Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ

Նոյեմբեր 20,2002 00:00

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ Արդյո՞ք ՀՌԱՀ-ն ասպետություն կունենա սեղմել իրեն պարզած ձեռքը ՀՌԱՀ-ի՝ Երեւանում դեցիմետրային հաճախությունների մրցույթը ձգձգելու եւ դրան «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» մասնակցությունը բացառելու ավելի քան կես տարվա պայքարի շարունակելու լավագույն եւ հարմար առիթ էր ծառայել հենց «Նոյյան Տապանի»՝ տնտեսական դատարան ներկայացրած քաղհայցի բավարարումը: Իշխանությունների «Ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի» կարգախոսը, թերեւս, փոխանցիկ դրոշի նման այսօր բաժին է հասել նաեւ ՀՌԱՀ-ի «մեծագույն կոմբինատորներին»: Փաստորեն ստացվել է այնպիսի իրավիճակ, երբ իշխանություններին, ըստ էության, հաջողվել է մեկ գնդակով երկու նապաստակ խփել. մի կողմից՝ «չորով» հրաժարվել ընդունել «Նոյյան Տապանի» դիմումը, ՀՌԱՀ-ը սադրել է դատական գործ սկսել իր դեմ եւ վկայակոչելով դատարանի որոշումը «հարկադրաբար» հետաձգել մրցույթը՝ խոչընդոտել միանգամից երկու ընդդիմադիր ընկերություններին՝ «Նոյյան Տապանին» եւ «Ա1+»-ին, նրանց զրկելով այդ մրցույթին մասնակցելու հնարավորությունից, ընդ որում՝ ամենատարբեր հաշվարկներով, գոնե, մինչեւ առաջիկա ընտրությունները, նաեւ պայմաններ ստեղծել այդ երկուսին գժտեցնելու համար: Ըստ էության, «Նոյյան Տապանն» իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու ընթացքում, կամա թե ակամա, օբյեկտիվորեն դարձել է նաեւ «Ա1+»-ի իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով անցկացվելիք մրցույթին մասնակցելու ոտնահարման պատճառներից մեկը: Մի կողմից «Նոյյան Տապան»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանն, իր խոստովանությամբ, չէր կարող ձեռքերը ծալած նստել եւ հանգիստ նայել, երբ ակնհայտորեն ոտնահարվել էին իր ընկերության իրավունքները, մյուս կողմից՝ դիմելով դատարան՝ հայտնվել է չափազանց նուրբ իրավիճակում: Այդ հանգամանքը լավ հասկանալով՝ երեկ դիմել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ հաշտություն կնքելու առաջարկով. «Նոյյան Տապան» ՍՊԸ-ն առաջարկում է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին մինչ դատական նիստը հասնել հաշտության համաձայնության հետեւյալ ձեւով. ա/ ՀՌԱՀ-ն ընդունում է «Նոյյան Տապան» ՍՊԸ-ի փաստաթղթերը Երեւան քաղաքի տարածքում 5 հեռուստակապուղիների մրցույթին մասնակցելու վերաբերյալ եւ մոտակա օրերին նշանակում է բոլոր մրցութային փաթեթների բացումը եւ մրցույթի ամփոփումը: բ/ «Նոյյան Տապանն» իր հերթին պարտավորվում է ձեռնպահ մնալ այս հարցի շուրջ հետագա դատական գործընթացներից»: Իհարկե, կարծում ենք, ՀՌԱՀ-ը այնքան էլ միամիտ չէ եւ դատական նման գործընթացն աչքի առաջ ունենալով հանդերձ է նոյեմբերի 8-ին մերժել «Նոյյան Տապանի» դիմումն ընդունել հենց այդ՝ մրցույթի անցկացումը ձգձգելու համար, առավել եւս, որ նման միտում արդեն վաղուց կար: Արդյո՞ք Տ.Հարությունյանը կարծում է, որ հաշտության առաջարկը կարող է գայթակղիչ լինել ՀՌԱՀ-ի համար: «Իրոք, վտանգ կա, որ իշխանություններն օգտվելով ստեղծված պատեհ առիթից կարող են բավական ձգձգել մրցույթի անցկացումը, ուստի, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա նրանց չհաջողվի անել: Ու թեեւ մեր ինքնասիրությունն էլ է վիրավորված ՀՌԱՀ-ի պահվածքից, այդուհանդերձ, մենք բարի կամք ենք դրսեւորել եւ վերջինիս առաջարկում ենք համաձայնության գալ: Նրանք պետք է, որ համաձայնեն մեր առաջարկին, եթե, իրոք, մրցույթը միտումնավոր ձգձգելու միտում չունեն, եթե առավել եւս չեն ուզում, որ նախընտրական փուլ մտնենք շիկացած մթնոլորտում: Կարծում եմ, պրն Ամալյանի համար էլ է պարզ, որ դատական վճիռը հօգուտ մեզ է լինելու, որովհետեւ մեր դիմումը, առանց նայելու, թե դրանում ինչ կար, չընդունելն էր ինքնին անհեթեթություն եւ ապօրինություն»: Տ.Հարությունյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե «Նոյյան Տապանի» հաշտության առաջարկի նկատմամբ ՀՌԱՀ վերաբերմունքը կարող է հանձնաժողովում առկա միտումների լավագույն ինդիկատորը լինել: «Եթե նրանք չհամաձայնեն մեր պարզած ձեռքին ձեռք մեկնել, կնշանակի՝ ակնհայտ է, որ նրանց ընդամենը պատրվակ էր պետք եւ, որ մեզ ի սկզբանե կանխամտածված են մերժել՝ հասկանալով, որ մենք կդիմենք դատարան եւ կստացվի այսպիսի իրավիճակ: Համենայն դեպս, մեր խնդիրն է հիմա բոլոր միջոցները ձեռնարկել, որ հանձնաժողովը կատարի իր պարտավորությունն ու այս տարվա մեջ հաճախությունների մրցույթ հայտարարի, որին մասնակցենք ե՛ւ մենք, ե՛ւ «Ա1+»-ը»: Իսկ ձեւավորված այն տեսակետին, թե այս փուլում «Նոյյան Տապանի» եւ «Ա1+»-ի շահերը չեն համընկնում, պրն Հարությունյանն այնքան էլ չհամաձայնեց. «Ինձ զարմացնում է այդ մոտեցումը: Հակառակը, ես կարծում եմ, մեր շահերն այսօր էլ համընկնում են: Մյուս կողմից՝ ես կարող եմ հասկանալ իմ գործընկերներին. նրանք 7 ամիս պարապուրդում են, եւ կոլեկտիվի գոյությունը վտանգի տակ է, բայց ուզում եմ դրան հակակշռել այն, որ մենք էլ 1,5 տարի մի բարվոք վիճակում չենք: Այսինքն, մենք բախտակիցներ ենք եւ մրցույթի հետաձգումը մեզ էլ ձեռնտու չէ: Դատարան դիմելու մեր քայլի որեւէ այլ մեկնաբանություն, կարծում եմ, կոռեկտ չի լինի այնպես, ինչպես կոռեկտ չէ այն հարցադրումը, թե մենք կհրաժարվե՞նք մեր բիզնեսից՝ հանուն մեր գործընկերների, թե՞ ոչ: Մենք երբ գնում էինք դրան, հասկանում էինք, որ որոշակի անհարմարություն ստեղծելու ենք ե՛ւ մեր, ե՛ւ մեր գործընկերների համար: Բայց մենք միասին պետք է պայքարենք եւ կարողանանք հորդորել, ճնշել, պահանջել, որ մրցույթն, այնուամենայնիվ, անցկացվի: Այն ինչ մենք ենք նախատեսել՝ իդեալական տարբերակ է, եւ եթե բարի կամք լինի, կարծում եմ, մի քանի օրվա ընթացքում հարցը կսպառվի եւ հնարավոր կլինի մրցույթը հայտարարել»: Կարծում ենք, ե՛ւ «Նոյյան Տապանը» ե՛ւ «Ա1+»-ը, ՀՌԱՀ-ի հետ ավելի քան կես տարի կռիվ տալուց հետո, պետք է որ լավ ճանաչեին իրենց հակառակորդին եւ աչքի առաջ ունենային, որ իրենց եթեր չվերադարձնելու հարցն, իրոք, քաղաքական է՝ առավել եւս նախագահական ընտրությունների փուլում, եւ իշխանությունները՝ հանձին ՀՌԱՀ-ի, որեւէ միջոցի առաջ կանգ չէին առնելու այդ նպատակին հասնելու համար ու, անկախ այն բանից, «Նոյյան Տապանը» կդիմեր դատարան, թե ոչ, մեր ներքին համոզմամբ, միեւնույն է՝ «Ա1+»-ին եթերը չէր վերադարձվելու: Իսկ պատճառաբանությունները կարող էին տարբեր լինել: Ի վերջո, ռեժիմը դեռ ապրիլին այս ճաշը չէր եփել, որ հետո ընտրությունների նախաշեմին «Ա1+»-ին եթեր վերադարձներ: Ինչեւէ: Երեկ «Ազատություն» ռ/կ-ն տեղեկացրեց, որ ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանը ստացել է «Նոյյան Տապանի» «հաշտության առաջարկն», ու վերջինս չի բացառել, որ նամակը կարող է քննարկվել հանձնաժողովի այսօր կայանալիք նիստում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել