
ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆ ԱՆՑԵԼ Է ԴԺՈԽՔԻ ՄԻՋՈՎ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը երեկ ներկայացրեց ԳԱԱ նախագահությանն ու նախագահ Ֆադեյ Սարգսյանին ուղղված իր մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները: «Ես լավ պատկերացրի, թե ինչպես է եղել 37 թվականը, երբ ասում էին՝ այսպես է եւ վերջ, թերթերը տպում էին, ռադիոն հաղորդում էր ու վերջ: Բարեբախտաբար, մամուլն այսօր բավականաչափ ազատ է»,- ասաց Ա. Ներսիսյանը: Նա լրագրողների հետ խոսեց, այսպես ասած, թղթերի լեզվով՝ տրամադրելով այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնավորում էին ֆինանսական չարաշահումների մասին ԳԱԱ նախագահությանն ուղղված մեղադրանքները: Հիշեցնենք՝ Ա. Ներսիսյանը ընդգրկվել էր հանձնաժողովի կազմում՝ ԳԱԱ նախագահության որոշմամբ, եւ հանձնաժողովի աշխատանքային առաջին օրերին արդեն կանխազգում էինք, որ նրան ընդգրկել են՝ ծանոթանալու մեղադրանքների բուն էությանը եւ ըստ այդմ փաստաթղթային շտկումներ անելու: Հանձնաժողովն այդպես էլ վերջնական եզրակացությամբ հանդես չեկավ, թեեւ արդեն մոտ 3 շաբաթ է՝ ավարտել է աշխատանքները, եւ այս հարցը չդրեց նախագահության նիստի օրակարգ: Ավելին՝ վերջերս, երբ հանձնաժողովի անդամ, նախագահության իրավաբան Յուրի Ղազարյանից պարզաբանում էինք խնդրել ԳԱԱ հիմնարար գրադարանում «ստուգումներ» իրականացնելու վերաբերյալ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ հիշյալ հանձնաժողովն ստեղծվել էր՝ գնահատական տալու Անրի Ներսիսյանի արարքին, որ իբր ներկայացված մեղադրանքները միայն հերյուրանքներ են եւ այստեղից-այնտեղից լսած տեղեկություններ: Մենք ունենք այդ ձայնագրությունները, որոնց մեջ նաեւ անձնական վիրավորանքներ կան Ա. Ներսիսյանի հասցեին: Հանձնաժողովի աշխատանքային առաջին օրերին Ա. Ներսիսյանին որոշ փաստաթղթեր տրամադրվել են, սակայն «երբ պարզվեց, որ տրամադրվող փաստաթղթերի մեջ խախտումներ եմ հայտնաբերում, ակադեմիայի նախագահը հրամայեց, որպեսզի ինձ պատճեններ չտան, թույլ չէին տալիս նույնիսկ տվյալներ արտագրել, ասում էին՝ հեռվից պետք է ցույց տան»: Ի դեպ, այս մասին էլ ԳԱԱ հաշվապահությունից մեզ տված պարզաբանումներն ասում էին, որ իրենք ֆիզիկապես ի վիճակի չեն այդքան փաստաթուղթ տրամադրել: Անդրադառնանք մեղադրանքների մի քանի օրինակների, որոնց մասին մինչ այժմ չենք գրել: Ֆ. Սարգսյանի ստորագրությամբ տրամադրված մի բացատրագրի համաձայն, 2002-2003 թթ. ժամանակաշրջանում «Ռուսաստանի հայերի միություն» հիմնադրամի կողմից ՀՀ ԳԱԱ-ին հատկացվել են գրանտներ, որոնք ծախսվել են համաձայն կնքված պայմանագրի՝ հրատարակչական գործունեության, սարքավորումների ձեռքբերման, շինարարական աշխատանքների կատարման, ԳԱԱ 60-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման վրա: «ՀՀ ԳԱԱ-ի կողմից տրվել է հաշվետվություն վերոհիշյալ հիմնադրամին, որի կապակցությամբ դիտողություններ չեն եղել»,- ասվում է բացատրագրում: Նշենք՝ խոսքը 210 հազար դոլարի մասին է, եւ ԳԱԱ նախագահն այդպես էլ չի պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները: Ա. Ներսիսյանը նրանից ստացել է հետեւյալ պատասխանը. «Քո գործը չէ, ով պետք է՝ ստուգել է»: Հանձնաժողովին համապատասխան փաստաթղթեր չեն տրամադրվել նաեւ այն մասին, թե նախագահությունը որքան գումար է ստանում վարձակալությամբ տրվող տարածքների դիմաց՝ մասնավորապես «Բրիտանական խորհրդից» եւ մի ինտերնետ ակումբից, որոնք տեղեկայված են հենց ԳԱԱ կենտրոնական մասնաշենքերից մեկում: Դեռ ավելին՝ նախագահություն են գնում նաեւ հիմնարար գրադարանի մասնաշենքի որոշ հարկաբաժինների վարձակալական գումարները (կան համապատասխան պայմանագրերը): Մինչդեռ 2003-ից ԳԱԱ բոլոր ինստիտուտները եւ հիմնարար գրադարանը պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են եւ իրենք պետք է տնօրինեն այդ գումարները: Խոսք է գնում տարեկան մոտ 4-5 մլն դրամի մասին, ինչը գրադարանը կարող էր իր կարիքների համար ծախսել: Պրն Ներսիսյանը նաեւ շեշտեց առանց աճուրդի ԳԱԱ տարածքների վաճառքի իրականացման մասին, մասնավորապես՝ Ծաղկաձորի մի հողատարածքի, որը հետո վերավաճառվել է անհամեմատ թանկ գնով, քան ԳԱԱ-ն է վաճառել: Սա կատարվել է կառավարության համաձայնությամբ, ինչի մասին պահանջվող փաստաթղթեր եւս չեն տրամադրվել: Ի վերջո, Անրի Ներսիսյանի պահանջը մեկն է՝ սկզբունքային գնահատական տալ Ֆ. Սարգսյանի գործունեությանը: Եվ եթե նույնիսկ վաղը Ֆադեյ Տաճատովիչը հրաժարական տա (ի դեպ, հենց վաղը սպասվում է նրա հրաժարականը), միեւնույն է, ԳԱԱ-ին, ըստ Ա. Ներսիսյանի, պետք է մի նախագահ, ով կգործի կանոնադրությամբ եւ ՀՀ օրենքներով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































