Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկեփունջ՝ Փարաջանովից

Նոյեմբեր 13,2002 00:00

Ծաղկեփունջ՝ Փարաջանովից Սերգեյ Փարաջանովը սաստիկ անկանխատեսելի մարդ էր: Շատերը նրան պարզապես ցնորված էին համարում: Թիֆլիսյան նրա հարեւանները Փարաջանովի տարօրինակությունների մասին ասում էին. «Գժին ազատ են արձակել»: Փարաջանովի տանը պարբերաբար կազմակերպվող ներկայացումների ժամանակ հանդիսատեսը դժվարությամբ էր հասկանում՝ ինչն է նրա ասածից ճիշտ, ինչը՝ մտացածին: Փորձառուները չէին խաբվում այդ ոչ այնքան անմեղ պատմություններին, բայց նորեկները շփոթության մեջ էին ընկնում եւ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունում: Փարաջանովին դա դուր էր գալիս: Սակայն մի օր նա չափազանց ոգեւորվեց: Դանիական թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ իր հետ մոտիկից շփվելու ցանկություն են հայտնել եւ իր բարեհաճությունն են ցանկացել վայելել ԽՄԿԿ կենտկոմի մոտ քսան անդամներ: Սա կատակ էր, բայց այն տպեցին եւ արտատպվեց ողջ աշխարհով մեկ: Երբ Կրեմլում իմացան այդ մասին, հրաման արձակվեց Փարաջանովին ձերբակալելու վերաբերյալ: Գործն արվում էր հապշտապ, եւ հոդվածները ի վնաս արվեստագետի փոխվեցին մի քանի անգամ՝ մեկ՝ տարադրամային գործարքներ, մեկ՝ եկեղեցիներից սրբապատկերների գողություն (Փարաջանովը դրանց հավաքածու ուներ), մեկ էլ՝ կաշառակերություն: Կանգ առան արվամոլության վրա, եւ հինգ տարին պատրաստ էր: Սակայն բանտում էլ Փարաջանովն ինքն իրեն հավատարիմ մնաց: Մի անգամ նա մածունի կափարիչի վրա մեխով Պուշկինի դիմանկարն էր փորագրել: «Զեկերը» (դատապարտյալները), հայտնաբերելով այս «մեդալը», գռեհիկ կատակեցին, սակայն ձեռքից չառան: Տասը տարի անց այն ընկել էր Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքը, որը պոետի պատկերի օրինակով արծաթե մեդալ պատրաստեց։ Այդ ժամանակվանից սկսած, դրանով պարգեւատրում են Րիմինիի փառատոնի լավագույն ֆիլմերը: Մեկ անգամ էլ՝ բանտի բաղնեպանի հետ համատեղ, Փարաջանովը փշալարից եւ սեփական գուլպաներից ծաղկեփունջ էր պատրաստել եւ մարտի ութի կապակցությամբ ուղարկել իր երկրպագու Լիլյա Բրիկին (որը Մայակովսկու սերն էր): Լիլյան հիացած էր նվերով եւ տեղավորել էր այն Մայակովսկու նվիրած ծաղկամանի մեջ: Ճիշտ է՝ նա ստիպված էր օծել այն, որպեսզի չեզոքանա բանտային «բուրմունքը»: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել