
գյուղը ոչ բժիշկ ունի, ոչ ջուր, ոչ էլ անասնակեր Արեւիսը Սյունիքի մարզի սահմանամերձ
գյուղերից է: Սակայն գյուղի բնակիչները պետության հոգածությունն իրենց մաշկի վրա
որեւէ կերպ չեն զգում: Արեւիսը մինչեւ 1990-ականները եղել է ադրբեջանական գյուղ եւ
այն լքելուց առաջ ազերիները տներն ու գոմերը հիմնահատակ քանդել են, որ հայերին ոչինչ
չմնա: Իսկ այսօր այնտեղ ապրում են Սիսիանից ու շրջակա գյուղերից եկած սոցիալապես
անապահով վերաբնակները, որոնք հույս են ունեցել հող մշակելով ու անասուն պահելով՝
գոյատեւել ու գյուղը նորից շենացնել: Սակայն առ այսօր Արեւիսը տարբերվում է հարեւան
Աշոտավան, Հացավան, Թասիկ գյուղերից: Արեւիսն ընդամենը 30 տուն ունի՝ մեկը մյուսից
խղճալի վիճակում, քանդված տանիքներով ու փլված պատերով: Գյուղում 130 մարդ է ապրում՝
միայն ծերեր, կանայք ու երեխաներ, որովհետեւ երիտասարդները աշխատանք գտնելու հույսով
գյուղը լքել են: Անցյալ տարի գյուղում երկու ծնունդ է եղել, այս տարի ընդհանրապես
Արեւիսում մարդ չի ծնվել. «Եղածներին չենք կարողանում պահել, ո՞ւր բերեն, կամ բերեն՝
ո՞նց պահենք: Էստեղ որ մեկը հիվանդացավ՝ յա պիտի մեռնի, յա էլ պիտի շրջկենտրոնից
տաքսի կանչենք, որ տանենք Սիսիանի հիվանդանոց: Գյուղում բժիշկ, դեղ ու բուժկետ չկա,
ինչ ճար գիտենք՝ անում ենք: Մեր հիվանդն էլ, մեր բժիշկն էլ՝ մենք ենք»,- «Առավոտի»
հետ զրույցում բողոքեց Սասուն պապը: Գյուղը Սիսիանից 15 կմ է հեռու: Ձմռանը 2 մետր
բարձրությամբ ձյունը փակում է հարեւան գյուղերին կապող ճանապարհը եւ միայն սահմանապահ
զինվորականների օգնությամբ է քիչ թե շատ հնարավոր լինում պահպանել կապն արտաքին աշխարհի
հետ: Գյուղում միայն 9 ընտանիք հեռախոս ունի: Արեւիսում հեռուստաալիքներ էլ
չեն հեռարձակվում, եւ բնակիչների միակ հույսը Հ1-ն է, այն էլ «բռնում» է գյուղապետարանի
շենքին տեղադրված արբանյակային ալեհավաքի շնորհիվ: Գյուղի ոռոգման համակարգը
ժառանգել են ադրբեջանցիներից, որն ամբողջովին քայքայված է: Արեւիսցիները խմելու ջուր
էլ չունեն եւ օգտվում են մեկ-երկու բնակչի բակի աղբյուրներից: Խանութ առհասարակ չկա,
ալյուրը մեծ դժվարությամբ բերում են Սիսիանից, որտեղ էլ իրենց հողամասից ստացած լոբին
ու կարտոֆիլը փոխանակում կամ վաճառում են: Արեւիսի կենտրոնում գտնվող կիսավեր
շենքի երկու սենյակներից մեկում տեղակայված է գյուղի գրասենյակը, մյուսում՝ 7 աշակերտ
եւ 2 ուսուցիչ ունեցող դպրոցը: Ծանր պայմաններում ապրող գյուղն այս տարի է՛լ ավելի
դժվարություններ կունենա, քանի որ երաշտը վնասել է անասնակերը. «Չենք էլ կարող անասնակեր
գնել եւ ստիպված պետք է մորթենք ու վաճառենք»,- նեղսրտեց գյուղապետ Աշոտ Սահակյանը:
ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ


















































