Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏԻՐ ՊԱՏՃԱՌԸ՝ ԿՎԵՐԱՆԱ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Ապրիլ 04,2007 00:00 Share

\"\"Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ գործող օրենսդրության անկատարությունն է հանգեցնում մարդու իրավունքների զանգվածային խախտումների:

Այդ պատճառով էլ «2006-ի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին» զեկույցում Արմեն Հարությունյանն առաջին անգամ անդրադարձել է մարդու իրավունքների խախտումների հանգեցնող օրենսդրական դրույթների վերլուծությանը:

Այս զեկույցի ծավալը հսկայական է՝ 233 էջ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում պիտի ներկայացվեր ԱԺ նիստում: Սակայն ոչ այդ խիստ ենթադրական քննարկման ընթացքում, ոչ էլ լրագրային մի հրապարակմամբ հնարավոր չէ հանգամանալից ներկայացնել այս զեկույցը: Ուստի կմեջբերենք միայն առանձին դրույթներ, որոնք վերաբերում են Պաշտպանի ստացած բողոքներին: 2006-ի փետրվարին իր նշանակումից հետո մինչեւ դեկտեմբերի 30-ը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 6567 անձանցից ստացել է 2687 դիմում-բողոք: Ըստ այդմ՝ նրան ավելի շատ են դիմել, քան Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին, որն ամբողջ 2005-ի ընթացքում էր ստացել 2640 դիմում:

Սակայն չի փոխվել պատկերը, թե ինչից են մեր քաղաքացիներն ավելի շատ բողոքում: 2006-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է սեփականության իրավունքին առնչվող 123 բողոք: Ըստ զեկույցի՝ դրանք առավելապես կապված են եղել հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման գործընթացի հետ:

Անցած տարի մեծ թիվ են կազմել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգի վերաբերյալ բողոքները: Բողոքել են մասնավորապես փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողները՝ իրենց ցուցակներում չընդգրկելու կապակցությամբ:

Առավել մեծ թիվ են կազմում դատարանների՝ 159, Երեւանի քաղաքապետարանի՝ 120, ոստիկանության՝ 114, արդարադատության նախարարության համակարգի մարմինների՝ 88, դատախազության՝ 76, աշխատանքի եւ սոցիալական ապահովության մարմինների՝ 76, կադաստրի մարմինների՝ 39, գործունեությանն առնչվող բողոքները:

Ըստ Պաշտպանի զեկույցի՝ «Ոստիկանության դեմ ստացված դիմում-բողոքների ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության առումով այս համակարգում՝ չնայած զգալի դրական տեղաշարժին, այնուամենայնիվ դեռեւս տեղ ունեն իրավունքի այնպիսի խախտումներ, ինչպիսիք են՝ ապօրինի բերման ենթարկելը, անազատության պայմաններում ապօրինի պահելը, խոստովանություն կորզելը, մարդու անձնական կյանքին ապօրինի միջամտելը, բողոքն անհետեւանք թողնելը, կատարված հանցագործության դեպքով թերի քննությունը» եւ այլն: Ուշագրավ է նաեւ, թե ինչ զգալի դրական տեղաշարժ է արձանագրել Արմեն Հարությունյանը, ըստ որի՝ մասնավորապես «Դրական է այն, որ եթե 2004, 2005 թվականներին արձանագրվել են ազատ տեղաշարժման իրավունքի, բերման ենթարկելու եւ վարչական կալանք կիրառելու բնագավառներում զանգվածային խախտումներ, ապա 2006-ին նման խախտումների վերաբերյալ բողոքները եղել են եզակի»:

Դատախազության առնչությամբ Պաշտպանը հիշեցրել է Քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը. «Կասկածյալի, մեղադրյալի եւ նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաեւ՝ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»: Եվ Արմեն Հարությունյանը եզրակացրել է. «Ստացված բողոքների քանակը եւ բնույթը վկայում են, որ օրենքի այդ պահանջը քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացվում է ոչ լիարժեք»:

Դատարանների դեմ 159 բողոքի առնչությամբ նշված է. «Նման քանակը հիմք է տալիս եզրահանգելու, որ բնակչության վստահությունը դատարանների նկատմամբ հեռու է բավարար լինելուց»: Դատարանների վարույթում գտնվող գործերով Պաշտպանի կողմից դատարանին առաջարկներ ներկայացնելը ՍԴ-ի 2005թ. մայիսի 5-ի որոշմամբ գնահատվեց որպես դատարանի անկախության սկզբունքի խախտում: Եվ ըստ զեկույցի՝ սա է պատճառը, որ «դատարանների դեմ ուղղված բողոքներից 2006-ի ընթացքում քննարկման են ընդունվել ընդամենը 7-ը»: Դրանցից մեկը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործն է, որի վերաբերյալ Պաշտպանի գնահատականն է, թե «նրան 3,5 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մոտեցում է՝ հաշվի չեն առնված ամբաստանյալի անձը դրական բնութագրող այնպիսի հանգամանքները, ինչպիսիք են՝ դատվածության բացակայությունը, ոչնչով արատավորված չլինելը, զբաղմունքի բնույթը»:

Իսկ ընդհանրապես, 2006-ի ընթացքում Պաշտպանի գործունեության շնորհիվ արձանագրվել է իրավունքների վերականգնման 243 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել