Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԲԻԶՆԵՍ Է»

Դեկտեմբեր 10,2002 00:00

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԲԻԶՆԵՍ Է» Որի կանոնները, սակայն, չեն գործում Սանիտարահիգիենիկ նորմերից զուրկ ու գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում եւ առհասարակ Շիրակի մարզում նկատելի է սրտանոթային, ուռուցքային, աչքերի տարաբնույթ հիվանդությունների կտրուկ աճ: Սակայն մեծ պահանջարկին հակառակ՝ այս մարզում դեռեւս լուծված չէ խիստ անհրաժեշտ բուժսարքավորումների հարցը: Զարգացած տեխնոլոգիայի դարաշրջանում տեխնոլոգիա երազող գյումրեցու համար դարձյալ խախտվում է տնտեսագիտության ոսկե կանոնը. առաջարկ-պահանջարկի անհամապատասխանությունը՝ ի վնաս վերջինի: Ու չնայած Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը այն կարծիքին է, թե մեր մասնագետները հզոր են, քանի որ հույսները չեն դնում տեխնիկայի վրա. «նրանք դիագնոզի բնական տեխնիկա են», այնուամենայնիվ, մարզի միակ նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանը զարմանում է, պնդելով ճիշտ հակառակը. «Փառք Աստծո, որ ունենք լավ մասնագետներ: Սակայն տեղափոխվում ենք 21-րդ դար, եւ առանց համապատասխան բուժսարքավորումների՝ հիվանդներին ճիշտ ժամանակին բուժօգնություն ցույց տալն անհնար է»: Վերջինս սեփական մաշկի վրա է զգում համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորման «կոպիտ» անհրաժեշտությունը, առանց որի, նրա խոսքերով ասած, «յոլա չի կարող գնալ բժիշկը»: Հիվանդի գործն առավել բարդ է. ծայրաստիճան ծանր վիճակում գտնվելու դեպքում էլ նա ստիպված է հաղթահարել120-130 կիլոմետր հեռավորություն՝ մայրաքաղաք հասնելու համար (իհարկե, եթե նրան հաջողվի հաղթահարել): Առողջապահության վարչության պետի հավաստմամբ, ծանր վիճակում գտնվողներին իրենք շտապօգնության մեքենայով են տեղափոխում Երեւան եւ պետության կողմից երաշխավորված ծրագրով են իրականացնում դժվարամատչելի հետազոտությունները: Սակայն նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանը պնդում է, որ «ծանր վիճակում գտնվողներին ոչ միայն անցանկալի է, այլեւ երբեն անթույլատրելի է որոշակի տարածություններ տեղափոխը»: Ինչեւէ, «սարքավորումն ունենալու հույս կա՞, թե՞ չկա» հարցին ի պատասխան՝ առողջապահության վարչության պետը նշեց, որ աշխատանքներ են տանում այս ուղղությամբ. «դիմել ենք առողջապահության նախարարին, դիմելու ենք նաեւ Աժ պատգամավորներին՝ Ճապոնական կառավարության դրամաշնորհը արդեն Գյումրի տեղափոխելու համար»: Ի դեպ, Ճապոնական կառավարությունը Երեւանում արդեն 2-րդ կլինիկան է կահավորում ժամանակակից բուժսարքավորումներով: Սակայն դիմելը մի բան է, լուծում ստանալը՝ մեկ այլ: Նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանն, օրինակ, նույն հարցով բազմիցս դիմել է տարբեր իրավասու անձանց, ու հարյուր տոկոսանոց խոստումներից բացի, ոչինչ չի ստացել: Իհարկե, սա Գյումրիին խիստ անհրաժեշտ միակ սարքը չէ. աչքերի հիվանդություններն ախտորոշող համակարգչի եզակի նմուշ եւս չկա: Մինչդեռ Ռուբեն Խաչատրյանի հավաստմամբ, հատկապես երիտասարդների շրջանում նկատելի է տեսողության թուլացում: «Միայն զորակոչային տարիքի պատանիների 15 տոկոսը տառապում է աչքերի հիվանդությամբ եւ չի ծառայում Ազգային բանակում»,-ասում է Ռ. Խաչատրյանը՝ հիմք ընդունելով անցկացված փորձաքննության արդյունքները: Պատճառը պարզ է. «տնակային կառույցների սանիտարահիգիենիկ նորմերի մասամբ կամ ամբողջովին բացակայությունը, տնակային դպրոցներում աշակերտական նստարանների ու գրատախտակների՝ բնական լուսավորվածությունից զրկված լինելը, ինչպես նաեւ թերսնվածությունը»: Իսկ Գյումրիի ուռուցքային դիսպանսերի տնօրեն Ալեքսան Գրիգորյանը հիվանդությունների ճիշտ ժամանակին չբացահայտելը կապում է գործազրկության հետ: «Առաջ հիմնարկներում պարտադիր հետազոտություններ էին անցկացվում, հիվանդությունները հայտնաբերում էին: Իսկ հիմա՝ հիվանդ լինելու դեպքում էլ բժշկի չեն դիմում: Իսկ մեր հիվանդանոցի անունը լսելիս՝ սարսափում են»,- ասում է տնօրենը: Եթե նկատի ունենանք, որ այս դիսպանսերի ռենտգենախտորոշման ապարատը հին է՝ «սովետի ժամանակի», սոնոգրաֆ-էխոսկոպ ապարատը 20-23 տարեկան է, մամոգրաֆիկ սարքը չի աշխատում, իսկ մարզում վերանորոգող մասնագետ չկա, ուրեմն ճիշտ են վարվում հիվանդները: Չնայած մյուս հիվանդանոցներում հիշյալ ապարատներից օգտվելը ավելի թանկ է նստում, իսկ ուռուցքաբանական դիսպանսերում ստուգումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Այս բուժհիմնարկից տեղեկացանք նաեւ, որ ավելացել է կրծքագեղձերի հիվանդությամբ տառապող կանանց թիվը: Իսկ առողջապահության վարչության պետն ասում է, թե առողջապահությունը եւս բիզնես է եւ մարզում պետք է տեղադրել այն սարքերը, որոնց կարիքն ու հիվանդների քանակի եւ բուժման շահավետության առումով հիմնավորվածությունը կա: Բայց մի՞թե անվճարունակ մարզում հաջող բիզնես չակնկալելու դեպքում պետությունը պետք է ձեռքերը լվանա մի ամբողջ տարածաշրջանի բնակչությունից: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել