Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՇԿԻ ՎՐԱ»

Մարտ 16,2007 00:00

\"\"Ադրբեջանցի եւ հայ լրագրողների մասին նման կարծիք հայտնեց ադրբեջանական «Գյուն Սահար» թերթի գլխավոր խմբագիր Արիֆ Ալիեւը:

Մարտի 14-15-ին Երեւանի մամուլի ակումբը կազմակերպել էր «Ժուռնալիստական էթիկան որպես որակյալ լրատվամիջոցների հիմք» խորագրով սեմինար, որին մասնակցում էին հայկական եւ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Երեկ Ռումինիայի Անկախ ժուռնալիստիկայի կենտրոնի տնօրեն Իոանա Ավադանին եւ Բուլղարիայի ԶԼՄ-ների զարգացման կենտրոնի տնօրեն Օգնյան Զլատեւը խոսեցին «ԶԼՄ-ների ինքնակարգավորումը նոր ժողովրդավարական երկրներում. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ (Հարավ-Արեւելյան Եվրոպայի օրինակով)» թեմայի շուրջ: Նրանք ներկայացրին իրենց երկրներում գործող ինֆորմացիայի ազատությանը առնչվող օրենքներն ու կանոնները: Ի. Ավադանին նշեց, որ տարիներ առաջ, ռումինական քրեական օրենսգրքի համաձայն, լրագրողը զրպարտության եւ վիրավորանքի համար կարող էր ենթարկվել ազատազրկման կամ խոշոր տուգանքի, սակայն լրագրողների երկարամյա պայքարից հետո այս կետը օրենսգրքից հանվել է: Օ. Զլատեւն էլ հայտնեց, որ Բուլղարիայում զրպարտանքի եւ վիրավորանքի համար լրագրողներին միայն խոշոր տուգանքով են պատժում:

«Առավոտը» օտարերկրյա լրագրողներից փորձեց պարզել, թե որքանով է մամուլն ազատ նրանց հայրենիքում եւ արդյո՞ք ազատ խոսքը ճնշումների է ենթարկվում այդ երկրների իշխանությունների ու քրեաօլիգարխիկ տարրերի կողմից: Ադրբեջանական «Գյուն Սահար» թերթի գլխավոր խմբագիր Արիֆ Ալիեւի կարծիքով, հայկական եւ ադրբեջանական մամուլը նման են. 2-ն էլ լիարժեք ազատ եւ ֆինանսապես անկախ չեն: «Ճնշումներ, իհարկե, լինում են: Քանի Ադրբեջանում իշխանավորները նաեւ օլիգարխներ են, ուստի լրագրողներին ճնշողները ե՛ւ իշխանավոր են, ե՛ւ մեծահարուստ: Դատական մարմիններն են ԶԼՄ-ների վրա ճնշումներ գործադրում: Լրագրողների դեմ բազմաթիվ գործեր կան հարուցված: Վերջին շրջանում հաճախացել են ֆիզիկական բռնությունները լրագրողների հանդեպ, ինչը պայմանավորված է Ադրբեջանում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններով: Մեր եւ ձեր երկրում ցանկացած քաղաքական ընտրություն լրագրողը զգում է սեփական մաշկի վրա»:

Թուրքական «Սաբահ» օրաթերթի օմբուդսմեն Յավուր Բայդարը հայտնեց, որ ներկայումս Թուրքիայում խոսքի ազատության «մասով» բարեփոխումներ են իրականացվում. «Սակայն դա մի գործընթաց է, որի ապագան դեռ պարզ չէ: Թուրքիան ընտրությունների նախաշեմին է, այդ պատճառով որեւէ քաղաքական ուժ չի համարձակվի փոխել երկրի քաղաքական դիրքորոշումները: Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի (թրքությունը վիրավորելու մասին) հետ կապված շուրջ 60 գործ կա հարուցված, եւ բոլորն էլ, ի վերջո, Գերագույն դատարան պետք է հասնեն: Դրանցից առայժմ մեկն է, որ անցել է բոլոր ատյաններով, դա Հրանտ Դինքի գործն է: Շատացել են նաեւ քրդերի դեմ հարուցված գործերը: Դրանք հիմնականում կապված են գաղափարներ, մտքեր արտահայտելու իրավունքի հետ: Քրեական օրենսգրքում կան 18 հոդվածներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում խոսքի ազատության վրա: Խնդիրը ոչ այնքան այդ հոդվածների մեջ է, որքան՝ դրանց մեկնաբանման եւ կիրառման»: Յ. Բայդարը փաստեց, որ թուրքական կառավարությունը լրագրողների վրա ուղղակի ճնշումներ գրեթե չի գործադրում. «Միակ տաբուն թուրքական մամուլի համար մնում են Աթաթուրքի հիշողությունները, եւ որեւէ մեկին չի թույլատրվում մեկնաբանություններ անել»: Ֆիզիկական ճնշումներ լրագրողների հանդեպ, թուրք լրագրողի հավաստմամբ, հիմնականում չեն կիրառվում(՞):

Ի. Ավադանին ասաց, որ Ռումինիայում իշխանությունների կողմից լրագրողները ճնշումների չեն ենթարկվում: Նա նաեւ նշեց, որ իրենց երկրում ԶԼՄ-ները հակված են ինքնաքննադատությամբ զբաղվել եւ խախտումներ բացահայտել իրենց իսկ շարքերում:

Օ. Զլատեւը նշեց, որ Բուլղարիայում էլ վիճակը նույնն է. «Մեզ մոտ էլ ոչ մի քաղաքական ուժ, նախագահ, նախարար եւ այլք, չեն կարող ճնշում գործադրել լրագրողի վրա: Մեր մամուլում բազմակարծություն է տիրում: Մեծ թվով քննադատական նյութերի կարող ենք հանդիպել երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել