Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Փետրվար 22,2001 00:00

«ԵՐԲԵՔ ԱԹՈՌԻՑ ԿԱՌՉԱԾ ՉԵՄ ԵՂԵԼ» Ասում է Վահան Շիրխանյանը -Այսօր վերսկսվելու է «27»-ի ընդհատված դատավարությունը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ այն ընթացք կունենա։ – Դատավարությունը, կարծում եմ, մեխանիկական պրոցես է։ Ոչ մի նոր բան այնտեղ չի բացահայտվելու, եւ դատաքննությունը ծավալվելու է այն նյութերի շուրջ, որոնք արդեն ներկայացված են։ – Դուք արդեն ասել եք, որ գործի նյութերին ծանոթ չեք, բայց չէ՞ որ ժամանակին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պարբերաբար ԵԿՄ-ին եւ «Միասնության» վերնախավին ներկայացնում էր գործի ընթացքի մասին։ – Ջհանգիրյանի տված տեղեկություններն ընդհանուր բնույթ են կրել, որտեղ որեւէ մանրամասնություն չի ներկայացվել։ Նա բավական փորձառու մարդ է եւ հասկանում էր, որ մանրամասներ կամ հնարավոր զարգացումներ ներկայացնելու դեպքում ինքը դրա ձեռքը կրակն էր ընկնելու։ Նրա խնդիրը եղել է մեկը՝ գործը մինչեւ վերջ բացահայտել։ – Այնուամենայնիվ Նաիրին մենա՞կ է գործել, առանց օժանդակողների՞։ – Ես չեմ հավատում, որ Նաիրի Հունանյան չէ, ով ուզում է լիներ, կարող էր հենց այնպես խումբ հավաքել, մտնել խորհրդարան եւ սպանել Վազեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։ Ի վերջո, անցած տասը տարիների անհուսությունից հետո, ի դեմս Վ.Սարգսյանի եւ Կ.Դեմիրճյանի, ժողովրդի մեջ որոշակի եւ իրական հույսեր էին արթնացել։ Նրանց նկատմամբ վստահությունն ակնհայտ էր դեռ մինչեւ ընտրությունների օրը, բայց դրանք միս ու արյուն ստացան արդեն ընտրություններից հետո՝ մի քանի ամիս անց, երբ խոսքերը կոնկրետ գործի էին վերածվում։ Եվ հանկարծ, այդ պահին հայտնվեցին հանցագործներ, որոնք հայտարարեցին, թե ժողովրդին կեղեքում են եւ այլն։ Եվս մեկ կամ մի քանի ամիս եթե այս մարդկանց թույլ տրվեր աշխատել, պրոցեսը հնարավոր չէր լինելու կասեցնել։ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է քննարկել նախեւառաջ «27»-ի հետեւանքները՝ գլոբալ իմաստով։ – Հույս ունեմ, որ առաջիկայում մենք «27»-ին ավելի մանրամասն կանդրադառնանք։ Ինչո՞ւ եք համառորեն լռում։ Կարծիքներ կան, թե դրա պատճառը վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո նախագահ Քոչարյանի հետ Ձեր հանդիպման ժամանակ տեղի ունեցած սակարկություններն ու ձեռքբերված պայմանավորվածություններն են։ Ի՞նչ եք խոսել նախագահի հետ։ – Ոչ մի լուրջ խոսակցություն նախագահի հետ չի եղել։ Ոչ մի սակարկություն, ոչ մի խոստում եւ ոչ մի առաջարկ։ Խոսել ենք «27»-ի մասին՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս այդ ողբերգությունը կատարվեց։ Հանդիպումը շատ կարճ է տեւել՝ մոտ 15-20 րոպե։ Նախագահը «27»-ից հետո ընկած ժամանակահատվածում իմ գործողությունների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել։ Ես ներկայացրել եմ իմ տեսակետները։ – Կարո՞ղ եք մասնավորեցնել։ – Դրանք վերաբերում էին «27»-ից հետո մասնավորապես ՊՆ-ում եւ ԵԿՄ համագումարում ծավալված իրադարձություններին։ Ես ներկայացրել եմ այն, ինչ ելույթում ասել էի եւ ոչ մի նոր բան։ – Այսօր նկատելի է, որ ԵԿՄ-ում Ձեր եւ մյուսների հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, որքան մինչեւ մայիս ամիսն էր։ – Մի սարսափելի վարակ է մտել մեր մեջ՝ պառակտման, թշնամանքի, թույնի։ Բաժանելու ոչինչ չունենք, ճիշտն ասած, բայց փորձում ենք նույնիսկ դա բաժանել։ Մայիսից անցել է 9 ամիս, եւ ես տեսնում եմ, որ մարդիկ, որոնք ինձ հետ եւ իմ կողքին քայլել են տասը տարուց ավելի, որոնց նկատմամբ ես ինձ վատ չեմ պահել, եւ իրենք էլ իմ նկատմամբ վատ տրամադրված չեն եղել, այսօր վախենում են նույնիսկ ինձ հետ հանդիպելուց։ Վախից, որ միգուցե դրանով կարող են ինչ-որ մեկի աչքից ընկնել, ինչ-որ մեկի կողմից կշտամբանք ստանալ։ Շիրխանյանն այսօր դարձել է մի կերպար, որն իր մեջ մարմնավորում է հականախագահական ամեն ինչ։ Ով մոտենում է Շիրխանյանին՝ ուրեմն հականախագահական է։ Եթե մինչեւ «27»-ը ինձ ասեին, որ ընկերներս երբեւէ կխուսափեն մոտենալ ինձ, խոսել, կիսվել՝ կասեի, որ դա խելագարություն է։ Նման բան հնարավոր չէ։ Վազգենը մի թիմ էր ստեղծել, որտեղ մեկն առանց մյուսի կիսատ էր թվում։ Բայց «27»-ից հետո այս մանր-մունր բաները մարդկային բնությանն այնքան բնորոշ են։ – Իսկ արդյոք պատճառն այն չէ՞, որ Դուք, ըստ ոմանց, մեղավոր եք Արամ Սարգսյանի պաշտոնանկության մեջ։ – Նման կարծիքներ ինձ հայտնի են ու ես մի քանի անգամ Արամ Սարգսյանին ասել եմ, եթե խանգարում եմ՝ հենց հիմա դուրս գամ։ Բայց նրա պատասխանը հետեւյալն էր՝ եթե ես այդ քայլին գնամ, ինքս ինձ չեմ հարգի։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես երբեք աթոռից կառչած չեմ եղել։ Զրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել