Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՈՒԶԵՆ՝ ԿԱՇԽԱՏԵՆ

Փետրվար 14,2009 00:00

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը օրերս հանդիպել է Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ եւ պարզել, որ գործարանը կարող է մոտ ապագայում ընդհանրապես փակվել, ինչը Կապանում գործազրկության շեշտակի աճի կհանգեցնի: «Փետրվարի 19-ից Կապանի կոմբինատը ընդհանրապես կանգնեցվում է: Ըստ կոմբինատի տնօրենի, եթե մետաղի գները էականորեն չբարձրանան, իրենք ստիպված են լինելու կոնսերվացնել գործարանը: Փակում են ե՛ւ ֆաբրիկան, ե՛ւ մնացած բոլոր արտադրամասերը»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է Արթուր Աթայանը: Նա համոզված է, որ ճիշտ կառավարման դեպքում կոմբինատը կարող է շարունակել աշխատել. «Եղել են ժամանակներ, երբ ավելի ցածր է եղել մետաղի գինը: Պիտի անպայման փորձենք ամեն գնով ստիպել աշխատացնելու, որովհետեւ եթե կանգնեց, մոտ 1000 հոգի կմիանա գործազուրկների բանակին, ինչը բավական տխուր հետեւանքներ կարող է ունենալ»: Dino Gold Mining ընկերությանը պատկանող Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի 1500 աշխատակիցների 40%-ը, աշխատավարձի 2/3-ի պահպանմամբ, հարկադիր պարապուրդի էր ուղարկվել անցյալ տարվա նոյեմբերին, իսկ 300-ը ազատվել էր աշխատանքից: 2008 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ՀՀ հանքահումքային արդյունաբերության ոլորտի մյուս ձեռնարկությունները եւս գնացել են արտադրական ծավալների եւ աշխատուժի կրճատման՝ այդօրինակ քայլերը պայմանավորելով համաշխարհային շուկայում մետաղի գների անկմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել