Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլ դեպի բազմաբեւեռ աշխարհ

Փետրվար 19,2003 00:00

Քայլ դեպի բազմաբեւեռ աշխարհ Սուրբ Վալենտինի (կամ բոլոր սիրահարների) օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լսեցին միջազգային տեսուչների հերթական զեկույցը Իրաքի հարցով, որը, շատերի կարծիքով, պետք է վերջինը դառնար։ Թվում է, որ խորհրդի «խաղաղ» որոշման վրա ազդեց ոչ միայն տոնական տրամադրությունը։ Խոշոր տերությունները դեռ խորհրդից առաջ էին հայտնել իրենց սկզբունքային որոշումը։ Խորհրդի նիստին նախորդող շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինը այցելեց Գերմանիա եւ Ֆրանսիա, ինչից հետո հրապարակվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի, Ռուսաստանը, Գերմանիան եւ Ֆրանսիան տեսնում են Իրաքի խնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով։ Ֆրանսիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պուտինը բնութագրեց այդ հայտարարությունը որպես «լուրջ քայլ դեպի բազմաբեւեռ աշխարհ»։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահը ճշտեց, որ հայտարարությունը հակաամերիկյան ուղղվածություն չունի (դժվար է հավատալ)։ Ավելին՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Բելգիան վետո դրեցին ԱՄՆ-ի կողմից առաջարկած ՆԱՏՕ-ի որոշման վրա, ըստ որի, Թուրքիային պետք է ռազմական օգնություն տրամադրվի (հաշվի առնելով, որ Սադամը պատասխան հարված կարող է հասցնել հենց հարեւան Թուրքիային)։ Ճիշտ է, մի քանի օր հետո ՆԱՏՕ-ի ամբողջականությունը պահպանելու նպատակով Գերմանիան եւ Բելգիան հանեցին իրենց վետոն ՆԱՏՕ-ի Ռազմական խորհրդի նիստում եւ որոշումը ընդունվեց, քանի որ Ֆրանսիան մասնակցում է ՆԱՏՕ-ի միայն քաղաքային կառույցների աշխատանքին։ Սակայն միաժամանակ Գերմանիան եւ Բելգիան հայտարարեցին, որ ընդունված որոշումը ուղղված չէ Իրաքի դեմ պատերազմին նպաստելուն։ Նշենք, որ Թուրքիան, ի դեպ, մինչ օրս որոշում չի ընդունել Իրաքի հետ սահմանում ամերիկյան զորքերի տեղաբաշխման մասին։ Իրենց հերթին, Անվտանգության խորհրդի նիստից առաջ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ կսկսեն պատերազմը՝ անկախ ՄԱԿ-ի դիրքորոշումից։ Հենց դա հիմք տվեց քաղաքական մեկնաբաններին ենթադրելու, որ պատերազմական գործողությունները կսկսվեն խորհրդի նիստից անմիջապես հետո։ Սակայն.. Անվտանգության խորհրդի նիստում զեկուցող պարոններ Բլիքսը եւ Էլ Բարուդեին հայտարարեցին, որ Իրաքի ղեկավարությունը սկսել է բավականաչափ արդյունավետ աշխատել տեսչական խմբի հետ եւ կատարել է նրանց բոլոր պահանջները։ Այդ պահանջների թվում են Իրանի օդային տարածքով ամերիկյան եւ ֆրանսիական հետախուզական ինքնաթիռների թռիչքները, զանգվածային ոչնչացման զենքերի արտադրությունը արգելող օրենքի ընդունումը եւ իրաքյան գիտնականների անարգել հարցաքննությունները։ Դրանից բացի, Իրաքը տեսուչներին է հանձնել կարեւորագույն եւ անհրաժեշտ փաստաթղթերի մի մեծ փաթեթ։ Միաժամանակ, զեկուցողները ակնարկեցին, որ ԱՄՆ-ի կողմից բերված համարյա բոլոր փաստարկները, մեղմ ասած, չեն հաստատվել։ Այսպես, օրինակ, Իրաքի կողմից գնված ալյումինե խողովակները պիտանի չեն միջուկային զենքի արտադրության համար։ Ճիշտ է, Իրաքն ունի 150 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռներ (ինչն արգելված է), բայց այդ հրթիռները չունեն ճշգրիտ նշանառության համակարգ։ Տեսնելով, որ իր «ապացույցները» մեկը մյուսի հետեւից փլուզվում են, ԱՄՆ-ն չփորձեց առաջարկել մի նոր բանաձեւ, որը թույլատրեր ռազմական ուժի օգտագործումը Իրաքի դեմ։ Արդյունքում որոշվեց, որ տեսչական աշխատանքները Իրաքում պետք է շարունակվեն, իսկ տեսուչների հերթական զեկույցը կլսեն ուղիղ մեկ ամիս հետո։ Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է տեսուչների դիրքորոշման փոփոխությունը, որոնք առաջիկայում ավելի շատ ԱՄՆ-ի կողմն էին ընդունում։ Թվում է, որ դա կապված է Անվտանգության խորհրդի մեծամասնության հստակ դիրքորոշման հետ, եւ այս պարագայում տեսուչները չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել անարդար պատերազմ սկսելու համար։ Փետրվարի 15-ին եւ դրան հաջորդած օրերին բազմահազարանոց հակապատերազմական ցույցեր տեղի ունեցան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Բեռլինում, Լոնդոնում, Ռուսաստանում եւ հենց ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում։ Միայն Լոնդոնում եւ Բեռլինում այդ ցույցերին մասնակցեցին, համապատասխանաբար, 800000 եւ 500 հազար մարդ։ Վերջին հարցումներով, պատերազմին դեմ են մոտ 90% անգլիացիներ եւ 59% ամերիկացիներ։ Բուշն ու Բլեյերը դժվարին խնդրի առջեւ են կանգնած՝ սկսե՞լ պատերազմ, անտեսելով առաջվա զինակիցների եւ սեփական ժողովրդի կարծիքը (ինչը անկանխատեսելի հետեւանքներ կունենա), թե՞ հետ կանչել զորքերը, ինչը կնշանակի արդեն ծախսված միլիարդավոր դոլարների կորուստ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել