Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՂԵՌՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 19,2007 00:00

\"\"Երեկ Կամերային երաժշտության տանը մեկնարկել է այս խորագրով երկօրյա գիտաժողով

«Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային դիվանագիտությունը» թեմայով երկօրյա գիտաժողովը կազմակերպել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը՝ ԳԱԱ պատմության, գրականության ինստիտուտների եւ Ազգային արխիվի հետ համատեղ: «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավագ Խաչատրյանը հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Հայոց ցեղասպանության եւ հրեաների հոլոքոստի իրագործման պայմանների ընդհանուր պրոբլեմը», «Ցեղասպանության հարցը ականատեսների հուշերում», «Դառը խոստովանություն եւ…. ցեղասպանություն» եւ այլն:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, ով ելույթ ունեցավ «Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ անվտանգության համատեքստում» թեմայով զեկուցմամբ, փաստեց. «Ցավոք, որոշ կուսակցական գործիչներ Հայոց ցեղասպանությանը անդրադառնալը համարում են ավելորդ, շատերին այն նույնիսկ հոգնեցրել է: Ոմանք էլ կարծում են, որ հայկական հարցի ամեն մի շոշափում վնասում է ՀՀ անվտանգությանը»: Մերօրյա քաղաքական գործիչների այս մոտեցումը Ա. Մելքոնյանը փորձեց հակադրել 1918-ի առաջին կեսին տարվող ՀՀ պետական այրերի վարած քաղաքականությանը: Նա մեջբերեց Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոսքը, որը հնչել է Հայաստանի խորհրդարանում՝ Թուրքիայի ներկայացուցչի ներկայությամբ. «Մեր հանրապետությունը փոքր է ու նեղ՝ իր սահմաններով, այն զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից եւ չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակչությանը: Բայց մեր երկրի սահմանները դեռ կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով»:

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը, ով այսօր զեկուցելու է «Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը եւ թուրք հասարակությունը» թեմայով, «Առավոտին» ասաց. «Ժխտողականությունն ընդհանուր առմամբ բնորոշ է բոլոր ցեղասպանություններին: Սակայն Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումն իր յուրահատկությունն ունի. այն ձեռք է բերել ինստիտուցիոնալ բնույթ: Թուրքիայի բոլոր կառավարությունները ժխտելու էստաֆետը փոխանցում են մեկը մյուսին»: Նա մանրամասնեց, որ այդ քաղաքականությունը հիմնականում իրականացրել են արտասահմանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունները: Ըստ Ա. Հովհաննիսյանի. «Սկզբում թուրքերը պնդում էին, թե հայերի հետ կատարվածը ոչ թե ցեղասպանություն, այլ տեղահանություն է, որը նպատակադրված չէր: Թուրքիան փորձում է արդարանալ, թե տեղահանությունը պատերազմական պայմաններից ելնելով է կատարվել: Իսկ ազգաբնակչությունը կոտորվել է ճանապարհին առաջացած համաճարակների, ավազակախմբերի հարձակումների պատճառով»:

Երեկվա գիտաժողովի մասնակից գիտնականները միաբերան պնդում էին, որ այսօր մեր երկրի առաջին խնդիրը պիտի լինի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ Թուրքիային հաստատել տալը, բայց նաեւ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ ենք անելու այդ ճանաչումից հետո: «Թուրքիայի ժամանակակից սերնդին բացասական գնահատականներ պետք չէ տալ: Բայց նրանք պիտի գիտակցեն, որ կատարվածը ոճիր է, ու մենք իրավունք ունենք իրենցից պահանջել դրա ճանաչումը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել