Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մենք եւ պատմությունը

Մարտ 23,2002 00:00

Մենք եւ պատմությունը «Բակապահ շներին վիճակված է հայտնի քաղաքագետներ դառնալ» ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ Այսօր հաճախակի է խոսվում հանրապետությունում ազգաբնակչության խիստ բեւեռացման մասին. մի կողմում ծայրահեղ հարուստների նեղ շրջանակ, մյուսում՝ աղքատ հասարակության ճնշող մեծամասնություն։ Չարաշահումը իշխանավորների եւ նրանց կողմից հովանավորվող հարուստների գործն է ու բնագավառը եւ նրանք հասարակության համար արդեն դարձել են պատուհաս։ Բանը հասել է այնտեղ, որ արտասահմանից բնակչությանը տրվող ողորմությունն անգամ նախարարից մինչեւ մարզպետ եւ գյուղապետ՝ յուրացվում է։ Իշխանական բուրգը իր բոլոր կառույցներով աշխատում է հիմնովին ջարդել բարոյականության շրջանակները, մարդկային հարաբերությունների տարրական նորմերը, ստեղծել անհատապաշտների, չար քաղքենիների դաստիարակման համակարգ, ուր անձը աստիճանաբար վերածվելու է սովորական, հիշողությունից զուրկ մանկուրտի։ Տեղի է ունենում անհատի հոգեւոր օտարացում։ Սկսում է թագավորել բութ անտարբերությունը։ Նպատակը ձեռք է բերված։ Ստեղծելով նման իրավիճակ, իշխանությունները որդեգրվում են նորին մեծություն ստին, որը աստիճանաբար դառնում է ներգործող ուժ։ Այդ ամենահաղթ սուտը բացում է նոր աշխատատեղեր, բարձրացնում ժողովրդի կենսամակարդակը, հայրենիքը լքածներին վերադարձնում հայրենի օջախներ, բոլոր պայմանները ստեղծում պայծառ ապագայի համար։ Իրականում Հայաստանի այսօրվա իշխանությունների եւ ժողովրդի հարաբերակցությունը մոտավորապես որոշելու համար հանկարծ հիշեցի ժամանակակից ամերիկյան գրողներից մեկի ստեղծագործության մի փոքր հատված. հարբեցողի մեկը մի շնիկ է ունենում եւ նրան իր հետեւից քարշ է տալիս ամենուրեք՝ գինետներ, հասարակական զանազան վայրեր։ Այդ անում է ոչ թե շանը շատ սիրելուց, այլ նրա համար, որպեսզի կարելի լինի նրա վրա թքել եւ հատակը չաղտոտել։ Հոգեբանական եւ բարոյական ներգործության տարատեսակներից է այս իշխանությունների կողմից պատեհ թե անպատեհ առիթներով նախկիններին հայհոյելը եւ փնովելը։ Այստեղ արդեն իր ամբողջ էությամբ հանդես է գալիս ատելության դեմքը։ Պաշտոնական մամուլը, հանրային հեռուստատեսությունը այնպես են իրավիճակը մեկնաբանում, կարծես թե մինչեւ 1998թ. փետրվարը Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել նախագահ, վարչապետներ, այլ պաշտոնյաներ։ Հայաստանի այսօրվա վիճակի համար է կարծես ասված 2000 տարի առաջ Նումիդիայի թագավոր Յուգուրթայի խոսքերը Հռոմի վերաբերյալ. «Ո՜վ վաճառված երկիր, դու կդադարես գոյություն ունենալուց՝ հենց որ մի հարմար գնորդ ճարվի»։ Հայաստանի համար հարմար գնորդ կա՝ Մեծ եղբայրը։ Կոմունիստները շատ չարչարվեցին միտինգներ գումարելով, ստորագրություններ հավաքելով՝ Հայաստանը Մեծ եղբորը՝ Ռուսաստանին միացնելու համար ու մի պահ զարմացան, որ մեր նախագահն ավելի շատ ռուսամետ է, քան իրենք, եւ Հայաստանը աստիճանաբար վերածելու է ռուսական նահանգի՝ գեներալ-գուբերնատորի գլխավորությամբ։ Արդյոք աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն կարող է ունենալ մի երկիր, մի քաղաքացիական հասարակություն, որը կունենա նման պառլամենտ, որպիսին է մեր Ազգային ժողովը։ Մեր ընտրյալների ներքին, միջին եւ վերին ատյանների բերդատեր պարոններին ըստ արժանվույն բնութագրելու համար վերհիշենք անցյալից մեզ փոխանցված մի զրույց. հայկական հեռավոր, աշխարհից կտրված մի փոքրիկ գյուղի գեղջուկներ որոշում են իրենց միջոցներով կառուցել քրիստոնյա համայնքին վայել մի փոքրիկ եկեղեցի։ Կառուցումը դեռ չսկսած՝ մի «խելոք» առաջարկում է, որ ապագա եկեղեցու քահանան տեղացի չպետք է լինի, այլ մի պատահական մարդ, որը կառուցումն ավարտելու օրը կհայտնվի իրենց գյուղում։ Գեղջուկները ընդունում են առաջարկությունը եւ լծվում գործի։ Աստծո տան կառուցումն ավարտելու օրը, երեկոյան կողմ հարեւան գյուղի հովիվը կորած ոչխարներ փնտրելու եւ գտնելու հույսով հայտնվում է այդ գյուղում։ Գեղջուկները բռնում են հովվին եւ հայտարարում, որ նա պետք է դառնա քահանա, այս անգամ՝ գեղջուկների հովիվ։ Այս մարդը հրաժարվում է, պատճառաբանելով, որ ինքը բացարձակապես անգրագետ է։ Ոչինչ չի օգնում։ Շուտով մարդիկ են ուղարկում թեմական առաջնորդարան վարդապետ բերելու՝ եկեղեցին ու քահանային օծելու։ Գալիս է այդ վարդապետը, կատարում համապատասխան արարողությունը եւ հորդորում նորընծա քահանային՝ աղոթքով դիմելու եկեղեցում հավաքված ամբոխին։ Խեղճ հովիվ-քահանան ոչինչ չիմանալով հանդերձ սկսում է բարձրաձայն երգել՝ Մի՜ կողմս կանաչ, մյուսը դեղին է, մի կողմս կանաչ, մյուսը դեղին է, եւ շարունակ նույնը։ Վարդապետը նայում է ապուշ դեմքերով ամբոխին եւ քահանայից հետո շարունակում՝ այսպիսի հիմար ժողովրդի հերն անիծելը տեղի՜ն է, տեղի՜ն է։ ՀԱՅԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ Գեղարքունիք-Ծովինար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել