Լրահոս
Օրվա լրահոսը

2009-ը` գայլապայքարի տարի

Փետրվար 27,2009 00:00

Գայլերն ու շնագայլերը լուրջ վնաս են հասցնում Ղարաբաղի տնտեսությանը: Այս առթիվ մտահոգված են ոչ միայն գյուղացիները, այլ նաեւ կառավարության անդամները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով 4 միլիոն դրամ է նախատեսվել գիշատիչների դեմ պայքարի համար:

Ամեն մի սպանված գայլի համար որսորդները ստանում են 25 հազար դրամ: Բայց քանի որ գայլերը դեռ շատ են անհանգստացնում, ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը առաջարկել է որսորդներին տրվող գումարը հասցնել մինչեւ 100 հազար դրամ, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն գայլեր որսալ: Կառավարությունում վստահ են, որ գայլերից եկող վնասն ավելին է, քան 100 հազար դրամը: Բայց գայլ որսալը դյուրին գործ չէ: «Անգամ շները զգալով գայլի հոտը, վերադառնում են ու թաքնվում որսորդի ետեւում»,- ասում է որսորդ Մ. Ավետիսյանը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում գիշատիչները Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղից օրը ցերեկով մոտ 20 ոչխար ու 5 խոշոր եղջերավոր անասուն են տարել, Մայրամաձոր գյուղից եւս՝ 7-8 մանր եղջերավոր անասուն: Գյուղացիները ոչ մի կերպ չեն կարողացել փրկել իրենց ապրուստի միջոցը: Կա նաեւ ողբերգական ավարտով պատմություն: Հադրութի շրջանի Արեւշատ գյուղում մի քանի ամիս առաջ, օրը ցերեկով գայլը գյուղացու բակից տարել է 2 տարեկան երեխային: Երեխային ազատելու են վազել մի քանի մարդ, գայլը հարձակվել է վրա հասած մարդկանց վրա: Արդյունքում՝ որոշ ժամանակ հետո մահացել են եւ երեխան, եւ նրան փրկողը:

Ղարաբաղում անասնահոտերը միշտ էլ գիշատիչների հարձակմանն են ենթարկվել: Տարբեր տարիների կազմակերպվել են գայլերի ու շնագայլերի որսեր: Անցյալ տարի որսորդները սպանել են 51 գայլ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել