Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԱՆԿԱՇԿԱՆԴ, ԼԻԻՐԱՎ, ՓԱՓՈՒԿ

Հոկտեմբեր 15,2002 00:00

ԱԶԱՏ, ԱՆԿԱՇԿԱՆԴ, ԼԻԻՐԱՎ, ՓԱՓՈՒԿ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը Թբիլիսի էր մեկնել տիկնոջ՝ Լարիսա Խաչատրյանի հետ։ Նման պահանջ վրացական կողմն էր դրել։ Հետաքրքիր ժողովուրդ են վրացիք՝ օրենսդիր մարմնի ղեկավար ընտրում են կնոջ եւ սկսում են խնդրել՝ հանկարծ տիկին Նինո Բուրջանաձեին այլ երկրների օրենսդիր մարմնի ղեկավարներն առանձին չայցելեն, մոռանալով, որ սեռական պատկանելությունը այս դեպքում բացարձակ զրոյական է՝ կին թե տղամարդ, ի՞նչ կապ ունի, հանդիպումը տեղի է ունենում ոչ թե այր ու կնոջ, այլ՝ երկու երկրների ԱԺ նախագահների միջեւ։ Ինչեւէ, քառյակի հանդիպումը տեղի է ունեցել, եւ Վրաստանից վերադառնալուն պես Արմեն Խաչատրյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Թբիլիսիում խոսք ու զրույց է գնացել տնտեսական հարցերի, Ջավախքի, վիրահայության խնդիրների շուրջ։ ԱԺ խոսնակն ասաց. «Նորից ընդգծեցի այն կարեւորությունը, որ Աբխազական երկաթուղին ներկայացնում է մեր տնտեսության զարգացման հարցում։ Նշվեց, որ առանց այդ երկաթուղու հնարավոր չէ էֆեկտիվ զարգացնել մեր տնտեսությունը (կարելի է կարծել՝ վրացիների ուշքն ու միտքը մեր տնտեսության էֆեկտիվ զարգացումն է- Մ. Ե.)»։ Արմեն Խաչատրյանը՝ վիրահայության խնդիրների կապակցությամբ բացահայտումներ է արել, ինքն ասաց՝ «Ես բացահայտեցի, այսպես ասած, գաղտնիք, թե հայերին ինքան դուք (նկատի ունի վրացիներին- Մ. Ե.) ազատ վերաբերվեք, ինչքան կարողանաք ազատ, նրբանկատ եւ հոգատար վերաբերվել հայերի սոցիալական, մշակութային, ինքնության, հավատքի պահպանման խնդիրներին, այնչափ հայերը շատ ավելի ակտիվ կինտեգրվեն վրացական կառույցներին, գործընթացներին, մշակույթին եւ տնտեսությանը»։ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ իր ասածն արձագանք ունեցավ։ Տիկին Բուրջանաձեն, օրինակ, ասել է, թե ինքը եղել է Ջավախքում, զրուցել է շատերի հետ եւ ինքը նույնպես նշել է, որ եղած հնարավորություններից ամեն ինչ կհատկացվի, որպեսզի Ջավախքի խնդիրները թեթեւանան։ Արմեն Խաչատրյանն անչափ կարեւորում է Քառյակի հանդիպումները (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Ռուսաստան) եւ կարծում է, որ հիմնական կարեւոր բանը ազատ քննարկումներն են, վստահելի մթնոլորտը. «Հանդիպումները անցնում էին փակ դռների ետեւում, բնական է, ես շատ բան չեմ կարող ձեզ ասել, բայց հիմնականը բոլոր երկրների՝ իրար նկատմամբ ունեցած խնդիրների քննարկումն է, որն անցնում է լիիրավ վստահության եւ անկաշկանդ քննարկումների մթնոլորտում»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել