Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայի ստուգումն անհնար էր

Դեկտեմբեր 17,2002 00:00

Մեքենայի ստուգումն անհնար էր Երեկ այսպես պնդեց «Հոկտեմբերի 27» քրգործով դատակոչված վկան՝ Արթուր Հակոբյանը։ Դատակոչվելիք 129 վկաներից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացած թվով 3-րդ վկան, 4-րդ դատական նիստն է՝ ինչ ցուցմունք է տալիս եւ պատասխանում դատավարության կողմերի հարցերին։ Իսկ կողմերին մասնավորապես հետաքրքրում էր, թե դասակի հրամանատարն ինչպես է հրահանգավորել իր ենթականերին, ինչպես է իրականացվել հերթապահությունը, հսկողությունը առանձին պահակակետերում (ի դեպ, պահակակետ բառը համառորեն պահակետ էր ասում։ Իսկ պահակետ կարելի է համարել եւ… «չուլանը»), ինչ պարտականություններ են ունեցել ԱԺ-ն պահպանող ՆԳ աշխատակիցները։ Այս վկայի պարագայում ավելի ծիծաղելի վիճակ չէր կարող ստեղծվել, քան այն, ինչ ասաց եւ ինչն անհամոզեցուցիչ էր։ Ըստ այս վկայի ցուցմունքի, երբ ինքը գնացել է զգուշացնելու 2-րդ պահակակետի ոստիկան Արմեն Գասպարյանին՝ ԱԺ դռները փակելու, վերադառնալով շենք՝ տեղեկացել է, որ ինքնաձիգ են տվել Անդրանիկ Դարբինյանին։ Այսինքն, ինչպես փաստաբան Աշոտ Սարգսյանը գնահատեց, «անհասկանալի են եղել դասակի հրամանատարի գործողությունները», որովհետեւ դասակի հրամանատարը զենք չի ստանում, իսկ նրա ենթական «բարձրանում է վերեւ» զենք ստանալով։ Վերադասը, ըստ ասվածի տրամաբանության, փաստորեն զինաթափված վիճակում է եղել ահաբեկիչների կողմից ԱԺ ներխուժման պահին։ Չնայած մի տարօրինակ հայտարարություն էլ արեց Ա. Հակոբյանը։ Նա ասաց. «Կրակոցները դահլիճից էին եւ մենք վտանգ չէինք սպասում դահլիճից դուրս»։ Վկան հրաժարվեց, թե ինքն է անձամբ ԱԺ թողել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին։ «Գասպարյանը չի՞ կատարել Ձեր ցուցումը» (այն է՝ ԱԺ չթողնել եւ ոչ մեկին) միանգամայն ճիշտ հարցադրում էր, որին չկարողացավ վկան պատասխանել, ինչպես եւ այն հարցին, թե «Վահան Շիրխանյանի հետ ներս է մտել Նաիրի Բադալյանը։ Ինչպե՞ս կբացատրեք»։ Հետեւեց կցկտուր պատասխանը. «Չեմ հիշում, դրա համար չեմ կարող ասել»։ Այս հարցի անսպասելիությունը թերեւս այն է, որ ստացվում է (անկախ պատասխանից), թե Ն. Բադալյանը 3-րդ անգամ է հայտնվել ԱԺ շենքի ներսում։ Ընդհանրապես հնարավոր է նախաքննության հունը փոխվի հետեւյալ հարցի հետեւողական բարձրացումից. այն է, ԱԺ մտնող մեքենաների, մասնավորապես հեռուստատեսության, զննումն ինչպես է իրականացվել։ Վկան հայտնեց, որ մեքենայի ստուգումն անհնար է եղել իրենց կողմից եւ որ «շարժական հեռուստակայանը ոչ մի զննության չի ենթարկվել»։ Իսկ գուցե զենքը հենց այդ ճանապարհով է հայտնվել ահաբեկիչների ձեռքին, ինչպես կարծում են դատավարությանը հետեւողներից շատերը։ Երեկ ամբաստանյալներից «ամենազբաղվածը» Էդիկ Գրիգորյանն էր, որը հաստափոր գիրք էր ընթերցում։ Գուցե փնտրում է «27-ի» կազմակերպիչների՞ն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել