Չնայած վերջերս վրաց-աբխազական հարաբերությունները կրկին խզվեցին, դա ոչ մի կերպ չանդրադարձավ Բաթումում եւ Քոբուլեթիում հանգստացողների վրա:
Վրացիները գիտեն, որ իրենց զբոսաշրջության հաջողության մեծ մասը հայերից է կախված, ուստի աշխատում են ամեն ինչ անել նրանց հետաքրքիր հանգիստն ապահովելու համար: Բացի այդ, վրացիներն ամենայն անկեղծությամբ լավ են վերաբերվում հայերին եւ միշտ շեշտում, որ այս երկու ժողովուրդների դարեր ի վեր շարունակվող բարեկամությունը շատ կարեւոր է նաեւ այդ երկրների ապագայի համար: Հայաստանից Վրաստան ներկրվող շինանյութը, սննդամթերքը (հատկապես սուրճը) եւ աշխատուժը շատ հարգի են: Սակայն հայկական աշխատուժը չի կարելի անվանել նոր՝ «գաստերբայթեր» բառով, քանի որ Վրաստանում շատ են գնահատում հայերի աշխատասիրությունը, խելքն ու ոսկի ձեռքերը, օրինակ՝ Բաթումում բնակվող հայերը ամենահարուստ մարդիկ են:
Վրացիները շատ են սիրում հայկական (նաեւ թուրքական) երաժշտություն՝ Թաթա Սիմոնյանի «Անապատի արեւը» այնտեղ այս սեզոնի հիթն է: Ցանկացած սրճարանում, երբ միացնում են հայկական երաժշտություն, վրացիները ազգային ժողովրդական են պարում: Սակայն դա իրենց չի խանգարում CD-ով վրացական երաժշտության հավաքածու թողարկելիս Արա Գեւորգյանի «Արցախը» զետեղել Կախա Ցիստարիձեի «Կարդագանա» անվան տակ:
Եթե Քոբուլեթիում հասկացել են, որ վերջին երեք-չորս տարիներին քաղաքը մեծ պահանջարկ ունի եւ հարկավոր է այն բարեկարգել, ապա Բաթումը նոր-նոր է թափ հավաքում: Ափամերձ սրճարանների, հյուրանոցների եւ դիսկոտեկների մեծ մասի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է: ԽՍՀՄ ժամանակներից մնացած «Ինտուրիստ» հյուրանոցն արդեն վերակառուցվել է՝ եվրոպական ամենամոդայիկ չափանիշներին համապատասխան: Բոլոր խոշոր շինություններին (այդ թվում՝ վերոհիշյալ հյուրանոցը) եւ այն կիսակառույցներին, որոնք սկսել է կառուցել Լուժկովը Բաթումում դեռ հեղափոխությունից առաջ, տիրություն են անում կազակները՝ ռուսների «կռիշայի» տակ: Նորակառույց էլիտար շենքերում տարածքը վաճառվում է քառակուսի մետրը՝ 350 դոլարով: Իսկ քաղաքի կենտրոնում, հին շենքում, հին նորոգումով մեկ սենյականոց բնակարանի արժեքը կազմում է մոտ 12 հազար դոլար: Դոլարի փոխարժեքը Վրաստանում բավականին կայուն է՝ 17,5 լարի մեկ դոլարի համար:
Շահումյան քուչան (որը թարգմանաբար նշանակում է Շահումյանի փողոց) վերանվանվել է, բայց ժողովուրդը չի սովորել նոր անվանը եւ հնի պես Շահումյան է անվանում: Բացի «քուչայից», վրացական լեզվում շատ-շատ են հայերին ծանոթ բառերը՝ «ջիգյար», «արծիվ», «հարիֆ», «միամիտ»՝ մեծ մասամբ թուրքական ծագման: Այն հարցիս, թե ով է ստեղծել վրացական այբուբենը, վրացական ընդդիմության ներկայացուցիչներից մեկը շատ հպարտ պատասխանեց, թե չգիտի, քանի որ դա շատ վաղուց է եղել: Սակայն ամենազարմանալին այն էր, որ վրացերենում բացակայում են մեծատառ եւ փոքրատառ հասկացությունները:
Վրաստանում գործում է բջջային կապի երկու օպերատոր՝ «ՄագԹի»-ն (որի խոշոր բաժնետերերից մեկը Շեւարդնաձեի դուստրն է) եւ «ԼայԼայ»-ը (որը թարգմանաբար նշանակում է «չաչանակ»): Քարտերի եւ րոպեների արժեքն այնտեղ ավելի ցածր է, քան մեզ մետ: Բաթումում ամեն ինչ, բացի ծխախոտից, ավելի էժան է, քան Երեւանում: Չիմացա, թե ինչ արժեն այնտեղ թմրանյութերը, բայց Բաթումի երիտասարդների մեծամասնությունը անխտիր օգտագործում է այն՝ «քուչայում» նստած շրջանով իրար են փոխանցում ծխախոտը: Ոստիկանությունը կամ չի՛ նկատում, կամ չի՛ ուզում նկատել դա, համենայնդեպս օրուգիշեր շրջում է քաղաքով մեկ: Ճանապարհներին էլ կարգուկանոն չի տիրում, բայց խախտումի դեպքում վարորդները ոստիկանությանը փող չեն առաջարկում՝ միանգամից ակտ է գրվում: Նաեւ ոստիկանությունը հետեւում է, որ վարորդները վարելու ընթացքում բջջային հեռախոսներով չխոսեն: Երեւանում էլ, կարծես թե, գործում է այդպիսի օրենք, բայց վրացիները գոնե ընդհատում են խոսակցությունը՝ հեռվում ոստիկանության մեքենա տեսնելիս: Ի դեպ, վրաց ոստիկանները չեն թաքնվում թփերում կամ մեծ մեքենաների հետեւում:
Վերջերս վրացական խորհրդարանը օրենք է ընդունել. երբ իրավապահ մարմինները բռնում են մեկին եւ հարցնում «Ո՞վ ես» եւ «Ես գող եմ» պատասխանը ստանում, իրավունք ունեն ազատազրկել տվյալ մարդուն յոթ տարի ժամկետով: Իրական «գողին» «զապադլո» է հրաժարվել իր այդ կոչումից՝ ազատազրկումն ապահովված է: Բայց դա նշանակում է, որ յոթ տարի անց, երբ նա ազատվի, դիմացի մայթին նրան նորից կարող են հարցնել՝ «Ո՞վ ես»: Ինչպես ասվում է հայտնի կինոնկարում՝ «Գողացար, խմեցիր, նստեցիր: Գողացար, խմեցիր, նստեցիր: Ռոմանտիկա»:
Ճանապարհորդությունիցս ամենամեծ տպավորությունը ստացա հայ-վրացական սահմանի մաքսատանը: Անցյալ տարի հայ-վրացական սահմանն անցնելիս անձնագրի մեջ կնիք չէր դրվում: Այս տարի երկու կողմերն էլ կնիքով վկայում են մուտքն ու ելքը՝ մի հանրապետությունից մյուսը: Պետք է խոստովանել, Բագրատաշենի հայ մաքսայինները շատ ավելի արագ են աշխատում, քան Սադախլոյի վրացիները: Երբ անցանք վրացական մաքսատունը, արդեն գիտեինք, որ հայերի հետ ավելի հեշտ է: Իրոք, մեզ շատ ջերմ ճանապարհեցին հայ սահմանապահները, սակայն մաքսատունն անցնելուց հետո նկատեցի, որ Հայաստան մտնելը վկայող կնիքը դրված չէ անձնագրիս մեջ: Այնպես է ստացվում, որ ես դուրս եմ եկել Վրաստանից եւ չեմ մտել Հայաստան: Վերադարձա մաքսատուն եւ իմացա, որ աշխատակիցները խոսքով էին ընկել ու մոռացել կնքել անձնագիրս:
Եվ վերջում կցանկանայի մի բարի խորհուրդ տալ: Եթե դուք որոշել եք երթուղայինով մեկնել Վրաստան, քանի որ գնացքով գնալու համար տոմսը հարկավոր է մոտ երկու շաբաթ շուտ գնել, ապա օգտվեք ոչ թե նորաբաց կասկածելի տուրիստական ֆիրմաներից, այլ՝ մեր հին ու բարի ավտոկայանից, որտեղի աշխատակիցները Վրաստանում անում են այն, ինչ խոստացել են Երեւանում եւ անտերության չեն մատնում իրենց ուղեւորներին:
Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ


















































