Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 07,2009 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

\"a\"

Գիրք յոթերորդ

Գլուխ քսանմեկերորդ

ՓՈՂՈՎ ԹՎԱՆՇԱՆ

 Եվ Սեյրանն ասաց՝ «գնամ՝ էդ պլյոնկեքը գտնեմ», եւ Աշոտը ժպտալով հարցրեց՝ «մկների՞», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «մկների ու մյուս կենդանիների» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «մեկ էլ տեսար՝ «Ծիծեռնակին» պետք էկան», եւ Աշոտը ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «էդ «Ծիծեռնակը» «Պիոներից» հատուկ առանձնացրել են, որ կարենան քո ֆոտոները ճոխ-ճոխ տպեն», եւ Սեյրանը ժպտալով ինձ ասաց՝ «էս Աշոտն իրա արեւին ինձ ձեռ ա առնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չգիտի, որ մի ամսից ձեր էդ «Ծիծեռնակը» ֆոտոժուռնալ եմ դարձնելու», եւ Աշոտը ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «էդ ժուռնալի առաջին համարը հունվարին նոր տպվելու ա», եւ Սեյրանը ծիծաղելով ասաց՝ «ուրեմն, հունվարի՛ց ֆոտոժուռնալ կդարձնենք», եւ Բասենցյանը ժպտալով ինձ ասաց՝ «Արմեն ջան, մեր Սեյրանից չեք կրնա պրծնեք», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «հաստատ ֆոտոժուռնալ կդարձնի», եւ ես ժպտալով ասացի՝ «չուզողը ե՛ս թող ըլնեմ», եւ Սեյրանն ինձ ժպտալով հարցրեց՝ «չես կորի, չէ՞», եւ ես հարցրի՝ «ո՞ւր պիտի կորեմ», եւ Սեյրանն ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ մեկ-մեկ մեզ կհիշես, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «շուտ-շուտ կհիշեմ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Արմենը հըլը պիտի ազատման մաղարիչն անի», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ազատման մաղարիչը Սեյրանի հետ են անելու», եւ Սեյրանը հեգնանքով Աշոտին ասաց՝ «շա՜տ կերազես», եւ Աշոտը հարցրեց՝ «մաղարիչի իմաստով ե՞ս ասում», եւ Սեյրանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ազատմանս իմաստով եմ ասում», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «տնաշենի տղա, Աշոտը որ ուզենար՝ արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատված կըլնեիր», եւ Սեյրանը մեղավոր ժպտալով ասաց՝ «հանաք եմ անում», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «ամեն հանաքի մեջ պզտիկըմ լուրջ կպարունակի», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «էս էդ դեպքը չի» եւ ձեռքն ինձ մեկնելով ասաց՝ «հաջողություն, Արմեն ջան», եւ ես Սեյրանի ձեռքը սեղմելով ասացի՝ «մերսի, Սեյրան ջան», եւ Անոն ժպտալով Սեյրանին ասաց՝ «ընենց ես տղի ձեռը սեղմում՝ կարծես Արմենին բանակ ենք ճամփում», եւ ես ժպտալով ասացի՝ «բանակից արդեն պրծել եմ», եւ Բասենցյանն ինձ ժպտալով հարցրեց՝ «բանակ տեղն է՞ր զոռ, թե՞ մեր էս խմբագրությունում», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ բարդ հարց եք տալիս», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «բանակում իրան զաստավիտ չեն արել, որ հոդված գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ա», եւ Սեյրանը նորից ինձ հարցրեց՝ «չես կորի, չէ՞, Արմեն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չեմ կորի», եւ Անոն ասաց՝ «ո՞ւր պիտի կորի. ամեն օր էլի գալու ա՝ կոֆե ա ուզելու», եւ Բասենցյանն ասաց՝ «Վանիկն ու Մելսիկն էլ գնացին, բայց համարյա ամեն օր էրեւան գը», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «իրանք հիմի ավելի շատ են էրեւում, քան՝ իրանց աշխատելու ժամանակ», եւ Անոն ասաց՝ «սրտները չի կտրվում», եւ Բասենցյանն ասաց՝ «Արմենի սիրտն էլ չի կտրվի», եւ Սեյրանն ասաց՝ «դե լավ, ես գնամ», եւ Անոն ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «մի ժամ ա ասում ես, բայց չես գնում», եւ երբ Սեյրանը ժպտալով գնաց, Աշոտը ժպտալով Անոյին հարցրեց՝ «հիմի ի՞նչ ես ասում», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ինչ ասում», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «մի հատ առանց Սեյրանի կոֆե չխմե՞նք», եւ Անոն ասաց՝ «էդ վերջինն առանց Սեյրանի խմեցիք», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «ինքը չէր խմում, բայց խանգարում էր», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն էր խանգարում», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «խմածներիցս բան չհասկացանք», եւ Անոն Աշոտին ասաց՝ «ինչի՞ ես Արմենի անունից խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտն ասած՝ ես էլ բան չհասկացա», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «որ մի քանի ամիս էդ «Ծիծեռնակում» աշխատես՝ նո՛ր մեր ղադրը կհասկանաս», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «ամեն օր Վանիկի ու Մելսիկի պես կուգա՝ կոֆե կուզի», եւ ես ժպտալով ասացի՝ «էս իսկականից վերջինն ա», եւ Անոն ժպտալով ասաց՝ «որ իմանամ վերջինն ա՝ չեմ էփի», եւ Աշոտը ժպտալով Անոյին ասաց՝ «Արմոն էսօրվա համար ա ասում՝ վերջինն ա», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «ինքն էլ Վանիկի ու Մելսիկի պես մեզնեն պոկ չի գա», եւ ես Անոյին ասացի՝ «քանի Դարբինյանը հետ չի էկել՝ մի հատ էլ կոֆե խմեմ ու գնամ», եւ Աշոտը հարցրեց՝ «կարող ա՞ Դարբինյանը կոֆե խմելն արգելել ա», եւ ես ասացի՝ «կմտածի՝ էս մարդը խի՞ շառը չի քաշում», եւ Բասենցյանն ասաց՝ «Դարբինյանին բոբո չսարքենք», եւ Անոն ինձ ասաց՝ «հետդ լավ էլ ժպտալով էր խոսում», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «կարող ա՞ ծեծեր», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «ծեծելու դեպքեր էլ են էղել», եւ ես ժպտալով ասացի՝ «հեռու մեզանից», եւ Բասենցյանն ինձ ասաց՝ «Դարբինյանը քեզի չէր կրնա ծեծեր», եւ Անոն Բասենցյանին հարցրեց՝ «կարող ա՞ Արմենը ֆիզիկապես Սեյրանից ուժեղ ա», եւ Բասենցյանն ասաց՝ «Սեյրանին էլ չի ծեծել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պռոստը քիչըմ իրար քաշքշել են», եւ Աշոտն ասաց՝ «Սեյրանին քաշքշելու համար Դարբինյանը լուրջ պատճառներ ա ունեցել», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչ լուրջ պատճառներ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ չխորանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Արմոյի մոտ չեմ ուզում մեր խմբագրության գաղտնիքներից խոսամ», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ Արմենն էդ գաղտնիքները չգիտի», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «ինչքան որ գիտի՝ հերիք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ «Ծիծեռնակի» գաղտնիքներից ձեր հետ չեմ խոսա», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «բայց «Ծիծեռնակի» ամենակարեւոր գաղտնիքը պիտի մեզ ասես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գաղտնիք», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պիտի ճշտես՝ իրանք լուսանկարչական լաբորատորիա ունե՞ն, թե՝ չէ», եւ ես ասացի՝ «հաստատ չունեն» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հետագայում էլ դժվար թե ունենան», եւ Բասենցյանը ծիծաղելով ասաց՝ «Սեյրանի խաթեր կստեղծեն», եւ Անոն իմ ու Աշոտի սուրճերը լցնելով ասաց՝ «ոնց որ էրեկ ըլներ», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Անոն ասաց՝ «Արմենի ընդունվելուց մի տարի ա անցել», եւ ես ասացի՝ «մի տարուց ավել ա անցել», եւ Բասենցյանն ասաց՝ «մի տարին ինչըղ արագ անցավ» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «աչքդ թարթես գը՝ տարին ծտի պես թռնի գը», եւ Անոն ժպտալով ինձ ասաց՝ «որ նոր էիր ընդունվել, շատ ամաչկոտ տղա էիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմի անամոթ ե՞մ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «էն վախտ ամաչում էիր կոֆե ուզես», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի էլ եմ ամաչում», եւ Անոն ժպտալով ասաց՝ «բայց ուզում ես», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «հիմի է՛լ չի ուզում. ես եմ իրա փոխարեն մի գլուխ քեզնից կոֆե ուզում», եւ ես ժպտալով Աշոտին ասացի՝ «ոչինչ. ես քո փոխարեն շատ եմ ուզել», եւ Անոն ժպտալով ինձ ասաց՝ «մեկ մի տարի առաջ էիր ըսենց ամաչկոտ, մեկ էլ՝ էսօր», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ մի տարի առաջ էի ըսենց հուզված, մեկ էլ՝ էսօր», եւ Անոն ժպտալով ասաց՝ «մենք էլ ենք հուզված» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ախր էս որոշումդ շատ անսպասելի էր», եւ Բասենցյանը հուզված ասաց՝ «մարդուն օր վարժվես գը՝ հետո բաժնվելը շատ դժվար է», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «մանավանդ Արմոյի դեպքում ա դժվար», եւ Անոն ասաց՝ «ընկեր Բասենցյանը Վանիկի ու Մելսիկի գնալն էլ շատ ծանր տարավ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Վանիկի գնալու օրը լաց էր ըլնում», եւ Բասենցյանը հանկարծակի հեկեկալով ասաց՝ «հիմի էլ կուզես լացացնե՞ս, Անո աղջիկ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «ըսենց հերթով գալիս՝ մեր մոտ մարդ են դառնում ու հետո հանգիստ խղճով թողնում գնում են», եւ Բասենցյանը թաշկինակն աչքերին տանելով ասաց՝ «աշխրքի օրենքն է» եւ հեկեկալով ավելացրեց՝ «ի՞նչ կրնաս էնես», եւ Անոն ժպտալով ասաց՝ «մենակ Աշոտն ա մեզ հավատարիմ մնում», եւ Բասենցյանն արցունքները սրբելով ասաց՝ «որ հարմար գործըմ ճարվի՝ վայ թե Աշոտն էլ դավաճանի», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «բախտներս բերել ա, որ Աշոտը չի կարում մկների մասին գրի», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «որ կարենայի՝ շուտ էի էստեղից փախել», եւ Բասենցյանը հեկեկալով ասաց՝ «փախե՜ք, փախե՜ք. գիտեք թե՝ ուրիշ տեղեր ձեզի մեղր ու կարագ կբաժնեն», եւ էդ պահին դուռը բացվեց, եւ դռան մեջ հայտնված Դարբինյանն ինձ ժպտալով ասաց՝ «դու դեռ էստեղ ե՞ս, այ տղա», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի գնում եմ, ընկեր Դարբինյան», եւ Դարբինյանը ժպտալով ասաց՝ «կգնաս էլ, կգաս էլ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «մենք էլ ենք էդ ասում, ընկեր Դարբինյան», եւ Դարբինյանը լրջանալով Աշոտին ասաց՝ «որ ազատվես՝ մի հատ կանցնես ինձ մոտ», եւ երբ Դարբինյանը գնաց, Անոն ժպտալով Աշոտին ասաց՝ «մկների հաշվով ա կանչում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Արմենը լա՜վ գլուխն ազատեց էդ մկներից», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «Արմոն հանրակացարանի մկներից պրծավ, բայց «Ծիծեռնակի» մկներից դժվար թե պրծնի», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «մկներից պրծում չկա», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «բայց «Ծիծեռնակի» մկները վտանգավոր չեն», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «էդիկ հետո կերեւա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես գնամ՝ քանի Դարբինյանը նորից չի էկել», եւ Բասենցյանը տեղից վեր կենալով ու ինձ համբուրելով ասաց՝ «հաջողություն, բալես» եւ արցունքները թաշկինակով սրբելով ասաց՝ «մեզի չմոռնաս», եւ Աշոտն ինձ համբուրելով ժպտաց ու ասաց՝ «չկորես, Արմո ջան», եւ Անոն ինձ համբուրելով ասաց՝ «հաջողություն, Արմեն ջան» եւ հուզված ավելացրեց՝ «չկորես, անշնորհք», եւ ես ժպտալով ասացի՝ «ընենց եք հուզվում՝ ոնց որ բանակ ճանապարհեք», եւ Անոն ձեռքով արցունքները սրբելով ասաց՝ «ուր էլ գնաս՝ վերջում էլի էստեղ ես պասադկա անելու», եւ Բասենցյանը թաշկինակով արցունքները սրբելով ասաց՝ «Վանիկի ու Մելսիկի պես», եւ ես ասացի՝ «հաջողություն» եւ ժպտալով ավելացրի՝ «ձեզանից շա՜տ շնորհակալ եմ» ու էդ ասելով՝ սենյակից դուրս թռա, որովհետեւ կոկորդս հանկարծակի սեղմվեց, եւ աստիճանների վրա արդեն հեկեկոցս բռնեց, եւ եթե Անոյի ու Բասենցյանի արցունքները չլինեին, պիտի մտածեի, որ սովորությանս համաձայն՝ էլի անտեղի ու անկապ եմ հուզվում ու հեկեկում, բայց Անոյի ու Բասենցյանի արցունքները եղել էին, ու ես ոչինչ չէի մտածում, ավելի ճիշտ՝ թաշկինակովս արցունքներս սրբելով մտածում էի՝ հանկարծ որեւէ մեկն ինձ էդ վիճակում չտեսնի, ու էդպես մտածելով՝ շարժվեցի անատոմիկի կողմ եւ, հիշում եմ, անատոմիկի մոտ իմ պատանեկության ընկեր Կարոյին տեսա, եւ Կարոն ինձ տեսնելով հարցրեց՝ «հո բան չի՞ պատահել», եւ ես ասացի՝ «ի՞նչ պիտի պատահեր», եւ Կարոն անատոմիկի կողմ նայելով ասաց՝ «եսիմ» եւ ինձ նայելով հարցրեց՝ «բա աչքերդ խի՞ են կարմիր», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի արեւից ա», եւ Կարոն նորից անատոմիկի կողմ նայելով հարցրեց՝ «բա էստեղ ի՞նչ ես անում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էստեղ եմ աշխատում», եւ Կարոն ծիծաղելով հարցրեց՝ «անատոմիկո՞ւմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս ինստիտուտի թերթում եմ աշխատում», եւ Կարոն ասաց՝ «հա. մի անգամ ասել էիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էնքան ուշ-ուշ ենք իրար տենում, որ իրարից խաբարություն չունենք», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ էս կողմերում ինչ ես անում», եւ Կարոն ասաց՝ «քննությունից եմ գալիս», եւ ես հարցրի՝ «ի՞նչ քննություն», եւ Կարոն ասաց՝ «մոռացե՞լ ես, որ տնտեսագիտականում եմ սովորում», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ թվում էր՝ արդեն ավարտել ես», եւ Կարոն ասաց՝ «մյուս տարի եմ ավարտելու», եւ ես ժպտալով ասացի՝ «էնքան ուշ-ուշ ենք իրար տենում, որ իրարից խաբարություն չունենք», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեղքը քոնն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բանաստեղծ դառնալուցդ հետո մեզ արդեն բանի տեղ չես դնում», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա բանաստեղծ դառել», եւ Կարոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «պապս» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ «Գարունի» մեջի ոտանավորները կարող ա՞ դու չես գրել», եւ ես ասացի՝ «էդ մի անգամն եմ տպել», եւ Կարոն ասաց՝ «տպել ես՝ լավ ես արել, բայց էդ չի նշանակում, որ հին ընկերներիցդ պիտի յան տաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ դու ես յան տվել», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «հիմի մի բան որ ասեմ, կերեւա՝ ով ա ումից յան տվել», եւ ես ասացի՝ «ասա», եւ Կարոն ժամացույցին նայելով ասաց՝ «իսկական վախտն ա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ վախտն ա», եւ Կարոն ասաց՝ «էս ժամին Աբոյի մոտ թարմ պիվա են ստանում» եւ ժպտալով ավելացրեց՝ «ե՛ս եմ պատիվ տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «համաձայն չեմ», եւ Կարոն լրջանալով ասաց՝ «հիմի էրեւաց՝ ով ա ումից յան տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «պիվա խմելուն համաձայն եմ», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ն համաձայն չես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես եմ պատիվ տալի», եւ Կարոն ուրախացած ասաց՝ «տեղում կորոշենք», եւ մենք քայլելով Չարենցով իջանք, եւ ճանապարհին Կարոն ասաց՝ «իմ պատիվ տալն ավելի ճիշտ կըլնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր օդից քսանհինգ մանեթ աշխատել եմ», եւ ես հարցրի՝ «ո՞նց ես աշխատել», եւ Կարոն ասաց՝ «էսօր վերջին ու ամենադժվար պարտքս եմ հանձնել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պարտք», եւ Կարոն ասաց՝ «քննություններից մի հատ պարտք ունեի» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ քննության համար հիսուն մանեթ էի նախատեսել, բայց քսանհինգ մանեթով նշանակեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չես պատկերացնի՝ ինչ յազվա դասախոս ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «արդեն հույսս լրիվ կտրել էի. մտածում էի՝ հիսունով էլ չի նշանակի», եւ ես զարմացած հարցրի՝ «փողով ե՞ն թվանշան նշանակում», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ էս աշխարհից չես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, իսկական բանաստեղծ ես», եւ ես ասացի՝ «լսել էի, որ փողով գնահատական են նշանակում, բայց, ճիշտն ասած, չէի հավատում», եւ Կարոն հարցրեց՝ «ձեր մանկավարժականում փողով հեչ չեն նշանակե՞լ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փողով՝ չէ, բայց ծանոթով նշանակում էին», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «փողով ստանալու համար էլ ա ծանոթը պարտադիր. ամեն մեկից փող չեն վեկալում», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց քսանհինգով նշանակեց», եւ Կարոն հարցրեց՝ «էս խոսակցությունը մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «ապասնի մարդ ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ եմ ապասնի», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, գրող ես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «հանաք եմ անում», եւ ես ասացի՝ «ասելիքդ ասա», եւ Կարոն ասաց՝ «պարտք ունեցողներս չորս հոգի էինք. էդ չորսս որ միացանք՝ չորսիս հարուրով նշանակեց», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց եք համոզել», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «մարդ ենք մեջ քցել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մարդ», եւ Կարոն ասաց՝ «էդ ինստիտուտի կոմսոմոլի քարտուղարն ընկերս ա. ինքը էդ դասախոսի հետ խոսացել ա, դասախոսն էլ հարուրով համաձայնվել ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մենք չորսով էրկու հարուր էինք նախատեսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ կոմսոմոլի քարտուղարին չորսով մի հատ ճոխ պատիվ որ տանք՝ ամեն մեկիս վրա տասը մանեթ հազիվ նստի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, էդ քննությունը վրեդ երեսունհինգ ա նստում, ոչ թե՝ քսանհինգ», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «որ հիսունով նշանակեր, էլի էդ քարտուղարին պատիվ տալու էինք» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ վախտ արդեն վրեքս ոչ թե երեսունհինգ կնստեր, այլ՝ վաթսուն», եւ ես ժպտալով ասացի՝ «կյանքից ահագին հետ եմ մնացել», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «իսկական բանաստեղծ ես», եւ ես ասացի՝ «ինձ թվում էր՝ էդ ինստիտուտն արդեն ավարտել ես», եւ Կարոն ասաց՝ «բանակից հետո հեռակա տեղափոխվա՝ դրա համար էսքան ձգձգվավ», եւ ես հարցրի՝ «բա խի՞ հեռակա փոխեցիր», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեռական ինձ ավելի ձեռնտու ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա ձեռնտու», եւ Կարոն պատասխանեց ու ասաց՝ «համ սովորում եմ, համ էլ աշխատում եմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ աշխատավարձ չստանայի՝ ո՞նց պիտի թվանշան ստանայի», եւ ես ասացի՝ «որ ստացիոնար սովորեիր, առանց փողի թվանշան կստանայիր», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իսկական բանաստեղծ ես», եւ ես ասացի՝ «մեր վախտ փողով թվանշան ստանալ չի էղել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանասիրականում հնարավոր ա էղած չըլնի», եւ ես ասացի՝ «որ ըլներ՝ հաստատ կիմանայի», եւ Կարոն հարցրեց՝ «էդ թերթում աշխատավարձդ ինչքա՞ն ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հարուր տասնհինգ», եւ Կարոն հարցրեց՝ «կողքից ուրիշ եկամուտ չկա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «էդ աշխատավարձովդ դժվար թե կարենայիր հեռակա ավարտես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «առանց աշխատավարձի եմ ավարտել», եւ Կարոն հարցրեց՝ «բա էդ բանաստեղծությունների համար փող չես ստացե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ստացել եմ», եւ Կարոն հարցրեց՝ «ինչքա՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «երեսունհինգ մանեթ հոնորար եմ ստացել», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «էդ հոնորարովդ մեր մոտ հազիվ մի հատ թվանշան կստանայիր», եւ ես ժպտալով ասացի՝ «կոմսոմոլի քարտուղարի ծախսերն էլ հետը հաշված», եւ Կարոն լրջանալով ասաց՝ «կրակը չընկանք՝ քեզ դավերիա արինք ու բան պատմեցինք», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր մեջ ա մնում», եւ Կարոն հարցրեց՝ «մի վախտ նկարում էիր, հետո ո՞նց էղավ, որ սկսեցիր ոտանավոր գրել», եւ ես ասացի՝ «բանասիրականում սաղ գրում էին՝ ես էլ գրեցի», եւ Կարոն հարցրեց՝ «բանասիրականում ոտանավոր գրելը պարտադիր ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Կարոն հարցրեց՝ «որ պարտադիր չի՝ խի՞ ես գրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «եսիմ», եւ Կարոն ասաց՝ «էդ «Գարունում» գրածներդ մի քանի անգամ կարդացի, բայց բան չհասկացա. շատ բարդ էիր գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձնից ավելի բարդ գրողներ էլ կան», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «մյուս անգամ որ գրես՝ մի քիչ պարզ գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «որ կարենամ պարզ գրեմ՝ կգրեմ», եւ Կարոն ասաց՝ «պարզ գրելն ավելի հեշտ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզ ա թվում», եւ Կարոն ասաց՝ «Սեւակին ասում են բարդ ա, բայց իրա գրածները ծերից ծեր հասկանում եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «Սեւակի գրածները ես էլ եմ հասկանում», եւ Կարոն ասաց՝ «դու էլ պիտի ըտենց գրես, որ քո գրածն էլ ուրիշները հասկանան», եւ ես ասացի՝ «Սեւակն արդեն ըտենց գրել ա», եւ Կարոն ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ հասկանալի պիտի գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ իմանայի կարդալու ես՝ հասկանալի կգրեի», եւ Կարոն ասաց՝ «ես ամեն տարի էլ «Գարուն» բաժանորդագրվում եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո պարզ կգրեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում՝ գրելը երեւի նկարելուց հեշտ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «գրելը հեշտ ա. պարզ գրելն ա դժվար», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բարդ նկարելն ավելի հեշտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «աբստրակտ խզբզում են՝ անունը դնում են նկար», եւ էդ պահին արդեն Մամիկոնյանի արձանի մոտերքում էինք, եւ Կարոն ասաց՝ «էս արձանը հավանո՞ւմ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարոն հարցրեց՝ «կարող ա՞ Սասունցի Դավիթի արձանի հետ համեմատես», եւ ես ասացի՝ «էրկուսի հեղինակն էլ Քոչարն ա», եւ Կարոն ասաց՝ «էրկուսի հեղինակն էլ Քոչարն ա, բայց իրար հետ չես համեմատի», եւ ես ասացի՝ «ամեն մեկն իրա տեղն ունի», եւ Կարոն ասաց՝ «ես աբստրակտ բաներ չեմ սիրում», եւ ես ասացի՝ «էս արձանն աբստրակտ չի», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դավիթի համեմատ լավ էլ աբստրակտ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «մինչեւ մի բակալ չխմենք՝ իրար չենք հասկանա», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «էսօր մի բակալով ինձանից չես պրծնի», եւ ես ասացի՝ «էսօր դու էլ ինձանից մի բակալով չես պրծնի», եւ Կարոն լրջանալով ասաց՝ «բայց հաշիվը ես եմ փակում», եւ ես ասացի՝ «արդեն պայմանավորվել ենք», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ ենք պայմանավորվել», եւ ես ասացի՝ «հաշիվը կիսովի ենք փակում», եւ Կարոն հարցրեց՝ «նեմեցկի շչո՞տ», եւ ես ասացի՝ «հա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր պես տղերքին չի սազում, բայց համաձայն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ թե՝ էրկու բակալից հետո չփախնես», եւ ես ասացի՝ «չեմ փախնի», եւ Կարոն ասաց՝ «հազար տարի կըլնի՝ իրար հետ մի բաժակ բան չենք խմել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բանաստեղծ դառնալուցդ հետո իրար հետ չենք խմել», եւ ես ժպտալով ասացի՝ «իրար հետ խմել ենք, բայց իրար հետ պոեզիայից ու արվեստից չէինք խոսացել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ հետներս կողմնակի մարդիկ են էղել», եւ մենք արդեն Աբոյի գարեջրատան՝ ձախից ամենավերջին սեղանն զբաղեցրել էինք, եւ Կարոն արդեն չորս գավաթ գարեջուր ու երկու ափսե սիսեռ էր բերել, եւ բոլորը մոտենում ու Կարոյին բարեւում էին, եւ ես ասացի՝ «հիմի էլի կողմնակի մարդիկ կհայտնվեն», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւր կհայտնվեն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեր սեղանին», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չհրավիրեմ՝ ո՞նց կհայտնվեն», եւ ես ժպտալով ասացի՝ «դու չես կարա չհրավիրես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հազար տարվա ընկեր ենք, բայց ինձ լավ չես ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ ինձ լավ չես ճանաչում», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «որ թաքուն-թաքուն բանաստեղծություններ ես գրել՝ ո՞նց կարայի ճանաչեի», եւ ես ժպտալով ասացի՝ «բանաստեղծությունը թաքուն են գրում», եւ Կարոն գավաթը գավաթիս խփելով ժպտաց ու ասաց՝ «թաքուն են գրում, բայց՝ պարզ» եւ նորից գավաթը գավաթիս խփելով ժպտաց ու ասաց՝ «չմեռանք՝ բանաստեղծ ընկեր էլ ունեցանք», եւ ես գավաթս Կարոյի գավաթին խփելով ասացի՝ «բարով տեսանք», եւ Կարոն գավաթը գավաթիս խփելով ասաց՝ «էս վերջին անգամ ենք չխկացնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պիվով չեն չխկացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու գավաթը գավաթիս խփելով ասաց՝ «բարով տեսանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել