Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա փետրվարի 1-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը թուրք լրագրող Ալի Բիրանդին հարցազրույց տա

Փետրվար 28,2001 00:00

Պատմական ճշմարտությունը՝ մանրադրամ Այս տարվա փետրվարի 1-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը թուրք լրագրող Ալի Բիրանդին հարցազրույց տալիս նշեց, որ 1915թ.-ի հայերի Ցեղասպանության առնչությամբ Թուրքիան կարող է պարզապես ներողություն խնդրել։ Նա նշեց նաեւ, որ Թուրքիային ներկայացվող փոխհատուցման պահանջները բացառապես Հայկական Սփյուռքի խնդիրներն են։ Ուզում եմ հայտարարել, որ Հայաստանի նախագահը չի ընտրվել ոչ Հայկական Սփյուռքի, ոչ էլ թուրքական կառավարության ձեռքով սպանված մեկուկես մլն հայերի կողմից։ Հանցագործի կողմից սարսափելի ոճրի ճանաչումը միայն առաջին քայլն է արդարության հաստատման ճանապարհին։ Եթե մարդկության հանդեպ գործած ոճրի դիմաց ոչ մի փոխհատուցում չի տրվում, միայն մեղքի ընդունման պարզագույն ժեստեր են արվում, ոճիրն անպատիժ է մնում, արդարությունը՝ չկայացած։ ՀՀ կառավարությունը պատմության մեջ հետընթաց կարձանագրի, եթե Թուրքիայի կառավարությունն օգնի ազատելու ինքն իրեն Անատոլիայի հայության զանգվածային կոտորածների եւ նրա երեք հազար տարվա քաղաքակրթության հետքերը վերացնելու համար վճարելուց։ Եթե Թուրքիան պարզապես ճանաչման ժեստ անի, կնշանակի, որ նա «ջրից չոր է դուրս գալիս»։ Արդարությունը Հայերի Ցեղասպանության համար Թուրքիայից ենթադրում է ոճրի ճանաչում, 4 մլրդ դոլար (բազմապատկած 1915-ից մինչեւ այժմ դոլարի կուրսի փոփոխության հետեւանքով առաջացած գումարներով) վճարում եւ հայկական 6 վիլայեթների վերադարձը Ցեղասպանություն վերապրածներին եւ նրանց ժառանգներին։ Սրանից պակաս պահանջել՝ նշանակում է խրախուսել ոճրագործությունը։ Այժմ Քոչարյանը պահանջում է մեղքի ընդունում առանց պատժի։ Այս դրույթը հակասում է իրավունքի հիմնական նորմերին եւ կասկածի տակ է առնում ՀՀ Սահմանադրությունը։ Ֆրանսիայի կողմից Հայերի Ցեղասպանության ճանաչումը տեղի չունեցավ վակուումային միջավայրում։ Սա հզոր ուժերի միջեւ միջազգային շախմատի մի խոշոր խաղ է։ Անհրաժեշտ է ընդամենը հետեւել իրադարձությունների շղթային։ Ֆրանսիայի վերջին քայլը հաջորդեց Պուտինի՝ Բաքու կատարած այցին (որին Երեւանը նախապես տեղյակ չէր) եւ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը։ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցը Երեւանի որոշ շրջաններում դիտվեց՝ իբրեւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների վատացում։ 1999-ի հոկտեմբերին ՀՀ ԱԺ գնդակոծությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը Ստամբուլի գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղի առնչությամբ կարող էր «անընդունելի» մոտեցում հանդես բերել։ Հայկական Սփյուռքում մենք նաեւ նկատում ենք, որ ջանքեր են գործադրվում հայ-թուրքական երկխոսության առաջընթացի ուղղությամբ։ Սակայն սա միայն խաբկանք է։ Եթե պատմական փաստերն անտեսվում են եւ կանխամտածված Ցեղասպանությունից օգտվողները շարունակում են օգտվել՝ առանց արդարության մասին անգամ մի պահ մտածելու, քանի որ ժամանակի ընտրությունը աշխարհի հզորների հայեցողությամբ է, մենք՝ բռնի տեղահանվածների եւ սպանվածների ժառանգներս, իրավունք ունենք բողոքելու կամ մտադրությունների եւ քայլերի մասին հարցնելու։ Քոչարյանի հայտարարությունը բոլոր հայերի անունից ոտնահարում է վերջիններիս իրավունքները։ Մինչ Քոչարյանը կարող է հայտարարել, թե իր ասածները Հայկական Սփյուռքին չեն առնչվում, դրանք առնչվում են ողջ հայ ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիների եւ Սփյուռքի հայերի արհեստական բաժանմամբ՝ նա ջուր է լցնում հզորների ջրաղացին։ Պարտադիր չէ, որ այդ գործիչները լինեն պրո- թուրքական կամ հակահայկական, նրանք պարզապես ունեն իրենց շարժառիթները։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց ֆեոդալական շահերը գերադասում են ազգային նպատակների համար աշխատելուց։ Ցավոք, սա կհասկանա միայն նա, ով ապրում է Հայաստանում։ Իսկ ուրիշը չի հասկանա, քանի որ իրական աշխարհում մարդն ապրում է իր սխալներով եւ չպետք է իր կարճաժամկետ օգուտի համար շահարկի պատմական արդարությունը։ Պրն Քոչարյան, Դուք ոչ արդարություն փնտրող հայերի անունից եք խոսում, ոչ Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի։ ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ «Ցեղասպանության արխիվ» ծրագրի տնօրեն Բելմոնտ, ԱՄՆ [email protected] Թարգմանությունը՝ անգլերենից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել