Որակյա՞լ նախապատրաստություն Գնահատական՝ ըստ Յուրի Յարովի ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը երեկ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ ընդգծել է, որ 2003թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ հենց ընտրությունների ընթացքին հետեւելու համար ընտրություններից մեկ ամիս առաջ Երեւանում կբացվի ԱՊՀ երկրների դիտորդական առաքելություն, որն առնվազն 40 մարդ կգործուղի Հայաստան՝ ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Դիտորդները կներկայացնեն ԱՊՀ երկրների ընտրական հանձնաժողովները, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովը: Կլինեն նաեւ ԱՊՀ առանձին պետությունների դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ: «ԱՊՀ դիտորդական առաքելությունը մասնակցել է Բելառուսի նախագահական եւ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին»,- տեղեկացրել է պրն Յարովը: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե այս դիտորդական առաքելության ներկայությունն ի զորու է արմատապես փոխել Հայաստանում արդեն վաղուց ձեւավորված ընտրությունների արատավոր պրակտիկան՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ճնշումներ ընտրողների վրա եւ այլն: Այդպես մտածելու համար մենք նկատի ունենք այն փաստը, որ նույն Բելառուսում էլ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առնչությամբ, որի արդյունքում, ի դեպ, այդ երկրի նախագահ վերընտրվեց Ալ.Լուկաշենկոն, բազմաթիվ կեղծիքներ, ամենատարբեր մակարդակներում գործադրված ճնշումներ էին եղել, որոնք հանգեցրել էին նաեւ զանգվածային դժգոհության բացահայտ ալիքի: Միաժամանակ, ԱՊՀ երկրների գործադիր քարտուղար Յու. Յարովի հավաստմամբ՝ նախորդ օրը նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս, պատկերացնո՞ւմ եք, վստահեցրել է, թե շահագրգիռ է, որ նախագահական ընտրություններն արտահայտեն ժողովրդի իրական կարծիքը: Այդ «իրական» կարծիքը, դատելով իշխանությունների կողմից պատվիրվող եւ շրջանառվող հարցումներից, ըստ պրն Քոչարյանի, պետք է լինի հօգուտ իրեն, ընդ որում՝ ամենաքիչը, թերեւս, 37-40 տոկոս, իսկ քվեարկության օրվան ավելի մոտ ժամանակահատվածում՝ գուցե նաեւ 60-70 տոկոս: Ինչեւէ: ԱՊՀ գործադիր քարտուղարը ՀՀ նախագահին խոստացել է, որ ընտրական գործընթացում թերություններ հայտնաբերելու դեպքում անմիջապես կհայտնեն իրենց կարծիքը: Նա հաղորդել է, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին ներկա էր 29 դիտորդ ԱՊՀ-ից, իսկ Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ներկա է եղել 229 դիտորդ: Մինչդեռ, ըստ պրն Յարովի, Հայաստանում կա ընդամենը 11 մարզ, ուստի դիտորդներն էլ այդքան շատ չեն լինի: Այդուհանդերձ, պատասխանելով «Արմինֆո» գործակալության լրագրողի հարցին, Յու.Յարովն ասել է, թե դիտորդները փորձելու են նախագահական այս ընտրություններում ավելի ուշադիր լինել մասնավորապես ազատ ընտրությունների ապահովմանն ու քվեարկության ժամանակ ընտրողների վրա ճնշման բացառմանը: Նրա խոսքերով, ընտրությունները պետք է լինեն թափանցիկ, արդար եւ ժողովրդավարական: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ ԿԸՀ-ն կկազմակերպի թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ՝ հավանաբար անտեղյակ լինելով, որ առաջադրված թեկնածուներից երկուսն այդ ԿԸՀ-ի հետ արդեն այսօր պրոբլեմ ունի, նույնիսկ որպես պատասխանող կողմ՝ նրան հասցրել են դատարան հրավիրել եւ մեղադրել ՀՀ Օրենսդրության եւ մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Փոխարենն ԱՊՀ գործադիր քարտուղարն ասել է. «Ներկայումս մենք վստահ ենք, որ Հայաստանում ընտրությունների նախապատրաստումն իրականացվում է որակյալ կերպով, առանց երկրի համապատասխան օրենսդրության խախտումների»: Յու. Յարովի հավաստմամբ, ՀՀ նախագահը եւս հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՊՀ առաքելությունն «իսկապես նկատի այն ամենը, ինչ տեղի է ունենում ե՛ւ ընտրությունների ընթացքում, ե՛ւ նրա շրջապատում»: Ավելին, Քոչարյանը նաեւ հորդորել է, որ ԱՊՀ առաքելությունը պետք է համոզվի, որ ընտրություններն անցնում են թափանցիկ, ազատ եւ, որ դրանք ժողովրդի կամքի արտահայտությունն են, եւ նույնիսկ ինչ-որ բաներ հուշի՝ թերություններ հայտնաբերելու դեպքում: Հաստատ հայտնաբերեց ու շտկեց: Սեփ. լր.


















































