Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում կուսակցական կյանք չկա՞

Փետրվար 21,2009 00:00

Հայաստանում գրանցված մոտ ութ տասնյակ կուսակցություններից միայն 6-ը Ալավերդիում գրասենյակ ունի:

Հայաստանի ներքաղաքական կյանքը կենտրոնացած է մայրաքաղաքում: Այս տեսակետին են կուսակցությունների Ալավերդի քաղաքի տարածքային կառույցների ղեկավարները: Նրանց կարծիքով, Ալավերդի քաղաքն ու Թումանյանի շրջանի 30 համայնքները քաղաքական կյանքի մեռյալ գոտի են:

Այստեղ կուսակցություններից տարածքային կառույցներ ունեն կոալիցիոն բոլոր չորս՝ Հանրապետական, ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Ընդդիմադիր կուսակցություններից՝ ՀԺԿ-ն, «Ազգային միաբանությունը»: Հանրապետական կուսակցության գրասենյակները, ինչպես Ալավերդիում, այնպես էլ մնացած համայնքներում գտնվում են համայնքապետարաններում, դրանց ղեկավարներն էլ համայնքապետերն են: Առավել զավեշտական է իր մարտունակության մասին մշտապես կուրծք ծեծող եւ արդեն Դուբայում կառույցներ ստեղծող «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն Ալավերդի քաղաքում սկզբնական կազմակերպության ղեկավար չունի: Կուսակցության անդամ Արմեն Մուրադյանը մեզ տեղեկացրեց. «Արդեն քանի ամիս ասում են, ասում՝ կազմակերպության ղեկավար չեն ընտրում»: ՀՅԴ-ի Ալավերդու «Լալվար» կոմիտեի անդամ Ալբերտ Սարգսյանը տվեց իրավիճակի իր մեկնաբանությունը. «Մենք միշտ ընդգծել ենք, որ հանրապետությունը կարծես երկփեղկված է, Երեւանը զարգանում է այլ տեմպերով, իսկ մարզերը եւ համայնքները շատ ետ ընկած վիճակում են: Դաշնակցությունը կառավարությունում ունի նախարարներ, ԱԺ-ում՝ լուրջ խմբակցություն, դաշնակցությունը պատրաստ է ամեն մի համայնքի փաստարկված լուրջ պահանջները հայտնել եւ կառավարությանը, եւ ԱԺ-ին»:

«Ազգային միաբանություն» կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավար Վլադիմիր Բեկթաշյանը նույնպես այն կարծիքին էր, որ մայրաքաղաքում քաղաքական կյանքը բուռն է՝ հանրահավաքներով, մամուլի ասուլիսներով եւ այլ ակտիվ դրսեւորումներով, իսկ համայնքներում, մասնավորապես՝ Ալավերդիում, շատ գորշ է: Ըստ պարոն Բեկթաշյանի, դրա պատճառներից առաջինն այն է, որ համայնքներում ոչ միայն տնտեսական վիճակն է զրոյի հասցված, այլ նաեւ մարդկանց հետաքրքրությունները, իսկ կուսակցությունների ակտիվությունը խթանող նախապայմաններ չկան, բացի այդ՝ բնակչության ակտիվ մասը, այսպես կոչված, մտավորականները՝ մանկավարժները, բժիշկները, ձեռներեցները գիտակցաբար խուսափում են քաղաքական կուսակցությունների հետ համագործակցել, որովհետեւ գիտեն, վաղ թե ուշ ենթարկվելու են իշխանական կուսակցության ճնշմանը: «Վերջին 1-2 տարիներին ԱՄ-ի տարածքային մեր կառույցի գործունեությունը շատ պասիվ եմ գնահատում: Ինձ թվում է, առաջիկայում մենք պետք է վերանայենք մեր գործունեությունը»,- ասաց Վլադիմիր Բեկթաշյանը:

«Մեր կազմակերպությունը ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Մեզ գովելը մեր խնդիրը չէ: Կազմակերպության գրասենյակը եւ նրան կից Կանանց աջակցության կենտրոնը մշտապես գործում են եւ բնակչության մշտական հոսք կա: Մենք գիտենք, թե տարածաշրջանի որ համայնքում ինչ է կատարվում: Մեր տեղեկությունները միշտ թարմ են լինում: Կարծում եմ, գարնանը՝ օրերը տաքանալուն պես, մեր աշխատանքները կակտիվացնենք: Սակայն միայն մեզանով գործ չի լինի, կուսակցությունների մրցակցությունը եւ ակտիվությունը խիստ անհրաժեշտ են համայնքներում: Մայրաքաղաքի քաղաքական գործիչները նույնիսկ հանրահավաքների իրենց ելույթներում են մոռանում համայնքների քաղաքական մեկուսացման խնդիրները: Զավեշտական են կոալիցիայի անդամ կուսակցությունները, ընտրությունների շեմին դառնում են ընդդիմադիրներ, մնացած ժամանակ համր են ժողովրդի հոգսերի հանդեպ: Որ հարցնես՝ ամեն կուսակցություն երեւի մի 30 հազարից պակաս անդամ չունենա, բա ո՞ւր են այդ կուսակցությունները համայնքներում»,- ասաց ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության կազմխորհրդի անդամ Լ. Ռեսթեւանյանը:

Համայնքների պասիվ քաղաքական կյանքի իր մեկնաբանություններում առավել կոշտ էր ալավերդցի Վազգեն Պապոյանը. «Քաղաքական կյանք կա միայն Երեւանում: Համայնքներում քաղաքական կյանքը գործում է այնքանով, ինչքանով, ասենք, ինչ-որ շուստրի մարդիկ գնում են կուսակցությունների ֆիլիալ են բացում եւ իրենց համար անձնական խնդիրներ են լուծում: Օրինակ՝ «Բարգաված Հայաստանը», մի շուստրի մարդ էստեղից գնաց ու ասաց՝ ինքն ա ու ինքը: Ինձ թվում է, այս կուսակցությունը մեծապատիվ մուրացկանների կուսակցություն է: Հանրապետականը չինովնիկների կոնգլոմերատ է, կուսակցություն չէ: «Բարգավաճ Հայաստանը» սարքվեց, որ էն մարդիկ, ովքեր Հանրապետական չեն մտել, բայց ասում են՝ հա, մենք էլ կանք, մեզ էլ տվեք, մենք էլ ենք ձերը եւ այլն, եւ այլն, տեղ ունենան: Մինչդեռ մենք անկախ պետություն ենք, իրավական համակարգ ենք կառուցում, որի նպատակն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հետեւի, թե օրենքները ոնց են իրականացվում, ոչ թե ասի՝ ինձ էլ փայ տվեք, ինձ էլ փայ տվեք: Դրա անունը կուսակցություն չէ, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու բան ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել