Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ հիշում եմ՝ էս գործին եմ»

Փետրվար 26,2009 00:00

Շուրջ 10 տարի մուրացկանությամբ ապրող տիկին Մարիետան երեխա չի ունեցել, որպեսզի մի փող հավաքող էլ չավելանար:

\"\"
Տիկին Մարիետան մուրացկանությամբ է ապրում:

«Փող եմ հավաքում, որ կարողանամ իմ եւ հիվանդ ամուսնուս գոյությունը պահեմ, երկուսս էլ մանկուց 3-րդ կարգի հաշմանդամ ենք, յուրաքանչյուրս 8000 դրամ բազային թոշակ ենք ստանում, բայց այդ թոշակով միայն մանր-մունր ծախսերն ենք հոգում, իսկ հավաքածս գումարով հազիվ կարողանում եմ տան վարձը վճարել: Ամբողջ օրս փողոցներում եմ լինում, որ կարողանամ մի քիչ փող հավաքել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մարիետա Հարությունյանը: Նա արդեն 10 տարի իր ընտանիքի հիմնական եկամուտը մուրացկանություն անելով է ապահովում: Նրա հիմնական «աշխատավայրը» Երեւանի պետական համալսարանի շրջակայքն է: Տիկին Մարիետայի պատմելով, ուսանողները նրան շատ են օգնում: Ոչ միայն փող են տալիս, այլեւ՝ հագուստ ու ուտելիք:

«Ուսանողների հետ շատ եմ կապվել, նրանք են իմ միակ հարազատները: Նրանց շնորհիվ է, որ փողոցում չեմ հայտնվել, ուսանողների տված գումարներով եմ տան վարձը վճարում, բայց արդեն 3 ամիս չեմ վճարել, վերջնական ժամկետը մարտի 17-ն է: Ուսանողներն իմ հանդեպ միշտ էլ ուշադիր են, անգամ ծննդյանս օրը չէին մոռացել եւ տաք «դամաշնիկ» էին նվիրել»,- ասաց տիկին Մարիետան:

Նա 25 տարի հաշմանդամ ամուսնու հետ վարձով բնակվում է Քանաքեռում՝ նկուղային բնակարանում: Տան վարձն ամսական 30 հազար դրամ է: Կնոջ խոսքերով. «Տունը չենք կարողանում ջեռուցել, էդ ցուրտ բնակարանում ավելի ենք հիվանդանում, ու մեր ստացած թոշակը միայն դեղի է հերիքում»:

Տոն օրերին տիկին Մարիետան փող հավաքելու տարածքը փոխում է. «Միայն տոն օրերին եմ եկեղեցում փող հավաքում, մնացած ժամանակ համալսարանում եմ, այնտեղ ինձ լավ են ճանաչում, ինչ էլ լինի՝ օրվա հացիս փողը հավաքում եմ: Երեխա էլ չենք ունեցել, մենք հազիվ ենք յոլա գնում, երեխա ունենայի, որ մի փող հավաքող է՞լ ավելանար»:

«Ամուսինս հազվադեպ է ինձ օգնում, հիմնականում մենակ եմ փող հավաքում, հիմա էլ հիվանդ է, չեմ թողնում տնից դուրս գա: Ո՛չ կարողանում եմ երկար քայլել, ոչ էլ՝ երկար ժամանակ նստած մնալ, ստիպված սառը քարերին նստում եմ այնքան ժամանակ, մինչեւ ուսանողները դասի գան կամ դասամիջոցներին դուրս գան: Եթե փող չեն տալիս՝ ուրեմն չունեն, կան ուսանողներ, որ ամեն օր պարտաճանաչ տալիս են, ոմանք էլ ընդհանրապես չեն տալիս, բոլորին լավ ճանաչում եմ, գիտեմ՝ ով փող ունի, ով չունի»,- ասաց Մ. Հարությունյանը:

Սեփական երկրում գոնե սեփական բնակարան ունենալու՝ տիկին Մարիետայի բոլոր հույսերը վաղուց մարել են: Նրա խոսքերով. «Ինչ հիշում եմ՝ էս գործին եմ, ու ոչ մի լավ բան էլ չկա, միակ լավն այն է, որ էստեղ ուսանողների հետ ուրախ է ժամանակն անցնում, ու մի պահ մոռանում եմ, որ փող հավաքող եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել