Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուկ»՝ պետությանը

Փետրվար 14,2003 00:00

«Ֆուկ»՝ պետությանը «Մենք որոշում ենք պետությանը չխառնել այս գործին ու աշխատել միայն ՀԿ-ներով»,- ասաց ու իր ասածն առանց քննարկման հաստատեց Նախիջեւանահայոց ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Համբարձումյանը երեկ կայացած հավաքում։ Խոսքը վերաբերում է Ջուղայի հայկական գերեզմանատան խնդրին, որն, ըստ վերջին տվյալների, հիմնովին ավերվել է 2002 թվականի նոյեմբերին։ Շուրջ 3000 խաչքարերով ու մի քանի հազար տապանաքարերով գերեզմանոցի ավերումն սկսվեց 1998-ին, որը միառժամանակ հնարավոր եղավ կասեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված ահազանգի շնորհիվ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ ստեղծվեց նաեւ 6-17-րդ դարերի հուշարձաններն ուսումնասիրող հանձնախումբ, որը պետք է զբաղվեր դրանցով ու փորձ աներ վերականգնել։ Մնում էր մեր պետության հովանավորությունն ու միջամտությունը՝ Ադրբեջանից համապատասխան թույլտվություն ձեռք բերելու, ինչը չարվեց։ Ադրբեջանական կառավարությունն էլ, առիթից օգտվելով, որոշ ժամանակ անց հայտարարեց, որ սա աղվանական գերեզմանատուն է, ոչ հայկական, իսկ անցյալ տարվա նոյեմբեր ամսին բուլդոզերներով խաչքարերից հերկեց-մաքրեց ողջ տարածքը։ Հավաքի մասնակիցների համոզված կարծիքով, այդ մեր կառավարության անտարբերության «շնորհիվ թեւ առան ադրբեջանցիները, չվախենալով անգամ միջազգային հանրության կարծիքից»։ «Այժմ մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի իր ոճրագործության համար,- իր գործընկերների կարծիքն արտահայտեց ակադեմիկոս-ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը։- Հուշարձաններն են ասում, թե այդ հողի վրա ով է ապրել, այսինքն՝ քաղաքական հարց են լուծում։ Այ թե ինչու է Ադրբեջանն իրար հետեւից ոչնչացնում հայկական հուշարձանները՝ իրեն բռնակցված հայկական տարածքներում»։ Որպես չարագործությունը պատժելու առաջին քայլ, որոշվեց տեղեկություն ու դատապարտող հայտարարություն տարածել կապի բոլոր միջոցներով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ մշակութային արժեքներով զբաղվող միջազգային այլ կազմակերպություններին կոչ արվեց ստեղծել հանձնաժողով՝ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը տեղում ուսումնասիրելու եւ Ջուղայի գերեզմանատունը պատմության եւ մշակույթի միջազգային չեզոք գոտի դարձնելու համար։ Տեղում ստեղծվեց նաեւ համահայկական համակարգող խորհուրդ, որի մեջ ընդգրկվեցին հասարակական կազմակերպությունների նախագահներ Փարիզից, Բեռլինից, Մոնրեալից ու Թեհրանից, Հայաստանից՝ նույնպես։ Ինչպես եւ խոստացել էին, այդ պատվին չարժանացավ պետական ոչ մի օղակ, Հայ եկեղեցին՝ նույնպես։ Վերջին հանգամանքը զայրացրեց կաթողիկոս Գարեգին 2-րդի ներկայացուցիչ հայր Բագրատին։ Մինչ այդ նա արդեն դժգոհել էր, որ «խնդիրն ուսումնասիրելիս տեսնում եմ, որ եկեղեցին բացակայում է, մեզ տեղյակ են պահում վերջում ու կխնդրեի ամեն քայլ անել եկեղեցու հետ միասին ու նրա տեղեկությամբ»։ Հետո նա խորհուրդ տվեց «այդքան մեծ ցնցումով չընդունել Ջուղայի գերեզմանատան ավերման հարցը, Հայաստանում էլ են խաչքարեր վերացվում, դրա մասին էլ մտածեք»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել