Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շոու-բիզնես չկա

Հոկտեմբեր 25,2002 00:00

Հայաստանում շոու-բիզնես չկա «Որքան շատ եմ առնչվում արտասահմանյան շոու-բիզնեսի հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ մեր երկրում այն պարզապես գոյություն չունի»,- ասում է պրոդյուսեր, երաժիշտ-ռեժիսոր Զարուհի Պետրոսյանը։ Վերջինս վեց տարի շարունակ Երգի պետական թատրոնի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարի օգնականն էր, սակայն նա լքեց Երգի թատրոնը՝ զբաղվածության պատճառով, թեեւ լուրեր էին պտտվում, որ իբր Զարուհին իրականում ընդհարվել է Արթուր Գրիգորյանի հետ։ Նա այդ լուրերն ընդամենը բամբասանք որակեց եւ ասաց, որ այժմ ղեկավարում է 2000 թվականից գործող իր հեղինակային «Կանտուս» պրոդյուսերական կենտրոնը եւ աշխատում այն արտիստների հետ, որոնց ցանկանում է ներկայացնել միջազգային մրցույթներում։ «Ամեն ինչ սկսվեց երկուսուկես տարի առաջ, երբ Բելառուսից Երգի թատրոնը հրավեր ստացավ՝ մասնակցելու «իՏսՏՑՏռ Քս255չպՐ» մրցույթ-փառատոնին։ Անկեղծ ասած, ոչ ոք շահագրգիռ չէր այս հարցում, ֆինանս էլ չկար։ Հետո մեզ տեղեկացրին, որ չմասնակցել չենք կարող, որովհետեւ ընդգրկված ենք մասնակիցների ցանկում։ Ընկերներս օգնեցին, որ ես ու Վարդուհի Վարդանյանը մեկնենք Բելառուս։ Այնտեղ էլ ծանոթացա միջազգային շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի հետ եւ հետագայում էլ տարբեր երկրներում կայանալիք մրցույթներին մասնակից ներկայացնելու հրավերներ ստացա»,- ասում է Զարուհի Պետրոսյանը։ Նրա հավաստմամբ, հայ երգիչները (Վ. Վարդանյան, Լիանա, Անդրե, Լ. Սարիբեկյան, Ա. Օվյան) մինչ օրս Հայաստանը ներկայացրել են 17 մրցույթ-փառատոներում եւ ոչ ոք առանց մրցանակի չի վերադարձել։ Աշխարհի շատ երկրների դրոշների կողքին իր հաստատուն տեղն է գրավել նաեւ մեր երկրի դրոշը, սակայն, ըստ Զ. Պետրոսյանի, «պետությունն այս հարցում ոչ մի աջակցություն չի ցուցաբերել, ես ամեն ինչ արել եմ իմ եւ շրջապատիս ջանքերով»։ Իսկ ինքը այդ փառատոներին մասնակից ներկայացնելուց բացի, եղել է ե՛ւ հյուրերի, ե՛ւ ժյուրիի կազմում, որտեղ իրենց պատվավոր տեղն են ունեցել ամենահայտնի դեմքերը՝ Իոսիֆ Կոբզոնը, Դավիթ Տուխմանովը եւ այլք։ «Մինչ օրս ես ունեցել եմ ընդամենը վեց հովանավոր, 17 անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել եմ մենակ։ Միայն Ղազախստանում եւ Եգիպտոսում իմ կողքին էին այդ երկրներում Հայաստանի դեսպանները, սակայն նրանք ինձ բարոյապես են աջակցել»,- ասում է Զ. Պետրոսյանը։ Բայց դա չի խանգարել, որ մրցույթից բացի, մեր երգիչները մասնակցեն նաեւ աստղային համերգների. Լիանան եւ Անդրեն Մոսկվայի «Ռոսիա» պետական համերգասրահում կայացած համերգին են մասնակցել, որտեղ ելույթներ են ունեցել Կոբզոնը, Բասկովը, Գուրչենկոն։ Լիանան մասնակցել է նաեւ Կիեւում կայացած «իՏսՏՑՏռ րՍՌՉ» փառատոնի բացման եւ Կիեւի օրվան նվիրված տոնական համերգ-հանդիսությանը։ Զ. Պետրոսյանին տարբեր երկրների ներկայացուցիչներ առաջարկել են հայկական համերգային ծրագրերով հանդես գալ իրենց երկրներում, սակայն վերջինս պատճառաբանել է, թե իբր չափազանց զբաղված է, մինչդեռ իրականում հրաժարվելու բուն պատճառը ֆինանսի բացակայությունն է եղել։ Շատ հաճախ էլ մրցույթների կազմակերպիչները հայտնում են, որ ժյուրիի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է այնպիսի հայ երգիչ-երգչուհի, որին ճանաչեն նախկին ԽՍՀՄ հանրապետություններում։ Կազմակերպիչները մասնավորապես նշում են Կոնստանտին Օրբելյանին, Տաթեւիկ Հովհաննիսյանին, Էռնա Յուզբաշյանին, սակայն, ինչպես հայտնի է, նրանք վաղուց Հայաստանում չեն եւ եթե Վրաստանը ներկայացնում է Կիկաբիձեն, Գվարդցիտելին, Մելաձեն, Պավլիաշվիլին, ապա Հայաստանը չի կարող ներկայացնել նման «տրամաչափի» արտիստներ։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել