Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՄԱՅԻՍԻ 28»

Մայիս 29,2008 00:00

«Մարզային սեղաններ»՝ Սարդարապատում

Երեկ առավոտից դեպի Սարդարապատի հուշահամալիր էր ձգվում իշխանական ավտոշարասյունը. մեծ ու միջին բոլոր պաշտոնյաները, իշխանամետ քաղաքական գործիչները, սփյուռքից եկած հյուրերը երեկ ժամանեցին Սարդարապատ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Ժամը 11-ից մի քանի րոպե առաջ Սարդարապատ եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար, պաշտոնը հանձնելուց հետո սա առաջին դեպքն էր, երբ նախկինը հայտնվում էր իր երբեմնի ստորադասների շրջապատում, ինչը վերջիններիս շրջանում առաջացրեց որոշակի կաշկանդվածություն:

Սերժ Սարգսյանի գալուց հետո սկսվեց միջոցառումը: Ուղղաթիռները օդ բարձրացան եւ եռագույն դրոշներ նկարեցին երկնքում, պարաշյուտիստները հնարքներ ցուցադրեցին: Դրանից հետո Սերժ Սարգսյանը եւ նրան շրջապատած մարդիկ ուղեւորվեցին դեպի տոնական սեղանները: Ռոբերտ Քոչարյանը աննկատ հեռացավ։ Ասում են, թե երկրորդ նախագահը միջոցառման վայրից հեռանալիս ասաց, թե գերադասում է ազատությունը: Չենք պնդում, որ ասել է, քանի որ մեր ականջով չենք լսել: Մարզպետները սեղանների շուրջ հյուրասիրում էին նախագահին, կենացներ էին ասում, դհոլ-զուռնան էլ իրենցից անպակաս էր: Ինչպես եւ նախընտրական շրջանում, Սերժ Սարգսյանը չէր հրաժարվում գյուղացիների հյուրասիրությունից:

Հայտնի է, որ յուրաքանչյուր մարզ տրված է կոալիցիոն այս կամ այն կուսակցությանը, եւ երեկ ակնհայտորեն զգացվում էր, որ տվյալ կուսակցությունը իրեն ավելի ազատ էր զգում հատկապես այն սեղանի մոտ, որը «գցել էր» իր մարզպետը: Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո դաշնակցականները, օրինակ, խմբվեցին Արագածոտնի մարզի սեղանի շուրջ, հանրապետականները՝ Տավուշի, իսկ Գեղարքունիքի մարզի սեղանը բոլորին գրավեց իր «քյավառա փախլավայով եւ իշխանով», եւ անկախ կուսակցական պատկանելությունից՝ շատերը այստեղ կերան-խմեցին: Մեր տպավորությամբ, ամենից ճոխն ու ճաշակովը Արարատի մարզի գցած սեղաններն էին, այստեղ հյուրերի համար անգամ ոտանավոր արտասանեցին: Իսկ Արմավիրի մարզը ՀՀ նախագահին փայտե շերեփ նվիրեց (թղթե եւ երկաթե շերեփի միջինը): Կոտայքի մարզի սեղաններից մեկի վրա բացառապես մեղր էր եւ տիկին Ռոզա Ծառուկյանի արտադրած այլ բարիքներ: Հայաստանի բոլոր մարզերի շարքում վերջին սեղանը հենց Արցախի սեղանն էր, որի մոտ Սերժ Սարգսյանին հյուրասիրում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հյուրասիրությունից հետո պաշտոնատար անձինք մի քիչ էլ համերգ լսեցին եւ հեռացան՝ արդեն Սարդարապատի ռեստորանում «կարգին հաց ուտելու»:

Հայաստան-1918, Հայաստան-2008 եւ արտագաղթ

«Առավոտը» երեկ հետաքրքրվեց տոնակատարության մասնակիցներից. ա/ ինչո՞վ է տարբերվում 1918-ի Հայաստանը 2008-ի Հայաստանից եւ բ/ արդյոք իրենց չի՞ անհանգստացնում հետընտրական շրջանում սկսված նոր արտագաղթը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյան. «Մեր պետականության ստեղծման գործընթացը միմյանց լրացնում է եւ գալիս է հաստատելու, որ հայ ժողովրդի կամքը ազատ պետականության շնչի տակ ապրելն է եւ համայն հայությունը Հայաստանի շուրջ համախմբելը: Անշուշտ, կան առարկայական, աշխարհագրական, քաղաքական տարբերություններ, արդեն հայությունն ինքը տարբեր է, մենք վերապրող էինք եղեռնի, այսօր պետք է շարունակենք երթը եւ գոյություն դարձնենք արդար պետությունը»: Մեր հաջորդ հարցին նա պատասխանեց. «Մենք ցավում ենք, որ այդ դեպքերը պատահեցին, ցավում ենք, որ մեր հայրենի բնակչության մի շերտը տակավին չի ընդունել ընտրությունների արդյունքը, իսկ դա չի նպաստում երկրի կայունությանը եւ խաղաղությանը, բայց նաեւ հասկանում ենք, որ դա է քաղաքական ընդդիմության կեցվածքը»:

ԱԺ անկախ պատգամավոր, ԵԿՄ անդամ Ռուստամ Գրիգորյանը նույն հարցերին ի պատասխան ասաց. «Այն ժամանակ մեր պետությունը, մեր անկախությունը կորցրինք անկազմակերպ լինելու եւ միասնական չլինելու պատճառով: Տա Աստված, որ այս անգամ ե՛ւ միասնական լինենք, ե՛ւ կազմակերպված ձեւով կարողանանք պաշտպանել մեր երկիրը»: Արտագաղթի մասին մեր զրուցակիցը որեւէ ինֆորմացիա չուներ եւ հույս հայտնեց, որ սոցիալական վիճակը լավ կլինի, եւ գնացողները կվերադառնան:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան. «Ես վստահ եմ, որ մենք բավարար կամք կունենանք պաշտպանելու մեր երկիրը եւ բավարար ներուժ ու ռեսուրսներ ունենք, բայց նաեւ համեմատության մեջ պետք է ասենք, որ այսօր բոլորովին նոր որակի մարտահրավերներ կան, որ չկային 1918-ին, եւ սրանք հաղթահարելու համար էլ քաղաքական կամք ու վճռականություն է պետք, եւ ես վստահ եմ, որ դա էլ ենք անելու»: Արտագաղթի մասին պարոն Բաղդասարյանը ոչինչ չէր լսել:

Ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը մեզ հետ զրույցում ասաց. «1918 թվականի Հայաստանը առաջին անգամ պետականություն էր ձեռք բերում, եւ դա շատ մեծ, բարդ գործընթաց էր, համենայնդեպս, այս տարիներից մինչեւ այսօրվա Հայաստանը մենք շատ դասեր ստացանք, շատ բաներ հասկացանք, երկիրը ահագին ուժեղացավ, ճիշտ է՝ որոշակի վայրիվերումներ էլ ունեցանք, բայց այսօրվա Հայաստանը արդեն նորմալ պետություն է»: Իսկ նախագահական ընտրություններից հետո նոր որակով սկսված արտագաղթը չի անհանգստացնում ոստիկանապետի առաջին տեղակալին, քանի որ ինքը նման տվյալներ չունի. «Ես ինքս քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ եմ, հանձնաժողովը գործում է նախագահին կից, եւ այնտեղ մենք ենք լսում ե՛ւ քաղաքացիությունից դուրս եկողների, ե՛ւ քաղաքացիություն ստացողների հարցերը: Այդ հարաբերակցությունը էականորեն փոխվել է հօգուտ ներգաղթողների, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիություն այսօր ավելի շատ են ստանում, քան՝ հակառակը, եւ դա սկսվել է վերջին 1-2 տարիներին»:

ԱԺ անկախ պատգամավոր, պատմաբան Վիկտոր Դալլաքյանը մանրամասնեց երկու Հայաստանների ընդհանրությունները. «Առաջին Հանրապետության եւ 3-րդ Հանրապետության առջեւ կանգնած էին նույնատիպ խնդիրներ: Նաեւ Առաջին Հանրապետության ժամանակ գոյություն ուներ ժողովրդավարության պրոբլեմ, քանի որ 1919 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածելի էին, եւ քաղաքական համակարգը կայացած չէր։ Երրորդ Հանրապետության օրոք էլ բազմիցս տարբեր մակարդակի ընտրություններ կասկածահարույց են եղել, եւ ժողովրդավարության լուրջ պրոբլեմներ գոյություն ունեն: Երկրորդ նմանությունն այն է, որ մեր հարեւանների հետ Առաջին Հանրապետության օրոք ունեցել ենք լրջագույն պրոբլեմներ, այսօր եւս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք պրոբլեմներ: Լուծված չէ Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ապա, կարծում եմ, արտագաղթը մտահոգիչ է, համապատասխան փաստեր գոյություն ունեն, բայց ես լավատես եմ, որ գործող իշխանությունները անհրաժեշտ քայլեր պետք է անեն, եւ իմ լավատեսությունը պայմանավորված է, գուցե դա պարադոքսալ թվա, ժողովրդի այսօրվա քաղաքական ակտիվությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել