Հանձնաժողովը «կկտրի» պորտապար պարողներին
«Հայկական երաժշտություն լսելիս զարմանալը ոչ միայն մեր դիմորդներին է բնորոշ, այլեւ այն ընդհանուր միտում է դարձել: Մի քանի հոգի փորձեց քննության ժամանակ պորտապար պարել: Բոլորին հայտարարեցի, որ եթե որեւէ մեկին տեսնեմ պորտապարով քննության մտնելիս, միանգամից չեմ ընդունելու»,- իր զայրույթը փոխանցեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Գասպարյանը: Նա նաեւ զարմացած եւ վրդովված է, թե ինչու պիտի քննության ժամանակ դիմորդները փորձեն բրեյքդանս պարել, ռուսական պարային շարժումները միանգամից հիշել, իսկ հայկական նազանքով պարի փոխարեն սկսեն անհասկանալի շարժումներ անել: «Մեղքը ծնողներինն է, քանի որ երեխաներին մեծացնում են արաբա-թուրքական երաժշտության տակ: Արդյունքում դարձել ենք կիսաֆաբրիկատի նման ազգ, ո՛ր երկրի հետ ընկնենք՝ դրան կհամապատասխանենք»,- մտահոգված է Հ. Գասպարյանը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ եւ ռեժիսուրա բաժիններ ընդունվելու համար դիմորդները հանձնում են դերասանի վարպետություն առարկան: Այն անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլում ստուգվում է, թե դիմորդը ունի՞ խոսքի թերություն, երգել գիտի՞, խոսքն ու երգը ինչպե՞ս է զգում, հաղորդում: Երկրորդ փուլում ստուգվում է, թե շարժման մեջ դիմորդն ինչպես է դրսեւորում իրեն, ինչպես է աշխատում նրա երեւակայությունը: Այս փուլում կարեւոր է՝ արդյոք դիմորդն ունի՞ ռիթմի զգացողություն, ինչպես է հաղորդում պարի բնույթը, «իսկ դրա համար ամենեւին էլ կարեւոր չէ ճիշտ ու լավ պարել»,- պարզաբանում է Հրաչյա Գասպարյանը: Քննության ժամանակ, սակայն, դիմորդներին հանձնաժողովի անդամները հազիվ կարողանում էին «շաբաշով պարացնել»: Պարելու երկար փորձեր կատարելուց հետո, երբ վանաձորցի Սոնային Հ. Գասպարյանը հարցրեց, թե գոնե «հարսի պար» գիտի՞ պարել, աղջիկն ասաց. «շաբաշ տան՝ կպարեմ»: Դիմորդների դերասանական տվյալները ստուգվում են էտյուդներ խաղալու միջոցով: Օրինակ, հնարավոր է՝ հանձնաժողովի անդամները նրան խնդրեն քննասենյակում կով կթել, հավաքարարություն անել կամ ծանրամարտիկի դեր ստանձնել: Իսկ դրա համար ոչ միայն «դերասանություն անել» է պետք, այլեւ գիտելիք ունենալ այն մասին, ինչը պետք է ներկայացնել: Վանաձորցի մի աղջիկ, ով ասաց, որ 10 կով ունեն, այնուամենայնիվ, չկարողացավ «կով կթել». նա մատների սխալ շարժում էր ցուցադրում, եւ ամենակարեւորը, ինչպես նկատեց Հ. Գասպարյանը, կովի պտուկները կթելուց առաջ չլվաց:
Երրորդ՝ հարցազրույցի փուլում հանձնաժողովի անդամները դիմորդներին ոչ պարացնում են, ոչ երգացնում, ոչ էլ կով կթել են պահանջում, այլ ստուգում են նրանց ընդհանուր զարգացածությունը, իմացությունը՝ թատրոնի, գրականության, պատմության մասին: Օրինակ՝ հարցնում են, թե երբ է առաջին հանրապետությունը հռչակվել, կամ իրենց շրջանում ինչ հայտնի արձաններ գիտեն, ինչ հետաքրքիր մարդիկ: Սակայն գնահատման համար կան որոշակի առաջնային պահանջներ. «Թատրոնի համար ամենակարեւորը խոսքն է, նաեւ այն, թե ինչպես է դիմորդը լսում ու տեսնում»,- ասում է Հ. Գասպարյանը:
Չնայած բոլոր թերություններին, այս տարի դերասանական արվեստ բաժնում ե՛ւ մեծացել է դիմորդների թիվը, ե՛ւ բարձրացել նրանց մակարդակը: «Այս պատճառով դժվարանում է ընտրության հարցը, քանի որ երբեմն դիմորդները հավասար մակարդակի վրա են լինում: Եվ հանձնաժողովում վեճեր են առաջանում՝ ում ընտրել»,- Հ. Գասպարյանն անկեղծորեն ասաց, որ վաղուց այս երեւույթին չէին հանդիպել: Սակայն նույնը չես ասի մասնաճյուղերի՝ Գյումրիի, Վանաձորի, Գորիսի դիմորդների մասին: Նշված մասնաճյուղերում նույնիսկ թափուր տեղեր են մնացել, այնինչ նշված մարզերից շատ դիմորդներ կան, ովքեր անպայման ցանկանում են սովորել Երեւանում՝ նույնիսկ բարձր մրցակցության պայմաններում: Դերասանական օժտվածությամբ եւ ձիրքով առանձնանում են Երեւանի երեխաները: «Պատճառը հասկանալի է, քանի որ մայրաքաղաքում շփումն արվեստի, թատրոնի հետ ավելի մեծ է: Բայց մայրաքաղաքով չի որոշվում թատրոնի վաղվա օրը, իսկ այս փաստը խիստ վտանգավոր է եւ նշանակում է, որ այդ քաղաքներում արվեստի նկատմամբ վերաբերմունքի բացասական տեղաշարժ կա»,- ասում է Հ. Գասպարյանը: Չնայած դիմորդներն աչքի են ընկնում բարձր մակարդակով, այնուամենայնիվ, դեռ դերասանի վարպետություն առարկայից «20» միավոր չի գրանցվել: Գերիշխում են միջին գնահատականները, գրանցվել է մեկ «19.5» միավոր: Դերասանական արվեստ բաժնի 38 տեղի համար այս տարի մրցում է 120 դիմորդ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































