Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ն ընդդեմ ԱԻՄ-ի

Նոյեմբեր 27,2002 00:00

ԱԻՄ-ն ընդդեմ ԱԻՄ-ի Երկպառակությունը փոխադրվեց դատարան Չնայած ԱԻՄ-ը ազգային գաղափարախոսական կուսակցություն է (ինչի մասին հաճախ է հիշեցնում կուսակցության նախագահ Պ. Հայրիկյանը), այդուհանդերձ, կուսակցության ներսում ստեղծված երկպառակության հայտնի դեպքերից հետո Լոռու մարզային համանուն կառույցն ստիպված է ներգրավվել նյութական խնդիրների մեջ։ Ահավասիկ, ԱԻՄ-ի «գաղափարական» խումբը (այսինքն՝ Հայրիկյանին աջակցողները) դատի է տվել «մանր-մունր շահերով առաջնորդվող» (ինչպես Հայրիկյանն է արտահայտվում ԱԻՄ-ից հեռացածների մասին) այն խմբին, որը Ներսես Զեյնալվանդյանի հետ միասին հանրապետության տարբեր մարզերում շարունակում է «ԱԻՄաքայքայիչ» գործունեությունը։ Հայրիկյանին աջակցող խումբը (Լ. Խեչիկյան եւ մյուսներ) պահանջ է ներկայացրել հակահայրիկյանական խմբին՝ ազատել մարզային գրասենյակի տարածքը։ «Դե, եթե իրենք ԱԻՄ-ական չեն, էլ ի՞նչ գործ ունեն ԱԻՄ-ի տարածքի հետ, ուրեմն պետք է ազատեն տարածքը»,- պատճառաբանեց Հայրիկյանին աջակցող մի ԱԻՄ-ական։ Հակահայրիկյանական խումբն էլ, ի դեմս հնագույն ԱԻՄ-ական, Լոռու կառույցի՝ մինչ երկպառակությունների սկիզբը նախագահ Գագիկ Մարիկյանի, մտադրություն չունի տարածքը զիջել, գտնելով, որ Հայրիկյանից հեռացածներն ավելի շատ իրավունքներ ունեն տարածքի նկատմամբ։ Ըստ վերջինների, ԱԻՄ-ը ոչ միայն Հայրիկյանն է, այլեւ այն նվիրյալները, որոնք շուրջ 15 տարի պայքարել են հանուն ԱԻՄ-ի՝ ԱՄԿ-ից ժառանգած գաղափարների։ Հատկանշական է, որ Հայրիկյանից հեռացած խումբը դեռեւս իրենց համար կուսակցության նոր տարբերակիչ անուն չի հռչակել (ասենք, օրինակ, «Նորացված ԱԻՄ»), ուստի պայմանականորեն նրանք շարունակում են համարվել ԱԻՄ-ականներ, մանավանդ որ, հրաժարվել են ոչ թե գաղափարախոսությունից, այլ Հայրիկյանից։ «Էս բոլորը Ներսեսի արածն է։ Հայրիկյանը ում որ աճեցնում է՝ վերջում իրեն քաշում են ու հեռանում»,- Հայրիկյանին աջակցող խումբը այսպես է ներկայացնում ԱԻՄ-ում ստեղծված իրավիճակի դրդապատճառները։ Վերջիններս համոզված են, թե Հայրիկյանից հեռացողներին Զեյնալվանդյանը պաշտոններ է խոստացել՝ կապի նախարարի (ՀՀԿ անդամ) միջոցով, որի տեղակալն է ինքը՝ Զեյնալվանդյանը։ Հարցը թերեւս կլուծվի «օրենքի սահմաններում»՝ հօգուտ տեղական իշխանությունների։ Հիշեցնենք, որ ԱԻՄ-ի Լոռու կառույցի տարածքի՝ 400.000 դրամ պարտքը Վանաձորի քաղաքապետարանը չեղյալ էր համարել այն ժամանակ, երբ Պ. Հայրիկյանը ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էր։ Ներկայումս, կարծում ենք, քաղաքապետարանը «տիրոջ իրավունքով» կարող է հայտարարել, որ «էս տարածքն իմն է» եւ սեփականաշնորհել այն, ինչի վերաբերյալ արդեն իսկ գործնական խոսակցություններ կան։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել