Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՍԵՐՆ Է, ԻՍԿ ԲՈԼՈՐՍ՝ ՆՐԱ ԾԱՌԱՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ

Դեկտեմբեր 05,2002 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՍԵՐՆ Է, ԻՍԿ ԲՈԼՈՐՍ՝ ՆՐԱ ԾԱՌԱՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 11-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը։ Հայտնի դարձան չեմպիոնը, մրցանակակիրները, երկրի գավաթակիրը։ Առաջնությունն այս տարի առանձնապես լուրջ ցնցումներ չապրեց ու բարեհաջող հատեց եզրագիծը։ Այդուհանդերձ, արձանագրվեցին տհաճ միջադեպեր, որոնք ինչ-որ չափով ստվերեցին այն։ Հիմա, երբ ամեն բան ետեւում է ու հետադարձ հայացք ես գցում անցած-գնացածի (՞) վրա, համոզվում ես, որ հանրապետությունում թիվ մեկ մարզաձեւը բարեփոխումների կարիք ունի, ու դրանց պետք է մասնակցի յուրաքանչյուր օղակ եւ սուբյեկտ։ Ֆեդերացիա Լինելով Հայաստանում ֆուտբոլի ընդհանուր վիճակի գլխավոր պատասխանատուն՝ ՀՖՖ-ն պետք է ավելի վճռական լինի հատկապես կազմակերպական հարցերում։ Ոլորտում իսկական կարգուկանոն հաստատելը այլեւս անհրաժեշտություն է։ Դրա համար անհրաժեշտ է նախ եւ առաջ էական փոփոխություններ կատարել կանոնադրությունում եւ անպայման հասնել այն բանին, որպեսզի դրանց անվերապահ կատարումը պարտադիր լինի բոլորի, առանց բացառության բոլորի համար՝ անկախ պաշտոնից, դիրքից եւ նախկինում ունեցած ծառայություններից։ Հակառակ դեպքում չեն վերանա այնպիսի արատավոր երեւույթները, երբ թիմը չի ներկայանում հանդիպման, հովանավորը, ակումբի նախագահը, մարզիչը իրեն իրավունք կվերապահի անձնական վիրավորանք հասցնել մրցավարներին, ֆիզիկական ուժ գործադրել կամ, պարզապես, թիմը հանել դաշտից։ Այս արատավոր երեւույթները ֆուտբոլ են ներթափանցել նախկին ղեկավարների օրոք, ունեցել են ավելի վատ դրսեւորումներ, ինչպես, օրինակ, առաջնության բոյկոտումը, եւ դարձել են հայկական ֆուտբոլի «ծանր հիվանդություններից» մեկը։ Հավանաբար, դրանում մեղավորության իրենց մեծ բաժինն ունեին նաեւ ՀՖՖ նախկին ղեկավարները, որոնք չկարողացան կամ գուցե չցանկացան պատշաճ ձեւով ձեռքում պահել իրենց վստահված ղեկը՝ հետապնդելով ինչ-ինչ նպատակներ։ Հիմա ՀՖՖ նոր նախագահ Ռուբեն Հայրապետյանը ձեռնամուխ է եղել դրանց վերացմանն ու շտկմանը։ Դա ծանր իրագործելի աշխատանք է ու երկար ժամանակ է պահանջում։ Այս գործում շտապողականությունը, չափից ավելի կտրուկությունը կարող են հակառակ արդյունք տալ։ Բայց հապաղելն էլ լավագույն տարբերակը չէ։ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո ունեցած իր առաջին պաշտոնական ելույթում Ռ. Հայրապետյանը հայտարարեց, թե ինքը համեմատաբար ավելի բարվոք ժառանգություն է ստացել, քան Սուրեն Աբրահամյանն իր նախորդից։ Բայց էլի սխալները, թերություններն այնքան շատ են, որ դրանք առանձին-առանձին վերացնելու համար տարիներ կպահանջվեն։ Լավ է, որ դեկտեմբերի 24-ին կայանալու է ՀՖՖ հիմնադիր կոնֆերանս, որում օրենքի պահանջով փոխվելու է ֆեդերացիայի կարգավիճակը։ Այն դառնալու է իրավական անձանց միություն։ Այդ առիթով կազմվել է կանոնադրության նոր նախագիծ։ Հուսով ենք, որ նոր փաստաթղթում հաշվի առնված կլինեն նշված եւ այլ հիմնահարցերը, որպեսզի բացառվեն կամ գոնե նվազագույնի հասցվեն կամայականությունների դրսեւորումները։ Ապագային լավատեսորեն նայելու հիմք է տալիս նաեւ օրերս ֆուտբոլային ակումբների ղեկավարների մասնակցությամբ կայացած ՀՖՖ գործկոմի նիստը, որում նախագահը հայտնել է ֆուտբոլային խոհանոցում կարգուկանոն հաստատելու իր վճռականությունը եւ ստացել նրանց վստահության քվեն։ Ենթադրելի է, որ այս ամենը ֆեդերացիայի ղեկավարությանն անսահմանափակ ու անվերահսկելի իրավունքներ չպետք է տա։ Ամեն բան պետք է կատարվի այն օրենքների շրջանակներում, որ հիմնադիր կոնֆերանսում ընդունվելու է քվեարկությամբ։ Հայկական ֆուտբոլը ներկայիս ծանր վիճակից հնարավորին չափ արագ դուրս կգա, եթե շուտ վերականգնվի ֆեդերացիայի եւ ակումբների միջեւ խաթարված վստահությունը, վերահաստատվի սերտ, գործնական ու փոխշահավետ համագործակցություն։ Ավելորդ ամբիցիաները այստեղ անելիք չպետք է ունենան։ Մյուս կարեւոր քայլը, որ պետք է արվի, դա ֆուտբոլի զարգացման՝ բոլորի կողմից հավանության արժանացած, ծրագիր կազմելն է, որը պետք է նախանշի, թե ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ եւ ինչպե՞ս։ Հարկավոր է ունենալ աշխատանքային հստակ ծրագիր՝ փուլերի բաժանված առաջադրանքներով ու ձեռնամուխ լինել դրանց հետեւողական իրականացմանը՝ սկսած ամբողջ երկրով մեկ ֆուտբոլի տարածումից, մանկապատանեկան հասակի երեխաների հետ լուրջ աշխատանք ծավալելուց, մինչեւ ազգային հավաքական։ Սա ծանր ու աշխատատար գործընթաց է, որում պետք է կարողանալ ներգրավել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այլեւայլ գերատեսչությունների, գործարարների։ Բոլորը պետք է հասկանան, որ որքան զարգացած լինի ֆուտբոլը, որքան մեծ աջակցություն ստանա այն, այնքան կբարգավաճի նաեւ հանրապետությունը։ Մեզ թվում է, որ արժե վերանայել նաեւ ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի հետ համագործակցության որոշ ոլորտներ։ Օրինակ, ժամանակ առ ժամանակ այստեղ նրանց մասնագետների մասնակցությամբ՝ մարզչական, մրցավարական սեմինարները։ Դրանց վրա, կարծում ենք, բավականաչափ գումարներ են ծախսվում ու կարեւոր էլ չէ, թե ով է ծախսողը՝ մեր ֆեդերացիա՞ն, թե՞ նրանք։ Էականը դրանց վերջնական արդյունքն է։ Տեսական դասընթացները (իհարկե, դրանք էլ պետք են), մի քանի գործնական պարապմունքները մեր մասնագետների որակավորումը տեսանելիորեն չեն բարձրացնի։ Դրանք հիշեցնում են խորհրդային տարիներին «Գիտելիք» ընկերության՝ շրջաններում անցկացվող մարքսիզմ-լենինիզմի դասախոսությունները։ Մասնագետը գնում էր շրջան, կարդում օրվա թեման ու վերադառնում։ Դրա համար նա վարձատրվում էր, «Գիտելիքում» էլ «պտիչկա» էր դրվում, բայց տակը, ըստ էության, ոչինչ չկար։ Համեմատությունը գուցե խիստ ստացվեց։ Բայց ավելի ճիշտ չի՞ լինի, որ մեր մարզիչներից, մրցավարներից մեկական մարդ այդ գումարներով գործուղվի եվրոպական որեւէ երկիր, մի երկու ամիս մասնակցի այնտեղի թիմերի մարզումներին, մրցավարն էլ տեսնի, թե ինչպես են աշխատում իրենց գործընկերները։ Սա, կարծում ենք, ավելի նպատակահարմար տարբերակ է։ Ֆեդերացիան պետք է աշխատի թափանցիկ՝ սկսած մասնագիտական ծրագրերի մշակումից եւ իրականացումից, մինչեւ ֆինանսականը։ Պետք է բացել հաստ վարագույրը, որ այլոց առջեւ կախել են ՀՖՖ նախկին ղեկավարները։ Ֆեդերացիայում չաշխատող, բայց ֆուտբոլում գտնվող մասնագետները թող նախապես տեղեկացվեն կարեւոր ծրագրերին, իրենք էլ կարծիք հայտնեն։ Դրանից միայն օգուտ կլինի։ Ինչ վերաբերում է ֆինանսականին, տողերիս հեղինակին դա բացարձակ չի հետաքրքրում։ Երբեք ուրիշի փողերը հաշվելու ցանկություն չեմ ունեցել։ Բայց, որքան տեղյակ եմ, ՀՖՖ նախկին ղեկավարության օրոք այդ ոլորտը գաղտնի է պահվել նույնիսկ գործկոմի որոշ անդամներից։ Նրանք չեն իմացել, թե ինչ բյուջե կա, երբ, որտեղ եւ ինչպես են գումարները ծախսվել։ Մինչդեռ, ծրագրեր են հաստատել, որոնց համար ծախսեր պետք է արվեր։ Եթե իրազեկ չլինի, գործկոմի անդամը ինչպե՞ս կարող է կողմնորոշվել, թե նպատակահարմա՞ր է այս կամ այն ծրագրին կողմ կամ դեմ քվեարկել։ Ճիշտ կլինի, որ գործկոմների, հանձնաժողովների նիստերը բաց լինեն լրատվամիջոցների առջեւ։ Թող լրագրողները, եթե ցանկանան, ներկա լինեն քննարկումներին ու մարզասերներին մատուցեն իրենց տեսածը, այլ ոչ թե ստիպված լինեն բավարարվել նիստի մասնակցի պատմածով, որը կարող է սուբյեկտիվ լինել։ Ընդհանրապես, Ռուբեն Հայրապետյանի գալով, ֆեդերացիա-լրատվամիջոցներ կապն աշխուժացել է։ Սակայն խիստ զգացվում է լրատվական ծառայության բացը։ Շատ հաճախ դրա պատճառով շատ ու շատ կարեւոր իրադարձություններ ուշադրությունից դուրս են մնում, որովհետեւ չկա այն օղակը, որը նախապես պետք է տեղեկացներ տեղի ունենալիքի մասին կամ օրվա ընթացքում սպառիչ պատասխան տար մարզական լրագրողին հետաքրքրող այս կամ այն հարցին։ Ճիշտ է, նախագահը, կարեւորելով այդ խնդիրը, անպայման ստեղծելու է այդ օղակը։ Ձգձգումը տեխնիկական բնույթի է, սակայն ժամանակն անցնում է, իսկ ֆուտբոլասերները դեռ ինֆորմացիայի սով են զգում։ Եվ վերջինը։ Առանց պետության աջակցության բոլոր լավ ծրագրերը կամ կձախողվեն, կամ թերի կմնան։ Կոմունիստների ժամանակ ֆուտբոլը կենտկոմի առաջին քարտուղարի վերահսկողության ոլորտում էր։ Հիմա պետության հետ կապերը շատ թույլ են, եթե չասենք՝ չկան։ Պետությունն էլ պարտավոր է մասնակցել ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը, բայց չպետք է միջամտի կազմակերպական ու մասնագիտական հարցերին։ Այ եթե լինի իսկական ծրագիր, պետությունն էլ կիմանա, թե ինքն ինչ դերակատարություն պետք է ունենա։ Կրկնում եմ, խոսքը ֆուտբոլային լուրջ ծրագրի, մարզաձեւի հետագա ճակատագրի մասին է, այլ ոչ թե ինչ-որ խորտկարանի։ Շարունակելի Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել