Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում ամենամեծ սփյուռքն ունեք»

Հոկտեմբեր 15,2002 00:00

«ՌԴ-ում ամենամեծ սփյուռքն ունեք» Ասում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը NA 86468 ինքնաթիռի՝ «Զվարթնոց» օդակայանում մոտ 20 րոպե ուշացումով կատարած վայրէջքի պատճառն ամենեւին քաղաքական չէր։ Պարզապես օդաչուն առաջին անգամ էր այդչափ փոքրիկ տարածքում իջեցնելու նման մեծ ինքնաթիռ։ Տեր եւ տիկին Ելցիններն ինքնաթիռից իջնելուն պես ողջագուրվեցին տեր եւ տիկին Քոչարյաններին, տիկին Բելլան իր ձեռքի ծաղիկները հանձնեց տիկին Նաինային, եւ քառյակը կարմիր գորգի վրայով քայլեց դեպի Ընդունելությունների սրահ. հասկանալի է՝ հայկական տարազով աղջիկներ, աղուհաց եւ այլն։ Թեպետ վաղուց հայտնի էր, որ ՌԴ նախկին նախագահը Հայաստան է ժամանելու Ռ. Քոչարյանի հրավերով, սակայն Ռ. Քոչարյանը ոչինչ չէր ասում այս մասին, նա միայն ասաց մոտավորապես հետեւյալը՝ ինչ սադիզմ է, չէ՞, այսքան երկար կանգնել ձեր կողքին եւ ոչինչ չասել։ Ընթերցողին հիշեցնեմ, որ Բորիս Ելցինը վերջին անգամ Հայաստան է ժամանել 1991-ին, երբ ՌԴ Գերագույն խորհրդի նախագահն էր, Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ։ Եկել էին միջնորդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Երեւանից հետո Ելցինն այդ նույն ժամանակ այցելել է նաեւ Ստեփանակերտ։ Ելցինի այս այցը ենթադրում է մի շարք մշակութային եւ, ըստ ամենայնի՝ քաղաքական հանդիպումներ։ Ըստ որոշ աղբյուրների, Բորիս Ելցինը հանդիպելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այցի շրջանակներում Բ. Ելցինը եւ Նաինա Ելցինան մասնակցեցին Երեւանի 2784-ամյակին նվիրված տոնակատարություններին, եղան Ծիծեռնակաբերդում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Սաղմոսավանքում, Հանրապետության հրապարակում համտեսեցին հայկական խմիչքներն ու մրգերը։ Այսօր Բորիս Ելցինը կայցելի Էջմիածին, հավանաբար, կայցելի նաեւ սահմանապահ որեւէ ուղեկալ։ Սա՝ պաշտոնական եւ մշակութային բաժինը։ Անցնենք քաղաքականին։ Օդանավակայանում թեպետ նախատեսված էր, որ Ելցինը չի խոսելու, բայց մեզ հաջողվեց հակառակն անել։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ զգացողությամբ եք ժամանել, Բորիս Նիկոլաեւիչն անմիջապես պատասխանեց. «Շատ բարի։ Ես սիրում եմ Հայաստանը, եղել եմ այստեղ, շրջագայել եմ, տեսել եմ բնությունը, հանդիպել եմ մարդկանց, ինձ շատ է դուր գալիս։ Ամեն դեպքում՝ պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում ապրում է 2,5 միլիոն հայ, իսկ ԱՄՆ-ում՝ մեկ միլիոն։ Այնպես որ, մեզ մոտ ամենամեծ Սփյուռքն ունեք։ Մեզ Հայաստանի հետ շատ մեծ պատմություն է կապում, այդ պատճառով հարկավոր է դողալ այդ պատմության վրա եւ ինչ-որ կերպ զարգացնել համագործակցությունը։ Մենք Ռոբերտ Սեդրակովիչի հետ բարեկամներ ենք, նա ինձ հրավիրեց այցելել Հայաստան, մենք մեծ հաճույքով Նաինայի հետ ընդունեցինք այդ հրավերը։ Բավականին հագեցած, լավ ծրագիր է կազմված՝ շրջագայություններ… Եվ, իհարկե, զրույց նախագահի հետ, որն ինձ համար կլինի ե՛ւ օգտակար, ե՛ւ հաճելի։ Գուցե՝ նաեւ նրա համար»։ Թվում է՝ սովորական ողջույնի խոսք է, բայց երկու կետ խիստ հետաքրքրական կարող են լինել։ Նախ՝ ինչի՞ մասին է լինելու Բ. Ելցինի եւ Ռ. Քոչարյանի զրույցը, որը, ըստ Ելցինի՝ օգտակար եւ հաճելի կարող է լինել նաեւ Քոչարյանի համար։ Արդյո՞ք Քոչարյանի հրավերը նախընտրական փուլի խաղաքար չէ, որը կարող է նշանակել՝ տեսե՛ք, Ռուսաստանն ինձ հետ է (հայտնի է Վ. Պուտինի եւ Բ. Ելցինի փոխադարձ կապվածությունը, նաեւ այն, որ Պուտինը երբեմն խորհրդակցում է նախկին նախագահի հետ)։ Եվ հետո՝ Ելցինը հյուսիսային խանդոտությամբ երեւի իզուր չշեշտեց, որ Ռուսաստանի հայ համայնքն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը։ Սա հնչեց այսպես՝ Ռուսաստանի հայերը կվարվեն այնպես, ինչպես Ռուսաստանը կթելադրի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Բորիս Ելցինը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհանդիպեն, հավանաբար, այսօր: Հանդիպման նախաձեռնությունը Բորիս Ելցինինն է: Ըստ շրջանառվող լուրերի, հանդիպումն առնչվելու է 2003 թվականի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել-չառաջադրելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել