ապականված են, իսկ քաղաքացիները՝ աղքատ եւ ուրիշի ձեռքին նայող։ Իսկ ազատ մրցակցությամբ շուկայում իր տեղը գրավելու ընդունակ արտադրանք տալ, որը չի վնասի իր շրջակա միջավայրին եւ աշխատուժի գինը աստիճանաբար կբարձրացնի՝ չեն թողնի հզոր պետությունները։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել