Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 20,2002 00:00

ԻՆՉՈՒ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում եմ տասներկու տարուց ավելի, այսինքն այն օրերից, երբ ինքը եկավ Հայաստան եւ մնաց այստեղ։ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր մարդկային եւ ազգային-հայրենասիրական հատկանիշներով օժտված անձնավորություն է, սովորական անհատ չէ, իսկապես ապրում է հայրենիքի ցավերով։ Եկել է այս պատեհ առիթը, ոչ մի թեկնածու թող չնեղանա, սակայն ոչ մեկն այնքան անշահախնդիր եւ կարող չէ, որքան Րաֆֆին։ Կարծում եմ, այս պահը մենք պետք է օգտագործենք։ Յուրաքանչյուր հայորդի, որ ապրում է ժողովրդի ցավերով, պետք է հասկանա՝ սա մեր վերջին պատեհությունն է, իսկ ովքեր արդեն այսօրվանից գործող նախագահի կողմն են անցել՝ շահադիտական նպատակներ են հետապնդում, անշուշտ։ Միակ անշահախնդիր անձը, որ իր հզոր գիտակցականով ունակ է դուրս բերել մեր ժողովրդին եւ հայրենիքը այս ծանր կացությունից, Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Հակառակ դեպքում, սարսափում եմ, որ կարող ենք շարունակել նույն կյանքը։ Ինչո՞ւ այսքան շուտ մոռացվեց ամեն ինչ։ Դեռ ոչ վաղ անցյալում իշխանությունից դժգոհ կողմերը միանգամից փոխեցին իրենց դիրքորոշումը։ Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, գիտակցի այդ պահի կարեւորությունը։ Բավական է. տասնչորս տարի անընդմեջ սպասումի մեջ ենք եղել, եւ եւս տասնչորս տարի սպասումի մեջ կլինենք, եթե այսպես շարունակվի։ Ժողովրդին պետք է ճիշտն ասել, նրան չպետք է խաբել, մենք խաբված ենք եւ դեռ շարունակում են մեզ պահել այդ խաբկանքի մեջ։ Պետք չէ նժարի ծանր կողմը կանգնել, պետք է վեր դասել հայրենիքի բախտը, հայրենիքի վաղվա օրը ամեն տեսակի նախնական նկրտումներից։ Մենք պարտավոր ենք որպես ժամանակակիցներ, որպես այս երկրում երկար ժամանակ ապրածներ, շատ երկար եւ ճիշտ մտածել։ Խոսքս հատկապես ուղղում եմ մեր մտավորականությանը, որն այսօր չնչին բանով խաբվում է եւ անցնում ուժերի կողմը։ Ուժեր, որ իսկապես դեպի կործանում են տանում մեր ժողովրդին, մեր հայրենիքը։ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու միակ զորավոր մարդը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Աստված տա, որ մենք այլեւս վերջ տանք մեր այս դժվարին վիճակին, եւ ժողովուրդը մարդավարի կյանք տեսնի։ Միայն խոստումներով չի կարելի ապրել մի ամբողջ կյանք։ Մենք պահանջում ենք վերջ տալ այս անարդարություններին, անօրինականություններին, որով ողողված է երկիրը, չկա ոչ մի դատ, դատաստան, իրավունք, եւ մենք շարունակում ենք ապրել եւ պիտի ապրենք այս երկրում։ Ես այն մարդկանցից եմ, որ հայրենիքում պիտի աշխատեմ, այստեղ մեռնեմ եւ հետեւաբար այստեղ էլ պիտի թաղվեմ։ Այժմյան ամենամեծագույն չարիքն ու ամոթալի երեւույթը արտագաղթն է։ Մոնղոլական արշավանքի ժամանակ անգամ այսքան արտագաղթ չի եղել։ Մարդկանց մեջ մեռնում է հայրենասիրությունը, հողի հանդեպ եղած սերը, որ կար անգամ ստալինյան դժնդակ տարիներին։ Ապրեցինք անգամ կոմունիստական լծի տարիները, բայց երբեք չէինք երեւակայում, որ անկախությունից հետո այսպիսի թակարդի մեջ կհայտնվի մեր ժողովուրդը։ Ահավոր անիրավություն եւ անօրինություն է տիրում մեր երկրում, ամենուրեք կաշառակերություն է, հափշտակություն է, ողջ քաղաքում ապօրինի շինություններ են։ Օրական երկու, երեք անգամ իշխանավորները հավաքվում են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ միջոցներ ձեռնարկելու համար, սակայն անօգուտ։ Խոստումներ պետք չեն, գործել է պետք։ Ամենքը ապացուցեցին, թե մինչ այսօր ինչ կարող էին անել, հիմա ամեն ինչ պարզ է մեզ համար, այլեւս ոչինչ չեն կարող անել։ Ես բախտ եմ ունեցել Քելբաջարի ազատագրումից քիչ ժամանակ անց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին (Զորի Բալայանն էլ էր մեզ հետ) գնալ Դադիվանք։ Երեկոյան կողմ էր, շատ վաղուց այդպիսի դրախտային վայրում չէի եղել, կարծես կուսական մի աշխարհ էր, որտեղ մարդկային ոտք չէր դիպել։ Գնացինք այնտեղ, մեզ ընդունեցին, սպասում էին։ Հիշում եմ՝ Դադիվանքի բոլոր եկեղեցիներում մեկ առ մեկ խունկ ծխեցինք, երգեցինք եւ ինձ հետ շատ մեղմ ձայնակցում էր Րաֆֆին (փոքր տարիքից նա եկեղեցում երգել է), բոլոր շարականները գիտի։ Սա ապացույց էր, որ հավատացյալ, բարեպաշտ մարդ է։ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել