Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԸ «ԱՂ» ՉԷ, ԵԹԵ ՅՈԴ ՉԿԱ

Դեկտեմբեր 20,2002 00:00

ԱՂԸ «ԱՂ» ՉԷ, ԵԹԵ ՅՈԴ ՉԿԱ Աջափնյակի պարենային խանութներից մեկում աղ էի ուզում գնել։ Խնդրեցի տալ ինձ Հայաստանում արտադրվածից։ «Ի՞նչ տարբերություն,- զարմացավ վաճառողուհին,- աղը աղ չէ՞»։ Խնդրեցի ցույց տալ բոլոր տեսակի փաթեթավորված աղերը։ Վաճառասեղանի վրա դրեցին երկու թղթյա փաթեթ, տարբեր արտադրությունների խոշոր աղ եւ մեկը՝ պոլիէթիլենե փաթեթով՝ «Էքստրա»։ Խոշոր աղերից մեկը արտադրված է Հայաստանում, այն յոդ չի պարունակում եւ նախատեսված է տեխնիկական նպատակների համար, այդ մասին ուղղակի նշվում է փաթեթի վրա. «Օգտագործել միայն լուծույթների համար»։ Ինչպիսի՞ լուծույթների՝ պարզ չէ, բայց բացահայտ է, որ ոչ սննդային։ Փաթեթի վրա չկա ապրանքային նշանը, պահպանման ժամկետը եւ այլն։ Երկրորդ փաթեթն Ուկրաինայում արտադրվող աղն է, որը նույնպես չի պարունակում յոդ։ Ճիշտ է, այս աղը փաթեթավորված է ճիշտ նշված ձեռնարկության անվանումով, օգտագործման ժամկետով, պահպանման պայմանները նույնպես նշված են։ Ինչո՞ւ չեն յոդացրել այս աղը Ուկրաինայում, եւ ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ յոդը։ Յոդի պահանջը ազգաբնակչության մոտ տարբեր է։ Յոդի անբավարարությունը պատճառ է դառնում որոշ տարածքներում էնդեմիկ հիվանդության առաջացման։ Ի տարբերություն այլ քիմիական տարրերի (կալցիում, նատրիում եւ այլն), յոդի պարունակությունը շրջակա միջավայրում (ջրում, հողում) ցածր է, ինչը հանգեցնում է սննդամթերքում (մրգերում, բանջարեղենում) յոդի ցածր քանակության։ Ծովից հեռու գտնվող երկրներում եւ լեռնային շրջաններում յոդի քանակությունը արտաքին միջավայրում այնքան ցածր է, որ կարելի է այն անտեսել։ Եթե ոչ էնդեմիկ շրջաններում մեկ օրվա մեջ սննդամթերքի եւ ջրի հետ օրգանիզմը ստանում է 75-240 մգ յոդ, ապա էնդեմիկ շրջաններում դա ընդամենը 5-25 մգ է։ Յոդի մեծ քանակություններ են պարունակում ծովից ստացվող սննդամթերքները՝ ձկնեղենը, ծովային բույսերն ու կենդանիները։ Մեր հանրապետությունում այդ սննդամթերքը, կարելի է ասել, չկա։ Մնում է միայն մատչելի ու պարզ հաշվարկներին ենթակա միջոցը՝ օգտագործվելիք աղի յոդացումը։ Յոդի օգտագործման նորման հաշվարկված է 100, 150 մգ՝ մեկ օրվա ընթացքում։ Յոդի անբավարար քանակի պատճառով խախտվում է վահանաձեւ գեղձի գործունեությունը, եւ դա է պատճառ դառնում ֆիզիկական եւ մտավոր զարգացման լուրջ խանգարումների։ Նորմայից ավելի ցածր քանակի յոդ ընդունելու դեպքում վահանաձեւ գեղձը հակում ունի կլանելու ռադիոակտիվ յոդ, ինչը կարող է ունենալ համապատասխան հետեւանքներ։ Յոդի անբավարարությունը ծանր ազդեցություն է թողնում հղի կնոջ առողջության վրա, ազդելով նրա ե՛ւ օրգանիզմի վրա, ե՛ւ պտղի։ Ասենք, որ մոր արյունով պտղին վահանաձեւ գեղձի հորմոնները չեն անցնում։ Պտղի մարմնի վահանաձեւ գեղձն ինքն է արտադրում հորմոններ, որոնց համար անհրաժեշտ է յոդ։ Այդ հորմոնների անբավարարությունը բերում է նյարդային համակարգի, մտավոր զարգացման ծանր, անդառնալի ախտահարումների, մտավոր եւ ֆիզիկական թերզարգացման (կրետինիզմ, գաճաճություն), խուլ-համրության, բնածին արատների։ Երեխաների եւ դեռահասների մոտ յոդի անբավարարությունը կարող է բերել մանկական բարձր մահացության՝ թոքաբորբից եւ այլ ինֆեկցիոն հիվանդություններից, խիստ իջեցնելով օրգանիզմի դիմադրողականությունը։ Հաճախակի են հորմոնների անբավարարության հետ կապված կանանց վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները, վիժումները, չբերությունը, սակավարյունությունը։ Մեծահասակների մոտ զարգանում է խպիպ (զոբ) եւ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում, որն արտահայտվում է քնկոտությամբ, թուլությամբ, հիշողության եւ լսողության թուլացմամբ, դեմքի եւ վերջույթների այտուցվածությամբ, քաշի ավելացմամբ, սակավարյունությամբ։ Հայաստանում յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման միջոց է կերակրի աղի յոդացումը, որի օգտագործումն էլ լիովին ապահովում է առողջության համար անհրաժեշտ քանակը։ Ուրեմն օգտագործենք միայն յոդացված աղ։ Օգտագործվող աղի քանակը կարիք չկա ավելացնելու, հաշվարկներն այնպես են արված, որ սովորական չափով օգտագործվող աղի մեջ յոդի քանակը բավարար է մեր օրգանիզմին։ Հարկ է միայն հիշել, որ աղում յոդը պահպանելու համար անհրաժեշտ է այն պահել մութ եւ չոր տեղում, փակ կափարիչով տարաներում։ Եվ հետո, կերակրի մեջ աղը ավելացնել եռալուց հետո, որպեսզի յոդը չգոլորշիանա։ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ Մակաբուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել