Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «ռազբորկան»

Փետրվար 17,2009 00:00

\"\"Կամ՝ ունեցվածքի վերաբաշխման սկիզբ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժինը փնտրում է Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատեր, ՀՀԿ անդամ Վաղարշ Աբրահամյանի երկու որդիներից մեկին: Վերջինս կասկածվում է շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ադոնցի փողոցի վրա տեղի ունեցած ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային վնասվածքներով Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոն է տեղափոխվել երկու հոգի, այդ թվում՝ մեկ ՌԴ քաղաքացի եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Բաղյանը: Վերջինս դեռ գտնվում է վերակենդանացման բաժնում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ: Ա. Բաղյանը ստացել է ազդրոսկրի բազմաբեկորային եւ մեծաբեկորային կոտրվածքներ:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ երկու՝ «ապօրինի զենք» եւ «վնասվածքներ հասցնելու» հոդվածներով: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մեր աղբյուրներից հայտնի դարձավ նաեւ, որ միջադեպին մասնակցել է 10-ից ավելի մարդ, որոնցից միայն մեկն է, որ որպես կասկածյալ արդեն ձերբակալված է: Ի դեպ, ո՛չ այդ ձերբակալվածի, ո՛չ ոսկու շուկայի տիրոջ տղայի եւ ո՛չ էլ հիվանդանոց տեղափոխված ՌԴ քաղաքացու անունները մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, որովհետեւ, ինչպես ոստիկաններն են ասում՝ դա կխոչընդոտի նախաքննությանը: Բայց նկատի ունենալով նախեւառաջ այն հանգամանքը, որ նույն այդ աղբյուրները չեն բացառում, որ Վաղարշ Աբրահամյանը կարող է «մուծվել»՝ որդուն այս գործից «չոր» դուրս բերելու համար, մեզ թույլ է տալիս կասկածելու, որ իրավապահների «գաղտնապահության» պատճառը միայն նախաքննությամբ նրանց մտահոգված լինելն է: Վերջիններս, ըստ ամենայնի, պարզապես չեն ուզում «քար գցել» իրենց գործընկերների կողմից փող աշխատելու հեռանկարի վրա:

Հայտնի չէ նաեւ, թե ո՞րն է եղել ծագած վիճաբանության պատճառը: Միաժամանակ, չի բացառվում նաեւ այն, որ այդ միջադեպը առանձին պաշտոնյաներ կօգտագործեն ոսկու շուկայի սեփականատիրոջ դեմ պետական մակարդակով սկսված արշավի շրջանակներում: Հիշեցնենք, որ մասնավորապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս «սաստել էր» Վ. Աբրահամյանին, երբ վերջինիս պատկանող շուկայի աշխատակիցները ընդվզման փորձեր էին անում շուկայում ՀԴՄ-ների տեղադրման կառավարության ծրագրի դեմ: Հիշեցնենք նաեւ, որ հենց այդ օրերին տեղեկություններ էին շրջանառվում, թե իշխանությունները որոշել են Վ. Աբրահամյանին զրկել իր սեփականությունից, թերեւս, նաեւ այն պատճառով, որ նա կանգնած է եղել իր աշխատողների բողոքի ակցիայի թիկունքում: Այդ տեղեկությունները կարելի է հիմնավորված համարել նաեւ հիշյալ միջադեպի համատեքստում: Բանն այն է, որ «Առավոտի» տեղեկություններով, Վ. Աբրահամյանի ոչ թե մեկ, այլ երկու որդիներն են ակտիվորեն մասնակցել հիշյալ ծեծկռտուքին, որը տեղի է ունեցել ոչ այլ մեկի, քան՝ թաղային հայտնի հեղինակություն, նույն այդ շուկայի նախկին տեր ոմն «Սեպիկի» խմբի տղաների հետ: Մեր աղբյուրներն ասում են նաեւ, թե «թաղի նայող» «Կոմայգու Սեպիկի» եւ Վ. Աբրահամյանի միջեւ դիմակայությունը վաղուցվա պատմություն է, եւ որ «Սեպիկը» ոսկու շուկան իրենց վերադարձնելու իր հույսերը դեռ չի կորցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել