Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ՝ «ԷՆ ՍՀԱԹԻ» ՄԱՍԻՆ

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Շարքային քաղաքացիները, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը եւ գործարար Հրանտ Վարդանյանը տարբեր կարծիքների են

Հայտնի քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը «Ռոսիյսկայա գազետային» տրված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծապես կախված կլինեն այն բանից, թե ով կգա իշխանության Երեւանում. «Քաղաքական այն ուժերը, որոնք ձգտում են հեռացնել Երեւանը Ռուսաստանից, իրենց այդ քայլով կարող են որոշակի ապակայունացում առաջացնել տարածաշրջանում: Միաժամանակ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը կարող է նոր լիցքեր հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, որոնց համար կբացվեն փոխշահավետ նոր հեռանկարներ»: Հարցազրույցում ասվում է նաեւ, որ այն քաղաքական ուժը, որը կհաղթի խորհրդարանական ընտրություններում, կունենա նաեւ լավ հնարավորություն՝ հաղթել նախագահականում. «Միաժամանակ կարծում եմ, որ գործարար Գագիկ Ծառուկյանը, ով նոր մարդ է քաղաքականության մեջ, դժվար թե իր առաջ այդպիսի խնդիր է դրել (նախագահ դառնալ- Մ. Ե.), ավելի շուտ հակված եմ կարծել, որ իրավահաջորդը կլինի Հանրապետական կուսակցությունից: Սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը որպես իրավահաջորդ տեսնում է Սերժ Սարգսյանին: Նա մի մարդ է, ով ստացել է բանասիրական կրթություն, բայց ճակատագրի բերումով դարձել է ղարաբաղյան բանակի հրամանատարներից մեկը»: Վերլուծության մեջ Վյաչեսլավ Նիկոնովը նաեւ ասում է, որ Սերժ Սարգսյանը այժմ վայելում է Մոսկվայի «նկատելի աջակցությունը» եւ միաժամանակ՝ «Արեւմուտքը նրա հանդեպ ոչ մի ալերգիկ դրսեւորում չունի»:

Ռուս վերլուծաբանի այս տեսակետները միանշանակ չեն ընդունվում հայ իրականության մեջ: Մենք մի քանի հարցում անցկացրինք ե՛ւ շարքային քաղաքացիների, ե՛ւ քաղաքական գործիչ-գործարարների շրջանում: Կարծիքները ստացվեցին տարբեր: Մասնավորապես, շարքային քաղաքացիներն այն կարծիքին են, որ իրենք չեն որոշելու, թե ով է լինելու հաջորդ նախագահը: 65-ամյա Տիգրան Հարությունյանը մեզնից լսելով, թե ինչ վերլուծություն է արել ռուս քաղաքագետը, նկատեց. «Էնպես էլ զարմանում ես, բա որ ռուսը չլինի, էլ ո՞վ, այ աղջիկ ջան, բա դու Խաչատուր Աբովյան չե՞ս կարդացել»: Հետո էլ ավելացրեց. «Իսկ ինչո՞ւ Սերժը չլինի որ, բա ում բերեն, դրսի՞ց»: Կողքից մի տիկին, որին ակնհայտորեն հետաքրքրում էին հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ իր երկու տղաները հենց Ռուսաստան են «խոպան» գնացել, ասաց. «Էլ մի բզբզեք, թողեք լինի՝ ինչ-որ լինելու է, մեր տղերքը ռուսաստաններից տուն չեն գալիս, վա՞տ կլինի որ»: Զրույցը տեղի էր ունենում Կասյան փողոցում, եւ այստեղ կիտրոն վաճառող մի մարդ ինքնուրույն միջամտեց զրույցին ու ասաց, որ ինքը Ռուսաստանից էլ է գոհ, մյուսներից էլ. «Հերիք չեղա՞վ ռուսաստաններին նվիրվելը, չե՞ք հասկանում, որ մեր եղած-չեղածը հենց ռուսները տարան»:

ՀԱԱԿ փոխնախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը այն կարծիքին է, որ առաջներում մեր իշխանություններին կոմպլեմենտար քաղաքականություն հաջողվել է վարել ոչ թե այն պատճառով, որ իրենք շատ նուրբ դիվանագետներ են, այլ. «Որովհետեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը այսքան կտրուկ միմյանց չեն հակասել: Իսկ երբ երկուսի շահերը կտրուկ հակասում են՝ փոքր երկիրը կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնել չի կարող: Դրա համար, եթե այսօր որեւէ մեկը մտածում է, թե Հայաստանում կգտնվի որեւէ նախագահ, որը հավասարապես կարտահայտի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի շահերը, ապա ինքը պիտի գտնի այն ռացիոնալ քաղաքականությունը, որը կբխի երկուսի էլ շահերից: Մինչդեռ, այսօր Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրումը ակնհայտ ցույց տվեցին, որ տնտեսական խողովակները դառնում են քաղաքական, ցույց տվեցին, որ Եվրոպան իր էներգետիկ դիվերսիֆիկացիան կապում է արդեն Բաքվի նավթի եւ գազի հետ, այդ թվում՝ Բաքվի միջոցով տրանզիտի հետ, որը գալու է Միջին Ասիայից, եւ բոլորը ողջունում են դա, Ադրբեջանը դառնում է գործոն, Թուրքիայի հետ ինքը ռազմավարական գործընկեր է, Վրաստանը պարտադրված է այդ գործընկերությամբ, սակայն դա նաեւ բխում է իր շահերից՝ Ռուսաստանից կտրվելու համար: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող հայտնվել Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքում, ընդամենը պետք է նայել քարտեզին եւ հասկանալ, որ այն անցնելու է կամ Վրաստանով, կամ Ադրբեջանով»: Ասաց, որ այս դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ով է լինելու երկրի նախագահը. «Խնդիրը շատ ավելի գլոբալ է: Պարզ է, որ մենք արդեն շրջապատվում ենք երկրներով, որոնք նաեւ ունեն հստակ արեւմտյան շահեր, այսինքն, ոչ թե նրանք են ուժեղ մեզնից, այլ նրանց տերերն են ուժեղ մեր գործընկերոջից»:

«Գրանտ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը եւս ռուս քաղաքագետի վերլուծություններին ծանոթ էր եւ նկատեց. «Իմ կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը նախագահ դառնա, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլեւ մեր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կլավանան եւ, ամենակարեւորը, մոտակա 15-20 տարիների ընթացքում Հայաստան երկրի նախագահը պետք է լինի մի անձնավորություն, որը շատ խորը մարդ է, շատ լավ ըմբռնում է ղարաբաղյան խնդիրը, որովհետեւ մեր պետության, մեր ժողովրդի թիվ մեկ չլուծված, օդում մնացած հարցը ղարաբաղյան հարցն է եւ այդ առումով էլ Սերժ Սարգսյանը շատ մեծ գործ կկատարի»։ Նկատեցինք՝ արդյոք Արեւմուտքը որեւէ դերակատարություն չունի՞ Հայաստանում, մանավանդ այսօր, երբ մեր հարեւանները դառնում են ՆԱՏՕ-ի անդամ: Հրանտ Վարդանյանի կարծիքով՝ Արեւմուտքը արդեն սկսել է դերակատարություն ունենալ. «Խաչիկ Սուքիասյանը վերջերս շատ ճիշտ բան ասաց մեր ազգային բրենդի մասին, ասաց, որ մեր բրենդը մնացել է գենոցիդը: Մնացած բոլոր մեր ապրանքատեսակները, մեր մշակութային արժեքները նույն այդ Արեւմուտքը դուրս է մղում, «Ջերմուկը» ձեզ կենդանի օրինակ: Այդ հարցին ես դեռ անդրադառնալու եմ, եւ ամոթ մեզ բոլորիս` ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ժողովրդին, որ այսպես անհետեւանք թողեցինք այս ամերիկյան տրանսնացիոնալների շանտաժը, ամերիկյան այդ հզոր պետության շանտաժը այս փոքր պետության նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել