Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՄՈՒՏ ՄԱՐԶԻՉԸ ՆԱԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿ Է

Օգոստոս 16,2006 00:00

ՀՀ վաստակավոր մարզիչ Լեւոն Միսակյանի կարծիքով,միայն լավ մարզիչը կարող է նպաստել, որպեսզի երեխան իսկականսպորտային հոգեբանություն ձեռք բերի եւ զերծ մնա իր ուժերը դրսում«ռազբորկաների» ժամանակ ի ցույց դնելուց:

«Ոչ մեկի խոսքը այնքան ուժեղ չէր կարող ազդել երեխայի վրա, որքան մարզչինը: Գուցե սա էր պատճառը, որ մեզ մոտ ԽՍՀՄ տարիներին ուղարկում էին դժվար դաստիարակվող երեխաների»,- ասաց վաստակավոր մարզիչը:

Այսօր լրանում է Լ. Միսակյանի 60-ամյակը: Վաստակավոր մարզիչը երկարամյա եւ արդյունավետ ներդրումն ունի հայկական բռնցքամարտի զարգացման գործում: Նրա սաներից են Արմեն Քարամյանը՝ ԽՍՀՄ սպարտակիադայի մրցանակակիր, ԽՍՀՄ պատանիների առաջնության հաղթող, ԽՍՀՄ երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, Կարեն Միսակյանը` ԽՍՀՄ սպորտային թեքումով դպրոցների առաջնության հաղթող եւ այլք:

Լ. Միսակյանը «Հայաստան» մարզական միության բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրենն է: «Պերճ Պռոշյանի անվան դպրոցում էինք սովորում, երբ հայտնի բռնցքամարտիկ Կառլոս Ջանրյանը մեզ ցուցակագրեց, որպեսզի գնանք ու պարապենք բռնցքամարտի «Աշխատանք» կամավոր մարզական ընկերությունում: Իսկ մինչ այդ, մենք՝ քաղաքի կենտրոնում ապրող ճարպիկ երեխաներս, «Կոմայգու» երիտասարդական գվարդիաներում էինք ընդգրկվել: ՀՀ վաստակավոր մարզիչ Կ. Ջանրյանին հաջողվեց մեզ համոզել, որ լավ սպորտսմենը երբեք իրեն թույլ չի տա փողոցում կռիվ անել: Նա մեզ բացատրում էր, որ սպորտն էլ արվեստի մի ճյուղ է եւ կարողացավ մեր մեջ մեծ սեր արթնացնել դեպի այդ արվեստը»,- հիշեց մարզադպրոցի տնօրենը:

Լ. Միսակյանը դպրոցում աշխատում է 73 թվականից՝ բացման հենց առաջին օրից, սկզբում որպես ուսմասվար, հետո՝ մարզչական աշխատանքի է անցել, իսկ 89-ից մինչ օրս աշխատում է որպես տնօրեն: Նա փաստեց, որ Հայաստանի համար ծանր տարիներին նույնիսկ մեկ օր դպրոցում պարապմունքները չեն դադարեցվել:

Տնօրենը գտնում է, որ չնայած դժվարություններին, սաներն արդարացրել են մարզիչների հույսերը. «Մրցաշարերում մեր սաների ցուցաբերած արդյունքները միշտ բարձր են եղել, քանի որ մեր բոլոր աշխատակիցները մեծ սեր են ներդնում իրենց գործում: Մեզ մոտ են ուսանել աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն Նշան Մունչյանը, 1998թ. Եվրոպայի չեմպիոնատի արծաթե մեդալակիր Արտյոմ Սիմոնյանը, 2002թ. Եվրոպայի չեմպիոնատի բրոնզե մեդալակիր Մարատ Թովմասյանը, 1995-ի Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Արմեն Ենգոյանը, 2002թ. Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Վարդան Գասպարյանը, 2004-2005թթ. Եվրոպայի պատանիների առաջնությունների ոսկե մեդալակիր Ազատ Հովհաննիսյանը»:

Մարզչական աշխատանքի շուրջ 40 տարվա փորձ ունեցող Լ. Միսակյանը փաստեց, որ Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը ուսանողին իսկապես սպորտային (եւ ոչ միայն) մեծ գիտելիքներ է տալիս, սակայն մարզչական հիմնական փորձը կարելի է ձեռք բերել միայն մարզադպրոցում. «Իհարկե, այս գործում իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ հմուտ մարզիչները: Մեր դպրոցում այժմ աշխատում են ՀՀ վաստակավոր մարզիչ Կառլոս Ջանրյանը, ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրա Ներսիսյանը եւ այլք: Այստեղ աշխատել են նաեւ ՀՀ վաստակավոր մարզիչներ Ֆեդի Ալեքսանյանը, Ստեփան Աթոյանը, Կարեն Աղամալյանը, Էդուարդ Կոստանյանը»: Լ. Միսակյանը ցավով է նշում, որ նման մարզիչներն այժմ չնչին աշխատավարձով են աշխատում՝ ամսական 30-50 հազար դրամ եւ երբեմն ստիպված են լինում միաժամանակ մի քանի դպրոցում աշխատել: Երիտասարդ մարզիչները էլ ավելի քիչ են վաստակում` ամսական 21-23 հազար դրամ:

Անդրադառնալով դպրոցի նորեկ սաներին՝ Լ. Միսակյանը նշեց, որ դպրոցականներն այստեղ են գալիս նույնիսկ աջն ու ձախը չտարբերելով. «Դպրոցներում գրեթե անտեսված ֆիզկուլտուրայի դասաժամերի պակասն էլ ավելի է դժվարացնում մեր գործը»: Այժմ դպրոցում պարապում է 10-30 տարեկան 210 մարզիկ: Մարզադպրոցը անցյալ տարի վերանորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Վերջերս ԱԺ պատգամավոր, ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով հիմնվել է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դահլիճը:

Լ. Միսակյանը նշեց, որ մարզադպրոցների վերանորոգման հիմնական նախաձեռնողը ՀՀ սպորտային պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն է:

«Մեր մարզիկներին այժմ միայն մարզական ամառային ճամբարներն են պակասում, որտեղ նրանք կարող են օդափոխվել, հանգստանալ, պարապել, ինչու չէ՝ լավ սնվել: Այս բոլորը նոր ուժ ու եռանդ կարող է տալ` հետագայում էլ ավելի լավ մարզավիճակում լինելու համար: Բացի այդ, մեր մարզիկներին պակասում են նաեւ մարզական միջոցառումները: Առաջ նրանք անընդհատ մրցումների էին մասնակցում եւ այդ ճանապարհով մեծ փորձ ձեռք բերում»: Նա հիշեց տարիներ առաջ կազմակերպվող Երեւան քաղաքի առաջնությունները, որոնք մեծ տոնի էին վերածվում. «Լավ կլիներ, որ այսօր վերականգնվեր այդ ավանդույթը:

Մենք 1994-1999թթ. կազմակերպում էինք հուշամրցաշար՝ նվիրված մեր մարզադպրոցի սան, Արցախի եւ ՀՀ առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր, հերոս ազատամարտիկ Արշակ Ղամբարյանի հիշատակին»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել