Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՇԱՌՎԻ

Դեկտեմբեր 17,2002 00:00

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՇԱՌՎԻ Չի գտնվի որեւէ ուժ, որ կարողանա հաղթել նրան Ամիսներ շարունակ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն, իշխանամետ մամուլը ներգործում են մարդկանց ուղեղների վրա, հետեւողական ներարկում բացահայտ կեղծիք՝ հեքիաթներ աննախադեպ տնտեսական աճի, բարեկեցիկ կյանքի մասին։ Եվ դա այն դեպքում, երբ աղքատությունը հասնում է 80 տոկոսի, երբ գոյացած եկամուտների անգամ 10 տոկոսը պետբյուջե չի մտնում, արտագաղթը հասնում աննախադեպ չափերի։ Իշխանության խամաճիկները, իրենց կուսակցություններին դավաճանածները, կերած հացն ուրացածները օր ու գիշեր Քոչարյանի գովքն են անում։ Այնինչ նրանք ընդամենը գործիք են, այն էլ՝ իրավիճակային «գործիք», իսկ գործիքներն ունեն օգտագործվելուց հետո դուրս շպրտվելու հատկություն։ Եվ եթե կարծում են, թե Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չգիտեն, որ մեկ անգամ դավաճանածը կդավաճանի նորից եւ վերստին՝ սխալվում են։ Ո՞ւր են այսօր 2000 թ. մարտի 3-ին հայտարարություն անողները։ Բացի Ստեփան Դեմիրճյանից եւ Արամ Սարգսյանից՝ ամեն մեկը մի յուղոտ պատառ է պոկել, իր տաքուկ անկյունում մտել է ծակը։ Ո՞ւր են Վազգենի մահից հետո կուրծք ծեծողները։ Բենզինի ու գազի գործ են անում։ Փաստորեն դա էր ուզածները, մի քանի կոպեկ ստանալու համար էին թափում կոկորդիլոսի արցունքներ, Սպարապետի մահվան դիմաց վրեժխնդրության մասին ասում ամպագոռգոռ բառեր։ Կարեն Դեմիրճյանին հաճախ մեղադրում են, ասում են՝ ո՞ւմ բերեցիր խորհրդարան, մի շարք դավաճանների, մորթապաշտների։ Մասամբ իրավացի են։ Սակայն ծայրահեղ իրավիճակն է ստիպում մարդկանց բացահայտել իրենց իրական պատկերը։ Հիմա արդեն պարզ է, որ ոմանց վերաբերյալ կատարվել էր սխալ ընտրություն։ Բայց դրա հետ մեկտեղ՝ Դեմիրճյանը խորհրդարան է բերել նաեւ ազնիվ, պարկեշտ մարդկանց, իրենց եւ իրենց սկզբունքներին հավատարիմ մնացած մարդկանց, որոնք այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների են ենթարկվել, դիմացել ամեն տեսակի ճնշումների։ Այս տարիներին մեզ պահել է միայն մեր ժողովրդի հավատը, այն հոգնած, բայց հույսով լի կանանց ու տղամարդկանց աչքերը, որ տեսել ենք մարզեր այցելելիս։ Արդեն ավարտվել է նախագահական թեկնածուների առաջադրումը։ Քոչարյանը հանդգնություն ունեցավ դարձյալ ներկայացնել իր թեկնածությունը։ Ասում են՝ պատմությունը կրկնվում է մեկ անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես զավեշտ։ Իհարկե, ընտրապայքարը լինելու է շատ թեժ։ Պետական մեքենան իր ամբողջ հզորությամբ, ֆինանսական եւ ուժային լծակներով նետվել է Քոչարյանին հաղթանակ ապահովելու համար։ Նրանք ոչնչի առջեւ չեն կանգնի, եւ բնական է՝ ինչի՞ մասին է խոսքը, եթե իշխանության գինը «27»-ն էր։ Բայց միեւնույն է, ոչինչ չի ստացվի, որովհետեւ ժողովուրդը չի կաշառվի, 5-10 հազար դրամով չի վաճառվի, սկզբունքային եւ հետեւողական կլինի, եւ ոչ մի ուժ չի հաղթի նրան։ Բանակը, ոստիկանները, ուժայինները նույն մեր քաղաքացիներն են, որոնք դարձյալ կքվում են այս հանցավոր ռեժիմի ներքո, այն նույն մարդիկ են, որոնց աշխատավարձը պետությունը սահմանել է այնչափ, որ սովամահ չլինեն, որ արժանապատվությունը մի կողմ դրած՝ ուզվոր դառնան, այստեղից-այնտեղից մի բան պոկեն, մի կոպեկի համար իրար հոշոտեն, դառնան բանսարկու եւ խարդախ։ Հայտարարում են, որ գործարար Հրանտ Վարդանյանը ակադեմիկոսներին 50-ական դոլար է տալիս, հայտարարում են հպարտությամբ։ Ու չես հասկանում, գիտակցաբա՞ր են ամբողջ աշխարհով աղաղակում, որ ստորացնում են այդ մարդկանց, որ հայ ակադեմիկոսի վաճառքի գինը Քոչարյանը 50 դոլար է սահմանել, ոչ ավելի, ոչ պակաս, այն էլ՝ մինչեւ նախագահական ընտրությունները։ Չէ՞ որ այդ գիտնականները մեր պետության կայացման մեջ մեծ լումա ունեն, չէ՞ որ նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք պարծենում ենք մեր գիտական նվաճումներով։ Այդ մարդկանց ամենեւին էլ ողորմություն պետք չէ։ Աշխատանք է պետք, արարելու ու ստեղծագործելու հնարավորություն, իրենց վաստակին համարժեք վարձատրվել, արժանապատիվ ապրել է պետք։ Այս տասը տարիների ընթացքում մեկ անգամ է, որ ունեցել ենք ժողովրդական հավատի, վստահության, հույսի պոռթկում։ Հրապարակ էր եկել մի մարդ, որին հավատում եւ վստահում էինք, որի հավատամքը դավանում էինք։ Թող լավ իմանան մարդասպանները՝ Կարեն Դեմիրճյանը չավարտվեց իր ֆիզիկական մահով։ Ի դժբախտություն հանցագործների, նրա ձեռքի դրոշը վայր չընկավ։ Այն նորից բարձր է եւ համայն հայ ժողովրդի օգնությամբ կծածանվի ավելի հզորացած, փորձ առած, համախոհներով շրջապատված՝ ժողովրդի կամքն ու պահանջը կատարելու ցանկությամբ։ ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ «Ժողովրդի ձայն» խմբի պատգամավոր, ՀԺԿ քաղխորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել