Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ, ՈՐՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Փետրվար 27,2009 00:00

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր փոփոխությունները գործնականում ի՞նչ էական խնդիր կլուծեն

Խորհրդարանը երեկ 97 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը, որին ոչ ոք դեմ չքվեարկեց եւ ձեռնպահ էր միայն Տիգրան Թորոսյանը:

Լիակատար միաձայնության պայմաններում ընդունված այս նախագծում, սակայն, բավական փոփոխություններ կան, որոնք կարոտ են մեկնաբանության: Ասենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում սահմանել են փոփոխություն, ըստ որի՝ էրոտիկ եւ սարսափ ֆիլմերի պես «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» նույնպես կարող են եթեր հեռարձակվել միայն ժամը 24-6-ը։ Ըստ այդմ՝ օրվա ընթացքում չեն կարող ցուցադրվել ֆիլմեր, ասենք, պատերազմի մասին, քանի որ դրանք պարունակում են ակնհայտ բռնության տեսարաններ: Անգամ Ալլա Լեւոնյանի «Գնա ու կռվիր» երգի հոլովակը թերեւս չի կարող ցուցադրվել, քանի որ այնտեղ եւս կան ակնհայտ բռնության պատկերներ:

Սակայն մեզ առավել հետաքրքրում է, թե ինչպես են այս օրինագծում հետեւություններ արվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից՝ «Ա1+»-ի գործով, եւ հստակեցվել ու խստացվել ՀՌԱՀ լիազորությունները, ինչի մասին իր ելույթում պնդեց Արմեն Աշոտյանը:

Նախ՝ լիազորությունները խստացնելու մասին: Եթե գործող օրենքով սահմանված է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «օրենքի խախտման դեպքում, մինչեւ դատարանի որոշում կայացնելը, կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը», այժմ սահմանում են, թե ՀՌԱՀ-ը «uույն oրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները եւ (կամ) իր որոշումները չկատարելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտման դեպքում կաuեցնում է հեռուuտառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝  մինչեւ խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը»։ Ըստ այդմ, գործող օրենքն ավելի խիստ է: Այլ հարց է, որ ՀՌԱՀ-ն իր ողջ գործունեության ընթացքում ոչ մի անգամ չի գործադրել օրենքի այդ կետը՝ փաստացի անգործություն դրսեւորելով եթերում առկա բազմաթիվ խախտումների դեմ: Երեկ քննարկման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը նշեց. «Մենք կարողանում ենք հիանալի օրենքներ գրել: Բայց պրակտիկայում դա ոչնչով չի կիրառվում: Այս օրենքում այդ մեխանիզմները բացակայում են»:

Օրինագծի հեղինակները մի շարք լրացումներ են նախատեսել, ըստ որոնց՝ ՀՌԱՀ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ պիտի նաեւ հաշվի առնվի «հեռուստա եւ (կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը եւ դրա իրատեսականությունը», «ներկայացված հաղորդումների բազմազանությունը եւ դրանցում նորամուծությունների առկայությունը», «բազմակարծության խթանմանն ուղղված հաղորդումների հավանականությունը»: Նախ պարզ չէ, թե ինչպես է որոշվելու այդ իրատեսականությունը: Երկրորդ՝ կապուղիների մրցույթների առկա փորձն ապացույց է, որ հեռուստաընկերությունները կարող են ցանկացա՛ծ տեղեկանք բերել, ասենք, որեւէ բանկից, թե ներդրում է անելու (ինչպես վարվեց «Շարմը»՝ «Ա1+»-ի հետ մրցելիս), իսկ հետագայում այդ ներդրումները չլինեն: Հեռուստաընկերությունները մրցութային առաջարկներում բազմազան հաղորդումներ են նշում, որոնց 1/3-ն էլ հետո չեն հեռարձակում՝ կարող ենք նշել դրա բազմաթիվ օրինակները: Իսկ ՀՌԱՀ-ն էլ երբեւէ հետագայում չի վերահսկել մրցութային առաջարկներում տրված խոստումների, արտոնագրի պայմանների կատարումը: Համենայնդեպս՝ այդ պայմանները խախտելու համար որեւէ մեկը չի զրկվել արտոնագրից:

Հիմա ՄԻԵԴ վճռի մասին, որով որոշվեց, թե «Ա1+»-ին եթերազրկելու որոշումը պատշաճ հիմնավորված չի եղել։ Օրինագծի հեղինակներն այժմ սահմանել են, թե ՀՌԱՀ-ը պիտի ապահովի «բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը»։ Ընդամենն այսքանը:

Իսկ ի՞նչ հետեւություններ են արվել ԵԽԽՎ 1643 բանաձեւից, որի 10.2 կետում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում արված փոփոխության առնչությամբ, որով բոլոր մրցույթները չեղյալ հայտարարվեցին մինչեւ 2010 թվականը՝ նշված է. «Վեհաժողովն ընդգծում է, որ թվային հեռարձակման ներդրման տեխնիկական պահանջները չպետք է օգտագործվեն իշխանությունների կողմից Վեհաժողովի պահանջներին համահունչ հեռարձակման լիցենզիաների տրամադրման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու նպատակով»: Քննարկման ընթացքում օրինագծի համահեղինակ Անահիտ Բախշյանը հայտարարեց. «Այս նախագիծը հնարավորություն չի տալիս լուծելու «Ա1+»-ի հարցը, դրա համար ես եւ Արմեն Մարտիրոսյանը շրջանառության մեջ ենք դրել մի օրինագիծ, որով առաջարկում ենք չեղյալ համարել 2008թ. սեպտեմբերի 10-ին մեր ընդունած օրենքը, որով մինչեւ 2010-ը սառեցվում են հաճախությունների մրցույթները»: Իսկ Արմեն Աշոտյանը մեր դիտարկմանը, թե իրենց նախագծով որեւէ քայլ չեն արել՝ լուծելու 1643 բանաձեւով առաջադրված այդ խնդիրը, այսպես արձագանքեց. «Մեր նախագիծը նման խնդիր չի էլ դրել իր առջեւ: Նախագծի առջեւ դրված խնդիրները հստակ երեւում են 1643 բանաձեւում, որտեղ մամուլի գործունեությունը եւ ազատությունը ապահովող օրենսդրական բարեփոխումների խնդիրը տարանջատված է թվայնացման խնդիրներից»:

Հ. Գ. Երեւանի մամուլի ակումբը երեկ անդրադառնալով Ստեփան Զաքարյանին եւ Վահրամ Բաղդասարյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին ՀՀ նախագահի փետրվարի 20-ի հրամանագրին՝ իր բյուլետենում նշել է, թե խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 31 հոդվածի հետեւյալ պահանջը, ըստ որի՝ մրցույթում հաղթողներից մեկին նշանակելու մասին տեղեկությունը՝ «անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է ԶԼՄ-ներով»: Մինչդեռ հրամանագրի վերաբերյալ տեղեկության մեջ չկար անհրաժեշտ հիմնավորումը: ԵՄԱ-ն նաեւ հիշեցնում է, որ Վահրամ Բաղդասարյանը սեփականատերն է Վանաձորի «ՎաԲա» հեռուստաընկերության, որն այժմ կոչվում է «9-րդ ալիք»: Մինչդեռ օրենքի 29 հոդվածի համաձայն՝ ՀՀՌԸԽ անդամ չեն կարող լինել մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները, նաեւ՝ կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները: Իսկ Վահրամ Բաղդասարյանը գոնե 2007-ին «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ղեկավար մարմնի անդամ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել