Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացյալները՝

Դեկտեմբեր 24,2002 00:00

«Մնացյալները՝ երկրորդ պլանում» Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «ԱՄ» նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը մի պահ լեզվական սայթաքում ունեցավ եւ դաշինքն անվանեց «ռազմահայրենասիրական»։ Չենք մտածում, թե սայթաքումը միտումնավոր էր եւ տակը բան կար։ Լրագրողների հարցերին պատասխանելով, Արտաշես Գեղամյանը, ի շարս իր հայտնի մտքերի, ավելացրեց եւս մեկ-երկուսը։ Օրինակ, «Ա1+»-ի հարցին՝ իրո՞ք «ԱԼՄ»-ում ցուցադրված ֆիլմը Ա. Գեղամյանի մասին ֆինանսավորել է Սերժ Սարգսյանը, պատասխանեց հարցով. «Էս նոր տարուց արաջ Սերժին ու Ռոբերտին խի՞ եք կռվացնում»։ Եթե նոր տարուց առաջ այդ «կռվացնելը» չհաջողվի, ապա նոր տարուց հետո հաստատ կռիվը երեւի պատրաստ է։ Եվ ահա թե ինչու։ Արտաշես Գեղամյանը հստակ հայտարարեց, որ իրենց դաշինքը փետրվարի 19-ի ընտրություններից մեկ-երկու օր անց՝ փետրվարի 21-ին, կհայտարարի իր կողմից ձեւավորված կառավարության կազմը։ «Առավոտի» հարցին՝ այսինքն, Գեղամյանը բավական լա՞վ կարծիքի է գործող իշխանության մասին եւ հավատում է, որ որեւէ իշխանություն «կհանձնվի», հնարավոր կդարձնի ընտրությունների արդյունքում իրենից բացի մեկ այլ թեկնածուի հաղթանա՞կը, Ա. Գեղամյանը պատասխանեց. «Ես ոչ թե հավատում եմ, ես համոզված եմ, որ պրն Քոչարյանը բացարձակապես սպառել է իրեն, ստեղծված իրավիճակում նրան չի կարող օգնել անգամ Սերժ Սարգսյանը եւ բոլոր մնացած պատժիչ մարմինների ղեկավարները։ Մենք կպարտադրենք, որ իրենք ենթարկվեն ժողովրդի կամքին, եւ այդ ուժը մենք ունենք։ Մենք մեր հողուջրի վրա ենք, մենք «գաստրալյորներ» չենք, մեր երեխաների եւ թոռների ապագան տեսնում ենք միայն եւ միայն Հայաստանում, եւ այս հարցում մեզ զորավիգ կլինի արցախահայությունը, որովհետեւ իրենք ավելի շատ են տառապում այս ապազգային իշխանությունների ձեռքին»։ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքն առաջնորդվելու է միասնական ծրագրով, եւ այդ ծրագրի հենքը լինելու են Կոմկուսի կողմից մշակված 17 հիմնադրույթները, որոնց էությունն ընդունել էր ժամանակին «ԱՄ»-ն, հայտարարելով, որ տարբերությունները միայն այդ հիմնադրույթներին հասնելու ճանապարհներն են, եւ այն էլ՝ ընդամենը 3 կետերի վերաբերյալ։ Միասնական ծրագիր, այսպիսով, դաշինքն ունի, մնաց միասնական թեկնածուի հարցը։ Դաշինքը եւ «16»-ի միավորումն ամբողջությամբ շարունակ հայտարարում են, որ միասնական ծրագրի եւ միասնական թեկնածուի հարցը վճռվել է «16»-ի շրջանակներում։ Իսկ եթե այնպես ստացվի, որ նույն «16»-ի շրջանակում միասնական թեկնածու դառնա ոչ թե Արտաշես Գեղամյանը, այլ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, պրն Գեղամյանը պատրա՞ստ է իրենից բացի այլ թեկնածու տեսնել. «Ուզում եմ բոլորին հանգստացնել եւ ասել, որ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքն ամենակարեւոր խնդիրը համարում է այն, որ մենք 16 կուսակցությունների հետ համատեղ թոթափենք այս ապազգային իշխանությունների բեռը։ Այս խնդիրն այնքան կարեւոր է մեր պետականության, մեր ժողովրդի համար, որ մնացած դերակատարումները երկրորդ պլան են մղվում։ Անշուշտ, եթե դաշինքը, ում հետ մենք պարտավորություններ ունենք, նպատակահարմար գտնի, որ անցողիկ են «16»-ի այլ թեկնածուներ, պարտքս կհամարեմ զորավիգ լինել այդ տեսակետին, որովհետեւ խնդիրն այն չէ, թե «16»-ում կամ «16»-ից դուրս ո՞ւմ ենք սատարելու, խնդիրն այն է, որ կարողանանք միասնաբար թոթափել այս իշխանությունների լուծը»։ «Սոց. Հայաստան» միավորման կողմից նախագահի թեկնածու առաջադրված Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ «մեկ ամիս առաջ ստեղծված դաշինքը որոշ լրատվամիջոցներ փորձեցին ներկայացնել որպես ընդդիմության պառակտում։ Այսօրվա մեր ներկայանալը 4-րդ իշխանությանը՝ ապացույցն է, որ մենք շարունակելու ենք առաջ գնալ «16»-ի խնդիրների, ծրագրերի շուրջ։ Դաշինքի ստեղծումն ուժեղացնում է ընդդիմությունը եւ «16»-ի շրջանակներում է (սա որոշում է, ոչ թե ցանկություն), որ գնալու ենք միասնական թեկնածուի, «16»-ի շրջանակներում է, որ լուծելու ենք միասնական ծրագրի հարցը, ինչո՞ւ չէ, նաեւ «16»-ի շրջանակներում է, որ ձեւավորվելու է ազգային համաձայնության կառավարություն եւ այլն»։ Փակագծի մեջ նկատենք, որ ասուլիսին բացի Կոմկուսից, «ԱՄ»-ից եւ «Սոց. Հայաստանից», «16»-ի այլ անդամներ ներկա չէին։ «ՀԺ»-ի թղթակից Ավետիս Բաբաջանյանը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանին տվեց, ըստ իս, անցնող տարվա լավագույն հարցը։ Հայտնի է, որ Վլ. Դարբինյանը Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի քաղխորհրդի նախագահ է ընտրվել, երեկ Ա. Գեղամյանը հայտարարեց, որ դաշինքի ստեղծման փաստաթղթի տակ ստորագրել են բոլոր իրենք, այդ թվում եւ Վլ. Դարբինյանը։ Հայտնի է նաեւ, որ Վլ. Դարբինյանի ցանկացած քայլից հետո Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը հայտարարում է, թե Վլ. Դարբինյանը որեւէ բան չի արել, որեւէ թուղթ չի ստորագրել եւ այլն։ Մեր գործընկեր Ա. Բաբաջանյանը հարցրեց. ի՞նչ երաշխիք, որ Սանատրուկ Սահակյանն այս ասուլիսից հետո էլ չի հայտարարի, որ Վլ. Դարբինյանը նման ասուլիսի չի մասնակցել եւ ոչ մի հայտարարություն չի արել։ Ընկեր Դարբինյանն ասաց, որ գնահատում է հումորը եւ փորձեց արդարացնել իր կրտսեր գործընկերոջը. «Այս դաշինքը ձեւավորելու եւ ընդհանրապես «16»-ի դաշինքը ձեւավորելու հարցում տարբեր մոտեցումներ կան մեր տարբեր ընկերների մոտ։ Այդ մոտեցումներն աստիճանաբար հաղթահարվում են։ Ես նրա (նկատի ունի Ս. Սահակյանին.- Մ. Ե.) մոտեցումների մեջ չեմ տեսնում դաշինքը մերժելու կամ արհամարհելու մոտեցում», պարզապես, Սանատրուկ Սահակյանն ուզում է, որ Կոմկուսի թեկնածուն մտնի մրցապայքարի մեջ եւ հաղթի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել