Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները դատապարտյալների հիվանդանոցի մասնաշենքում

Նոյեմբեր 02,2002 00:00

Դատավորները դատապարտյալների հիվանդանոցի մասնաշենքում Երեկ շահագործման հանձնվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տուբերկուլյոզային բաժանմունքի նոր մասնաշենքը, ուր, ինչպես տեղեկացրեց հիմնարկի պետ Սամվել Ղազարյանը, այս նոյեմբերի 10-ից կսկսվի հիվանդների տեղափոխումը։ Մասնաշենքի կառուցումն իրականացվել է ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ ստորագրված (22.08.2000թ.) համագործակցության մասին համաձայնագրի։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի ազատազրկման վայրերում վարակիչ տուբերկուլյոզով հիվանդացածությունը կազմում է մոտ 5%, այսինքն, ամեն 20-րդ դատապարտյալ հիվանդ է տուբերկուլյոզով։ Ըստ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների, այսօրվա դրությամբ տուբերկուլյոզով հիվանդ է մոտ 300 հոգի։ Կարմիր խաչի հայաստանյան պատասխանատուի տեղեկատվության համաձայն, տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիրը սկսվել է քրեակատարողական հաստատություններում, իսկ մինչ այդ սկսվել էր դատապարտյալներին, նրանց այցելուներին եւ քրեակատարողական համակարգի անձնակազմին տուբերկուլյոզի վերաբերյալ գիտելիքների փոխանցմամբ եւ քարոզչության իրականացմամբ։ Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վերոնշյալ մասնաշենք էին այցելել նաեւ Հայաստանի եռաստիճան դատական համակարգի ներկայացուցիչները, դատավորներ, որոնք իրենց աչքերով տեսան, թե ինչ պայմաններում են պահվելու իրենց իսկ դատավճռով դատապարտված հիվանդները։ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի՝ Ժորա Վարդանյանի հետ զրուցելիս, նա այն միտքը հայտնեց, որ մարդասիրություն պետք է ցուցաբերվի մասնավորապես քաղցկեղով եւ տուբերկուլյոզով տառապող ամբաստանյալների նկատմամբ։ Իսկ վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը մեր «Ի՞նչ զգացում ունեք ձեր դատավճռով դատապարտվածների հիմնարկում» հարցին պատասխանեց, հիշելով իտալացի հայտնի իրավաբան Հենրիկո Ֆերիին, որը «Քրեական սոցիոլոգիա» գրքում գրել էր. «Կգա ժամանակ, երբ մեկուսարանների, բանտերի մոտով անցնելիս նույն զգացումը կունենանք, ինչ հոգեբուժարանի մոտով»։ Նոր մասնաշենքը նախատեսված է 220 հիվանդի համար, հիվանդանոցը ապահովված է նորագույն բուժական սարքավորումներով եւ, ինչպես հիվանդանոցի պետ Սամվել Ղազարյանը տեղեկացրեց, բուժսարքավորումների համար ծախսվել էր 30 միլիոն դրամ գումար, 20 միլիոն դրամ՝ կահավորման եւ բարեկարգման համար։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան կազմակերպության պատասխանատու տիկին Լինսուսի տեղեկատվությամբ, աշխարհում ամեն տարի մոտ 9 մլն մարդ հիվանդանում է տուբերկուլյոզով, որից 3 միլիոնը մահանում է։ Նա խոսեց տուբերկուլյոզի վերահսկման DOTS (անմիջական վերահսկողությամբ կարճատեւ բուժում) ծրագրի եւ ռազմավարության մասին, որը միտված է տուբերկուլյոզի դեմ պայքարին։ Նա ասաց, որ «մեծ նվաճում է հիվանդանոցի բացումը, սակայն չպետք է մոռանալ, որ սա սկիզբն է»։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել