Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՎ ՉԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ

Հուլիս 07,2006 00:00 Share

Նկատում է Իրավունքների եւ ազատության
կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը – Հայաստանի քաղաքական շրջանակները
միայն լրագրողների դրդմամբ են արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գաղտնազերծած
համաձայնագրին: Ո՞րն է պատճառը, որ նման կարեւոր հարցի վերաբերյալ չեն շտապում հստակեցնել
իրենց դիրքորոշումը՝ վստահ են, թե մերժվելո՞ւ է այդ համաձայնագիրը, թե՞ ուղղակի չեն
կարող առաջարկել այլընտրանք: – Կարծում եմ՝ չունեն այլընտրանք: Ե՛վ Հայաստանում,
ե՛վ Ադրբեջանում հակամարտությունը դիտարկվում է որպես առօրյա անհրաժեշտություն: Այս
տեսակետից հայ ու ադրբեջանցի պաշտոնյաները շատ են նման իրար: Երկու երկրների իշխանություններն
էլ իրենց արտաքին ու ներքին քաղաքականությունը, փող աշխատելու կամ չաշխատելու հնարավորությունները,
իրենց կենցաղը որոշում են՝ ելնելով այս հակամարտությունից: Այն նրանց տալիս է ինքնահաստատման
ու ինքնաարտահայտման այնքա՜ն անհրաժեշտ խթանը: Եվ այս խնդրի լուծումը երկու կողմերին
էլ, մեծ հաշվով, այնքան էլ ձեռնտու չէ: Այլ կերպ նրանք զրկվում են սնման միջավայրից:
Սրանով ե՛ւ իշխանություն են պահում, ե՛ւ գումարներ վաստակում, ե՛ւ կարողանում արժանանալ
աշխարհի հզորների ուշադրությանը: Սակայն Մինսկի խմբի համանախագահողներն ու միջազգային
հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացվող առաջարկները պայմանավորում են
ոչ թե գործող իշխանությունների շահերով, այլ տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտության
պարտադրանքով: Այս առումով՝ Մեթյու Բրայզայի գաղտնազերծումներն իհարկե պետք է բացասաբար
ընկալվեին երկու երկրներում էլ: Ու այդպես էլ ընկալվեցին: – Սակայն ԱԳ նախարարը
հայտարարեց, թե կարգավորման առաջարկված շրջանակային համաձայնագիրն ընդունելի է Հայաստանի
համար, եւ պատրաստ են շարունակել բանակցությունները՝ հիմնվելով այնտեղ առկա սկզբունքների
վրա: Այլ հարց է, որ տարբեր հայրենակցական միություններ կամ հասարակական այլեւայլ
կազմակերպություններ են պնդում, թե «Բրայզայի հայտարարություններից նավթի հոտ է գալիս»:
– Մեր արտգործնախարարը նման ձեւակերպումներ արդեն 7-8 տարի է, ինչ գործածում
է: Բոլոր առաջարկների առնչությամբ էլ նա օգտագործում է «մեծ հաշվով ընդունելի են»
բառակապակցությունը, բայց հակամարտությունը շարունակվում է՝ մեր առջեւ փակելով ապագա
զարգացման բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է հասարակական ու քաղաքական
կազմակերպությունների խիստ ազգայնական ուղղվածություն ունեցող հայտարարություններին՝
դա էլ է բնական, որ նրանք պետք է տային այդ արձագանքը: Մեր ազգայնականներին թվում
է, որ ինչքան բարձր ես գոռում ու հայհոյում օտարներին՝ այնքան ուժեղ ես դու, եւ իրենց
գոռոցից հաճույք են ստանում իրենք: Սա ավելի շատ ինքնահաստատման գործընթաց է, քան
հայրենասիրություն: Մի բան հստակ է ու անվիճելի. ըստ էության՝ ցանկացած երկիր մեծ
փորձության է ենթարկվում, երբ նրա ղեկին են մոտենում ազգայնականները, քանի որ նրանք
իրենց էությամբ սնապարծ, պոռոտախոս ու, որպես կանոն, անպատասխանատու լինելով հանդերձ՝
իրենց վրա են վերցնում ազգի ու հայրենիքի անունից խոսելու գործառույթը, արգելելով
այլոց մտնել այդ բնագավառ: Քարանձավային հայրենասիրությունը եւ ազգայնականությունը
միշտ էլ կործանարար են: – Ի՞նչ զարգացումներ կարող են լինել ապագայում: Մի
կողմից՝ Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են պնդել իրենց տեսակետները, մյուս կողմից՝
միջազգային հանրությունը ճնշումներով կարծես ցանկանում է ամեն ինչ անել հաշտեցման
գործընթացն ավարտին հասցնելու համար: – Չեմ կարող ասել, թե երբ կամ ինչպես,
բայց որ մեր այս երկու ժողովուրդները պե՛տք է, կարո՛ղ են, ցանկանո՛ւմ են ու կապրե՛ն
խաղաղ՝ վստահ եմ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Դրա այլընտրանքը պատերազմն է:
Տասնութամյա սպանված զինվորն է խաղաղության այլընտրանքը: Այս տարածքում՝ Սեւանի
ավազանում, Սիսիանում, Ղարաբաղում, Ղազախում, Բաքվում ծնված ու ապրած ցանկացած հայ
կամ ադրբեջանցի կարող է ցույց տալ տեղի գերեզմանոցում (եթե այն այլեւս ավերված չէ)
իր պապերի ու ապուպապերի գերեզմանները: Հարյուրամյակներ շարունակ այս ժողովուրդներն
ապրել են միասին, նույն տարածքներում, նույն գյուղերում եւ, ըստ էության, անկախ ազգային
պատկանելությունից՝ բոլորն էլ այս երկիրը համարել են իրենց հայրենիքը: Սա ընդհանուր
հայրենիք է: Եթե մեր երկու ժողովուրդներն ինչ-որ հրաշքով չներքաշվեին Ղարաբաղյան
հակամարտության մեջ, ապա հռչակված Անկախ Հայաստանում շարունակելու էին ապրել հարյուրամյակներով
այստեղ ապրած ադրբեջանցիները, իսկ հայերը՝ Ադրբեջանում, որպես իրենց հայրենիքում:
Լինելու էին իրենց երկրների քաղաքացիներ, եւ ոչ ոք չէր ասի, թե սա իրենց հայրենիքը
կամ պետությունը չէ: Բացասական անցյալն ու ներկան չպետք է խոչընդոտ դառնան
ապագա համակեցության եւ խաղաղ գոյատեւման համար: Ազատության, ժողովրդավարության եւ
համակեցության մասին 20-րդ դարի բերած պատկերացումները, լիովին փոխելով աշխարհը,
թելադրում են անցյալից ժառանգված հակամարտությունների լուծման նոր ու խաղաղ ճանապարհներ
ու համակեցության նոր կանոններ, որոնք եւ մեզ այսօր առաջարկվում են միջազգային հանրության
կողմից: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել