Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՇԻ

Դեկտեմբեր 02,2004 00:00

«ԷՇԻ ՆԱՀԱՏԱԿ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ» «27»-ի գործով նախկին կասկածյալ, վկա Նաիրի Բադալյանը պատրաստ է վերադառնալ ՀՀ եւ ցուցմունքներ տալ, եթե ապահովվի իր անվտանգությունը: – Որքա՞ն ժամանակ է, որ ԱՄՆ-ում ես: Հանկարծակի՞ որոշում էր դա, թե՞ պարտադրանքի արդյունք: – ԱՄՆ-ում եմ 2003թ. հոկտեմբերի 19-ից։ Դա իմ որոշումն էր եւ արդյունք էր «27»-ի դատական գործընթացից իմ հիասթափության։ 4 տարի շարունակ դիմելով բոլոր հնարավոր իրավասու մարմիններին, այդպես էլ ինձ հետ կատարվածը պարզելու ցանկություն անգամ չեմ տեսել։ Իմ պահանջների չբավարարումը անուղղակիորեն պատճառաբանում էին նրանով, որ առաջ քաշած 4 հիմնական հարցերից ամենակարեւորը՝ իմ դեմ տրված զրպարտչական ցուցմունքների հեղինակներին՝ Վիկտորյա Աբրահամյանին, Նարինե Դիլբարյանին եւ Մարգարիտ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը ընթացող դատաքննության իրավասության խնդիր է, ես, որպես օրինապահ քաղաքացի, ստիպված սպասում էի դատաքննության այդ հանգրվանին, որ իմ պահանջները ներկայացնեմ դատարանին։ Բնականաբար, այդպես էլ վարվեցի, երբ 2003թ. հուլիսի վերջին որպես գործով անցնող վկա, վերջապես հրավիրվեցի դատարան՝ ցուցմունք տալու։ Նախքան ցուցմունքս սկսելը հուլիսի 21-ին ես դիմեցի դատարանին՝ խնդրելով քննության առնի եւ իրավական գնահատական տա նախաքննության ժամանակ իմ դեմ տրված 3 հիշյալ անձանց զրպարտչական ցուցմունքներին։ Սակայն դատարանը առանց որեւէ պատճառաբանության հրաժարվեց քննության առնել իմ այդ դիմումը, ինչն ինձ համար այլեւս անիմաստ դարձրեց իմ հետագա մնալն ու պայքարելը Հայաստանում։ Որեւէ մեկը բարոյական իրավունք չունի ինձ մեղադրել այն բանում, որ ես այսօր Հայաստանում չեմ։ Չորս տարի շարունակ ես արդարության ու օրինականության հաստատման հասնելու համար արել եմ հնարավոր ու անհնարին ամեն ինչ: Այդքանից հետո շարունակել մնալ Հայաստանում, նշանակում էր պարզապես շարունակել ապրել սնայպերական նշափողի վրա։ Իսկ ես ուրիշների անբարո քաղաքական խաղերում էշի նահատակ դառնալու ցանկություն չունեմ։ Ես դատարանից չէի խնդրում հենց այնպես իմ դեմ տրված ցուցմունքները որակել որպես զրպարտչական։ Ես դատարանից խնդրում էի քննարկել դրանք եւ հենց հրապարակային դատական մանրակրկիտ քննարկման ընթացքում դրանց վերաբերյալ հանգել իրավական գնահատականի։ Այսինքն՝ ես չէի բավարարվել, որ նախաքննությունը մի անգամ արդեն այդ ցուցմունքները գնահատել է որպես իրականության հետ կապ չունեցող զրպարտչություն եւ այդ կապակցությամբ կարճել դրանց հիման վրա իմ դեմ հարուցված քրեական գործը։ Ի վերջո, այդ ցուցմունքների քննությունը կարող էր տալ առնվազն 2 կարեւոր հարցի հստակ պատասխան. 1. Որ դրանք իրականության հետ բացարձակապես կապ չունեն ու հստակ սարքովի են, ընդ որում՝ ոչ միայն եւ ոչ այնքան ՀՀ քաղաքացի Նաիրի Բադալյանի դեմ գործ սարքելու եւ նրան ձերբակալելու, այլեւ քննության ընթացքը օրինական հունից շեղելու եւ կեղծ ուղղությամբ տանելու համար։ 2. Իրականում ովքե՞ր են կանգնած այդ զրպարտչական ցուցմունքներից յուրաքանչյուրի հետեւում, ի՞նչ նպատակներ են հետապնդվել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում եւ արդյո՞ք դա միայն քննությունն իր օրինական ընթացքից շեղելու նպատակ ուներ, թե՞ դրանք կարող էին ավելի լուրջ բացահայտումների պատճառ դառնալ։ Վերջինի կապակցությամբ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ամենամեծ ցանկության դեպքում Վիկտորյա Աբրահամյանն ու Մարգարիտ Սարգսյանն իրենք իրենց չէին կարող հանել վկաների ցուցակից։ Հետեւաբար, ո՞վ եւ ի՞նչ նպատակներով թույլ չտվեց, որ նրանք մտնեն դատարան եւ հարցաքննվեն։ Ո՞վ եւ ի՞նչ պատճառով թույլ չտվեց, որ դատարանում իմ վերաբերյալ հարցեր տրվեն Նարինե Դիլբարյանին։ Եվ ընդհանրապես, լավ կլիներ եւս մեկ անգամ ուշադիր դիտարկել վկաների կրճատման այդ պրոցեսը, որ տեղի ունեցավ 2003-ի հուլիսին։ Ու՞մ անունները գրչի մի հարվածով դուրս հանվեցին այդ ցուցակից եւ զուգահեռաբար ո՞ւմ վրա արհեստականորեն էլ ավելի կենտրոնացրին մինչ այդ նպատակաուղղած անառողջ հրապարակային ուշադրությունը։ Ինչեւէ, երբ իմ դեմ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների դատարանական մանրակրկիտ քննություն կազմակերպելու իմ դիմումը դատարանն ուղղակի անուշադրության մատնեց, ինձ համար այլեւս վերջնականապես ակնհայտ դարձավ, որ գոնե այդ պահին Հայաստանում «27»-ի հետ կապված չքաղաքականացված մաքուր իրավական որոշում հնարավոր չէ ակնկալել, իսկ հետագա մնալս Հայաստանում պարզապես միայն իմ կյանքի հանդեպ առկա, ավելի քան իրական վտանգն էր խորացնում։ Իմիջիայլոց, տարբեր կարգի ճնշումների օբյեկտ ոչ միայն ես եմ եղել, այլեւ իմ մերձավորները։ Հայաստանից իմ դուրս գալուն նախորդած 4 տարիներին ամեն տեսակ ճնշումների են ենթարկվել իմ գրեթե բոլոր մերձավոր հարազատները։ Իսկ արդեն Հայաստանից իմ մեկնելուց հետո՝ անցած դեկտեմբեր-հունվար ամիսներին, իբր իմ վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, ոստիկանության ներկայացուցիչները պարբերաբար իրենց այցելություններով սպառնալիքների ու ընդհուպ ֆիզիկական ուժի կիրառմամբ ճնշումների են ենթարկել իմ ընկերուհուն, ում հետ համատեղ ապրում եւ ընդհանուր տնտեսություն էի վարում Հայաստանում գտնվելու վերջին ամիսներին։ Ավելին, այսպես կոչված քննիչները (կամ որպես այդպիսիք ներկայացած թափթփուկները) նաեւ «բռնագրավել» էին նրա անձնագիրը, որը նա ստիպված է եղել «օրենքի պաշտպաններից» «հետ գնել» վճարելով մի կլորիկ գումար՝ իր եւ հարազատների ողջ խնայողությունները ու մի կերպ գլուխը պրծացնելով անվերադարձ փախել Հայաստանից։ – Եթե քեզ հնարավորություն տրվի կրկին հանդես գալու իբրեւ վկա, ի՞նչ կասեիր գործի վերաբերյալ, որ չես հասցրել ասել: Կա՞ մի նոր հանգամանք, փաստ, որի վրա ուշադրություն չդարձվեց դատարաններում: – Ուզում եմ բոլորին մի քանի հարց ուղղել։ Ի վերջո, 5 տարվա տարատեսակ քննություններից հետո այսօր որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ «27»-ի օրը ես եմ կազմակերպել ժուռնալիստների դուրս գալը նիստերի դահլիճից, ինչպես ցուցմունք էր տվել Վիկտորյա Աբրահամյանը, կամ տեռորիստական ակտից ժամուկես առաջ ես Նաիրի Հունանյանի ու Մուշեղ Մովսիսյանի հետ Ազգային ժողովի միջանցքում եմ եղել, ինչպես գրել է Մարգարիտ Սարգսյանը եւ կամ տեռորիստների դահլիճ ներխուժումից ժամեր առաջ եւ առնվազն 20 րոպե առաջ նույն Նաիրի Հունանյանի հետ նիստերի դահլիճին հարող միջանցքում կանգնած հանգիստ զրուցում էի, եւ կամ հոկտեմբերի 26-ին ես եղել եմ Ազգային ժողովի շենքում, ինչպես ցուցմունքներ է տվել Նարինե Դիլբարյանը։ Որեւէ մեկը այսօր կարո՞ղ է ասել, թե այդ զրպարտություններից գոնե մի դետալ իրական է: Բայց չէ՞ որ հենց այս «ցուցմունքների» հիման վրա եմ ես ձերբակալվել։ Շատ եմ ցավում, որ նույնիսկ դատարանում ինձ հնարավորություն չտրվեց խոսել այս հանգամանքների մասին։ Մինչդեռ 4 տարի շարունակ սպասել էի այդ օրերին՝ դատարանում ադ հարցը բարձրացնելու համար։ Այո, շատ եմ ափսոսում, որ չորս ու կես տարի շարունակաբար վարկաբեկման պրոցեսում լինելով հանդերձ, այդպես էլ երբեւէ դատավարության հավասար կողմ չեմ հանդիսացել, ինչն ինձ խոստանում էր «Հայաստան» կոչվող «Սահմանադրություն» անվանյալ գեղեցիկ հեքիաթների ժողովածուն։ Նախքան Հայաստանից հեռանալու որոշումս, 4 տարի շարունակ իմ ոչ մի իրավունքը ոչ մի հարթության մեջ չի պահպանվել, 4 տարի շարունակ իմ հանդեպ իրականացված ոչ մի ապօրինություն չի պատժվել։ Մյուս կողմից՝ մեկ այլ բանի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ինչո՞ւ արդեն դատաքննական շրջանում զինդատախազությունը իր աշոտսարգսյաններով հանդերձ, խոշտանգումների մասով ինձ լռեցնելու եղանակներ փնտրելիս համառորեն շրջանցում էր Վիկտորյա Աբրահամյանի, Մարգարիտ Սարգսյանի եւ Նարինե Դիլբարյանի ցուցմունքները եւ ապարդյուն փորձում նոր, այսպես կոչված, «հանգամանքներ» հորինել։ Մի՞թե ոչ մեկին չի հետաքրքրում, որ եթե այդ եռյակի, այսպես կոչված, «ցուցմունքներում» ինձ համար վտանգավոր որեւէ բան լիներ, աշոտսարգսյաններն ու հակոբմարտիրոսյանները այսօր այսքան հիմար վիճակում կլինեին, որ չիմանային, թե իմ գլխին ինչ նոր բան կարելի է սարքել։ Ինձ շատ է մտահոգում, թե ինչպես է լինում, որ առ այսօր այդպես էլ ոչ մի իրավասու մարմին չփորձեց պարզաբանել, թե այդ ինչպես է լինում, որ իմ ձերբակալությունից միայն 2 ու կես ամիս հետո, եւ այն էլ միայն՝ երբ ապացուցվում է, որ իմ վերաբերյալ վերոնշյալ եռյակի ցուցմունքները զրպարտչական են, շուրջ 2 ու կես ամիս հետեւողականորեն իմ անմեղությունը պնդող հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը հանկարծ 2000 թ. հունվարի 8-ին ինձ զրպարտող ցուցմունք է տալիս ու, ուշադրություն դարձրեք, նույն օրն եւեթ՝ հունվարի 8-ին Նուբարաշենի մեկուսարանից («27»-ի գործի մսաղաց) նրան տեղափոխում են Ազգային անվտանգության մեկուսարան (Հայաստանի մեկուսարանային կուրորտ)։ Ուզում եմ հարցնել՝ այդ ո՞ր հատուկ ծառայության համար։ Դատեք ինքներդ՝ նկատի ունենալով նաեւ այն, որ հենց նույն օրվանից կտրուկ խստացվում է նույն այդ Նուբարաշենի մեկուսարանում իմ պահպանման ռեժիմը եւ հունվարը սարքում են իմ ողջ հետագա կյանքում ինձնից այլեւս անբաժան մղձավանջի ամիս։ – Ո՞ր պայմաններում դու կվերադառնայիր Հայաստան: – Թեպետ ես դա պարտավոր չեմ անել, այն էլ այսօրինակ մղձավանջային տարիներից հետո, բայց միայն 27-ի զոհերի հիշատակի հանդեպ հարգանքից ելնելով ես պատրաստ եմ Հայաստան վերադառնալ՝ մասնակցելու «27»-ի գործի վերաքննությանը։ Պայմանով, որ այդ վերաքննությունը կայանա արդեն ուրիշ իշխանությունների օրոք, որ այդ ուրիշ իշխանության բուրգի կատարին լինի Ստեփան Դեմիրճյանը եւ որ նույն այդ Ստեփան Դեմիրճյանը, որպես հանրապետության նախագահ, երաշխավորի, որ ապահովվելու է կրկնադատավարության հնարավոր առավելագույն հրապարակայնություն եւ նրանում դատակոչված բոլոր վկաների կյանքի անվտանգություն՝ առնվազն մինչեւ դատավարության ավարտ։ Շտապեմ ասածներս պարզաբանել, որ դրանց տակ հանկարծ որոշ մարդիկ պայմաններ չփորձեն փնտրել։ Գործի հրապարակայնության ու դատակոչվելիք վկաների (տվյալ դեպքում՝ իմ) անվտանգության ապահովումը ոչ թե իմ քմահաճույքն է, այլ հայաստանյան օրենսդրության պահանջ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց Ստեփան Դեմիրճյանի նախագահության դեպքում՝ որովհետեւ ներկա իշխանությունների օրոք գործն արդեն անցել է դատական բոլոր օղակներով եւ համապատասխան օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել