Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԻ ՎՐԱՑԻԱԿԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Դեկտեմբեր 20,2002 00:00

«ԲԱՐԻ ՎՐԱՑԻԱԿԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Կառավարության երեկվա նիստը հստակ ուրվագծված «մաքսային» ուղղվածություն է ունեցել։ Քննարկվել է ոլորտին առնչվող ութ որոշման նախագիծ։ Մասնավորապես, փոփոխություններ են նախատեսվում «Մաքսային ծառայության մասին» օրենքում եւ Մաքսային օրենսգրքում։ Առաջինի փոփոխությամբ հնարավոր կլինի ընդունել մաքսային ծառայությունում կարգապահական կանոնադրությունը։ Երկրորդի փոփոխությունը նախատեսում է «աշխարհի շատ եւ ԱՊՀ երկրների հետ» ընդհանուր ապրանքային ծածկագրերի սահմանում, մաքսային ծառայությունում հատուկ կոչումներ շնորհելու կարգ եւ այլն։ Կառավարության երեկվա որոշմամբ, ակցիզներն էլ այսուհետեւ նոր տեսքով հանդես կգան՝ ի թիվս այլ նորամուծությունների։ Ի դեպ, նոր ակցիզների պաշտպանիչ շերտերը կարող են լինել ինչքան ասես՝ կախված կազմակերպության ցանկությունից եւ հնարավորություններից։ Սեզոնի ամենաթեժ բիզնեսը՝ եղեւնիների ներկրումը Վրաստանից (Երեւանի փողոցներում եղեւնիների առատությանը մի քանի տարի է՝ համենայնդեպս պաշտոնապես այս անունն է տրվում), ըստ մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, «խիստ հսկողությամբ» է լինելու։ Մինչեւ այսօր ներկրածը պրն Ավետիսյանը «չնչին քանակ» անվանեց։ Բայց ամենակարեւորը՝ ներկրվող եղեւնիների համար մաքսատուրք սահմանված չէ։ Երեւի հարեւանների հետ «բարի վրացիական» հարաբերությունների շրջանակներում։ Մի կողմից էլ՝ ինչպե՞ս կարելի է մաքսատուրք սահմանել մի ապրանքի վրա, որը ոչ պաշտոնական բոլոր տեղեկություններով, հայրենական արտադրության է։ Ինչ վերաբերում է հայրենական արտադրությանը, այն էլ՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրական, ապա կառավարությունը երեկ հաստատել է ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագիրը։ Վերջինը բյուջեին 250 մլն դրամ կարժենա։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հույս ունի, թե մի այդքան էլ միջազգային կազմակերպությունները կտան։ «Այս տարի 20 մլն դրեցինք, 20 մլն էլ նրանք տվեցին»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել